Logo

Ինչպես պատերազմի ժամանակ Այվազովսկու կտավները ճանապարհ ընկան դեպի Երևան․․․

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:12 / 13.09.2022Ասում են․․․
Այվազովսկու կտավ

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գերմանական բանակը ներխուժեց Ղրիմ և 1941 թվականի սեպտեմբերի 30-ին գտնվում էր Թեոդոսիա քաղաքից ընդամենը 30 կմ հեռավորության վրա: Հենց նույն օրն էլ որոշում կայացվեց քաղաքից անմիջապես տարհանել մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու տուն-թանգարանում և նրա անունը կրող պատկերասրահում պահվող ամբողջ հավաքածուն:

Նավահանգստում դրանք բարձվեցին շոգենավ, որն ուղղություն վերցրեց դեպի խոր թիկունք: Նկարները հասան Կրասնոդար: Եվ հենց այստեղ ստացվեց Հայաստանի կառավարությանը կից արվեստի վարչության պետ Շահինյանի հեռագիրը: Նա գրում էր, որ Հայաստանը պատրաստ է ի պահ ընդունել իր տաղանդավոր զավակի թանկագին ժառանգությունը:

Պահպանվել է այդ օրերին կազմված հանձնման-ընդունման թիվ 107 ակտը` թվագրված 1941թ. նոյեմբերի 21-ի ամսաթվով: Այդ փաստաթղթից տեղեկանում ենք, որ Հայաստան էր առաքվում 15 խոշոր արկղ: Իսկ 1942-ի սկզբին բեռն արդեն Երևանում էր: Ղրիմից ժամանածներն ապշած էին, թե հայերն ինչպիսի բծախնդրությամբ էին նախապատրաստվել ու ինչպիսի հոգատարությամբ էին շրջապատել Այվազովսկու աշխատանքները:

Պատերազմական այդ ծանր տարիներին Երևանում ոչ միայն կազմակերպվեցին Այվազովսկու գործերի մի քանի ցուցադրումներ, այլև հրատարակվեցին կատալոգներ, տպագրվեցին պլակատներ, նույնիսկ վավերագրական ֆիլմ նկարահանվեց: Վկայություններ կան, որ առաջին ցուցադրությանն այնպիսի հսկայական բազմություն էր հավաքվել, որ սրահները նեղ էին մարդկային հոսքի առաջ: Այդ օրը շատերի պես պատկերասրահ են այցելել նաև Ավետիք Իսահակյանն ու Մարտիրոս Սարյանը:

Շուրջ երեք տարի կտավները մնացին Հայաստանում: 1944 թվականի գարնանը Ղրիմն ազատագրվեց: Եկավ ետ դառնալու պահը: Սեպտեմբերի 30-ի ամսաթվով թվագրված մի փաստաթղթից տեղեկանում ենք, որ հանձնարարական է տրվել այն մասին, որ հոկտեմբերի կեսին տրամադրվի մեկ փակ վագոն` կտավները Երևանի կայարանից Թեոդոսիայի կայարան տեղափոխելու համար: Այվազովսկու կտավները կրկին տեղադրվեցին հատուկ արկղերի մեջ և ճանապարհ ընկան դեպի Ղրիմ: Այդ ընթացքում հատուկ հանձնարարական հեռագիր էր առաքվել բոլոր պետական մարմիններին, որոնցից պահանջվում էր ամեն կերպ աջակցել թանկագին բեռն անվնաս տեղ հասցնելու հարցում:

Հայտնի է, որ գնացքը Երևանից մեկնել է հոկտեմբերի 20-ին: Մեկնումից առաջ Թեոդոսիայի պատկերասրահի տնօրենը «Կոմունիստ» թերթում տպագրեց իր երախտիքի խոսքը` հասցեագրված Հայաստանի իշխանություններին և հայ ժողովրդին: Իսկ ղրիմցիներից մեկն իր հուշերում գրել է. «Մեզ ճանապարհելը շատ հուզիչ էր: Երբեք` ո՛չ նախկինում, ո՛չ դրանից հետո, մեզ հրաժեշտ չեն տվել այդքան ջերմությամբ ու անկեղծությամբ: Ստանալով վագոնը, որտեղ տեղադրվեցին արկղերը, ստանալով ուտելիքի պաշարը, որով մենք հետո սնվեցինք մոտ մեկ տարի, ստանալով դեղերը` հնարավոր հիվանդության դեպքերի համար, մենք մնաս բարով ասացինք բարի մարդկանց, հյուրընկալ Երևանին և բռնեցինք ետդարձի ճանապարհը»: Վերադարձը տևեց երեք շաբաթ: Գնացքը նկարներից բացի տանում էր նաև շինարարական նյութեր, որոնք անհրաժեշտ էին լինելու ավերված պատկերասրահը վերականգնելու համար:

1944 թ. դեկտեմբերի 13-ին «Պրավդա» թերթը գրեց. «Այվազովսկու կտավները վերադարձվել են Թեոդոսիա: Պատերազմի սկզբին դրանք տարվել էին նախ Կրասնոդար, ապա Երևան: Թեոդոսիայի պատկերասրահում, որն ավերել էին գերմանացի զավթիչները, ամբողջական վերանորոգում էր կատարվել, և կտավները վերստին կներկայացվեն լայն ցուցադրության»:

1945 թ. մայիսի 2-ին պատկերասրահը բացեց իր դռները: Այդ օրը Թեոդոսիայում ստացվեցին հարյուրավոր շնորհավորական հեռագրեր: Դրանց թվում բազմաթիվ հեռագրեր կային նաև Հայաստանից:

Այս պատմությունն ավարտենք ևս մի փաստաթղթի հրապարակմամբ` ստորագրված ԽՍՀՄ ֆինանսների մինիստրության աշխատակցի կողմից: Այնտեղ ասվում է․ «Ընդհանուր առմամբ Հայաստան (քաղաք Երևան) է տեղափոխվել և այնտեղից վերադարձվել 1459 արվեստի ստեղծագործություն: Էվակուացիայի ընթացքում կորուստներ չեն եղել»:

Այո, կորուստներ չեն եղել: Իսկ պատերազմի ժամանակ այդ բառերն այնքան հազվադեպ էին հնչում…

 

Աղբյուր՝ ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

fastnews-ads-banner