Logo

Իրանական արդի պոեզիա

Հեղինակ
Աննա Անտոնյան
18:01 / 22.08.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
իրանական արդի պոեզիա

Նավը, որ ծովից չի վերադառնում,

կամ փոթորկի գերին է դարձել,

կամ նավավարի վշտի:

Ռեզա Քազեմի

***

Ի՜նչ տխուր է ձկնիկի ճակատագիրը,

երբ զույգի երազանքով օվկիանոս է հասնում, 

ուր կետերն են սիրահարվում նրան:

Ռեզա Քազեմի

***

Բան չես ասում սիրուց, 

սովորական բաներից 

եղանակի ցուրտ լինելուց,

անձրևից:

Երեխաների մասին ես հարցնում, 

ընկերների: 

Ո՛չ զեփյուռի մասին խոսք կա,

ո՛չ գարնան, ո՛չ հասմիկի մասին:

Այնուհանդերձ

զգում եմ, որ զգում ես:

Օմրան Սալահի

***

Այն, որ գիտեմ՝ չկա քեզ նմանը, 

ավելի սարսափելի է,

քան փաստը, որ դու չկաս:

Մորթեզա Դելավարի Փառիզի

***

Ստվերս հետևում է ինձ`

երբեմն դիմացից,

երբեմն կողքից,

երբեմն թիկունքից:

Ինչ լավ են

ամպամած օրերը:

Աբբաս Քիառոստամի

***

Այս երեկոն

ինչքան տխուր է,

ասես

բոլոր գնացքներով ու ավտոբուսներով

դու ես հեռանում:

Ռասուլ Յունան

***

Ամենամութ գիշերվա մեջ

փակուղու ամենավերջում

կավե պատին

Հասմիկ է ծաղկում: 

Աբբաս Քիառոստամի

***

Երանի փողոց լինեիր,

երանի մնայիր:

Ալիռեզա Ռոշան

***

Ծանր ձյուն տեղաց,

մի ծառ սիրունացավ,

մյուսը՝ կոտրվեց:

Շահաբ Մողառաբին

***

Նորալուսին,

գինի՝ հին,

ընկեր՝ նոր:

Աբբաս Քիառոստամի

***

Կյանքը կյանք է, 

Թող էդպես լինի։

Այսօր՝ իմ ձեռքում,

երեկ երեկոյան՝ քո,

վաղը ուրիշի ձեռքում։

Միայն հիշիր՝ երազանքները չեն մեռնում։

Սեյեդ Ալի Սալեհի

 

fastnews-ads-banner