Մարտի 8-ին Աշտարակի դրամատիկական թատրոնում կայացավ «Վատ շրջապատ» ներկայացման պրեմիերան: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Գոռ Մարգարյանի բեմադրած ներկայացման մեջ խաղում են Անահիտ Մանուկյանը (Մարթա), Քրիստինա Սիմոնյանը (Ջեսսի), Միշա Հակոբյանը (Նինա, Նեյթ), Մարիամ Ալեքսանյանը (Լիզ), Ամալ Դոլուխանյանը (Քլար) և Ջեմմա Ադամյանը (Սյու): Vnews Culture-ը Անահիտ Մանուկյանի հետ զրուցել է թատերական գործունեության, սիրելի ժանրի, բորտուղեկցորդուհու աշխատանքը թողնելու և հետագա գործունեության մասին:
Աշտարակի դրամատիկական թատրոնի և «Վատ շրջապատ» ներկայացման մասին
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ավարտելուց հետո Անահիտը խաղացել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ներկայացումներում: Առաջարկներ է ունեցել 2 այլ թատրոնից, սակայն խանգարել է երկրորդ մասնագիտությունը՝ բորտուղեկցորդուհու աշխատանքը: «Մեծ սիրով կընդունեի այդ առաջարակները, քանի որ թե՛ ներկայացումները, թե՛ ռեժիսորները բավական լավն էին, բայց չկարողացա: Գրաֆիկս թույլ չտվեց: Ստիպված դուրս եկա նաև տիկինկային թատրոնից, քանի որ ներկայացումները ժամանակատար էին: Ես էլ ժամանակի մեծ մասը թատրոնին էի տրամադրում», - պատմում է Անահիտը:
2023 թվականի նոյեմբերի 24-ին՝ մոտ 10 տարվա ընդմիջումից հետո, վերաբացվեց Աշտարակի դրամատիկական թատրոնը: Գեղարվեստական ղեկավարը Անահիտի կուրսղեկն է՝ Գոռ Մարգարյանը: «Գոռն ինձ համար Հայաստանի լավագույն ռեժիսորներից է թե՛ իր մտքերով, թե՛ ձեռագրով: Այդ պատճառով չէի կարող մերժել նրա առաջարկը: Ինձ ոգևորեց նաև այն միտքը, որ թատրոնում ընդգրկված են երիտասարդ դերասաններ: Կա նոր շունչ, նոր ձեռագիր: Բեմադրվում են նոր լուծումներով, տարբերվող և դինամիկ ներկայացումներ», - նշում է դերասանուհին և դժվարանում մեկ բառով ասել, թե ինչի մասին է «Վատ շրջապատ» ներկայացումը: «Ներկայացումը իսկական ընկերության և ազնվության մասին է: Սովորեցնում է ընդունել դիմացինին այնպիսին, ինչպիսին կա: Երևի նաև ճշմարտության մասին է: Միշտ չէ, որ ճշմարտությունը քողարկելը լավ ավարտ է ունենում», - ասում է Անահիտը:
«Իրականում «Վատ շրջապատ»-ում չեմ եղել (ծիծաղում է, - հեղ.), բայց ծանոթ եմ վատ շրջապատների: Մեր մասնագիտությունն այնպիսին է, որ հաճախ ենք այդպիսի միջավայրում հայտնվում ոչ թե այնտեղ մնալու, այլ ուսումնասիրելու նպատակով», - անկեղծանում է դերասանուհին:
Մարթայի կերպարի մասին
Դերասանուհին անկեղծանում է՝ Մարթայի կերպարն իր հետ բացարձակ կապ չունի: Պարզապես փորձել է լեզու գտնել կերպարի և իր հետ: Նույնիսկ դասեր է քաղել Մարթայից: «Որոշ դեպքերում մենք հանուն ընկերության անում ենք քայլեր, որոնք սխալ են ընկալվում: Պարզապես պետք է ազնիվ լինել ընկերության մեջ: Այս կերպարը նաև իմ ներսի սուր անկյունները հարթեց: Օրինակ, որ կարելի է սրտացավությունը ավելի մեղմ ձևով դրսևորել», - նշում է նա և պատմում նաև մասնագիտական ձեռքբերումների մասին: «Եթե անկեղծ՝ ներկայացումն ինձ տվեց ժանրային փորձառություն: Կատակերգությունում հանդիսատեսի հետ շփումը այլ է, դրամայում՝ ամբողջությամբ այլ: Այս ժանրում ավելի մտերիմ ես հանդիսատեսին», - վստահեցնում է Անահիտը:
Սիրելի տեսարանը
Անահիտի համար սիրելի են բոլոր դիալոգների տեսարանները, բայց առանձնացնում է ամենասիրելին. «Իմ ամենասիրելի հատվածը վերջին մոնոլոգի հատվածն է, երբ ես բացահայտում եմ նրբություններ իմ անձի մասին, որը մինչև այդ վարպետորեն քողարկել եմ նույնիսկ իմ ամենամոտ ընկերներից: Այդտեղ ամբողջությամբ անկեղծանում և բացվում եմ»:
Կատակերգական ժանրում ներկայանալու մասին
«Վատ շրջապատ»-ը կատակերգական ժանրի ներկայացում է: Անահիտը խոստովանում է՝ միշտ խուսափել է այդ ժանրից: «Իմ սիրելի ժանրը դրաման է: Միշտ մտավախություն եմ ունեցել և երբեք չեմ պատկերացրել ինձ կատակերգական ժանրում: Ստացվեց այնպես, որ մուտք գործեցի թատրոն հենց այդ ժանրում: Մի փոքր բարդ էր, բայց պրեմիերայից հետո հասկացա, որ ինձ շատ լավ եմ զգում կատակերգությունում: Ինձ այս ժանրում շատ ջերմ ընդունեց նաև հանդիսատեսը», - անկեղծանում է «Վատ շրջապատ» ներկայացման Մարթան:
«Վատ շրջապատ» ներկայացման դերասանական կազմի մասին
Ըստ Անահիտի՝ ներկայացումում ընդգրկված դերասաններից ոչ ոք թատրոնում պատահական չի հայտնվել: «Ես, Քրիստինան, Միշան և Ամալյան համակուրսեցիներ ենք: Ավարտել ենք Գոռ մարգարյանի արվետսանոցը: Ներկայացումը եղել է Ամալյայի դիպլոմային աշխատանքը: Երբ թատրոնում փնտրում էինք թեթև կատակերգական ներկայացում, հիշեցինք այդ գործը: Գոռն էլ բեմադրեց ներկայացումը», - հիշում է Անահիտը: Դերասանուհին պատմեց նաև իր ու Մարիամ Ալեքսանյանի ընկերության մասին: «Մարիամենց կուրսի դիպլոմայինի համար Գոռը բեմադրել էր «12» ներկայացումը, որտեղ խաղում էի նաև ես: Այդ ներկայացումից հետո ես ու Մարիամն ընկերացանք: Ստացվում է՝ «Վատ շրջապատ»-ը կառուցվեց այն մարդկանց շուրջ, ովքեր միմյանց ծանոթ են և ստացել են նույն ձեռագրով կրթություն», - նշում է Անահիտը:
Թատրոնի և կինոյի տարբերության մասին
Անահիտի խոսքով՝ թատրոնն ու կինոն անհամեմատելի են: Նշում է. «Տեսախցիկն ու բեմը իրարից շատ տարբեր երևույթներ են: Ընդհանրություն չեմ կարող գտնել ո՛չ դերասանական տեխնիկայի, ո՛չ էմոցիաների առումով: Երկուսն էլ առանձին-առանձին շատ սիրում եմ:
Բորտուղեկցորդուհու աշխատանքը թողնելու մասին
Մոտ 1 տարի Անահիտն աշխատեց բորտուղեկցորդուհի, սակայն ապրիլի սկզբին ավարտեց աշխատանքը «օդում»: Պատճառների մասին չի ցանկանում բարձրաձայնել. «Իհարկե, դժվարությամբ ձեռք բերված մասնագիտությանը շատ դժվար է հրաժեշտ տալ, բայց սա ավարտ չէ: Կարծում եմ հետագայում հետաքրքիր նորություններ կունենամ այս ոլորտում: Դեռ ոչինչ ասել չեմ կարող»:
Հետագա գործունեության մասին
Առաջիկայում հանդիսատեսը Անահիտին կտեսնի միայն Աշտարակի դրամատիկական թատրոնում: Բացի «Վատ շրջապատ»-ից դերասանուհին ընդգրկված է նաև Գոռ Մարգարյանի մեկ այլ՝ «Լյուսիեն Լյուկ» ներկայացման մեջ, որի պրեմիերան տեղի ունեցավ ապրիլի 29-ին: Աշտարակի դրամատիկական թատրոնում տարին սկսվել և շարունակվում է պրեմիերաներով: