«Սայաթ-Նովան մեկն է այն առաջնակարգ բանաստեղծներից, որոնք իրենց հանճարի զորությամբ դադարում են մի ժողովրդի սեփականը լինելուց և դառնում են համայն մարդկության սիրելին»:
Վալերի Բրյուսովի խոսքերն արտացոլում են այն սերը, որը տարբեր ազգեր տածել են միջնադարյան հայ բանաստեղծ-աշուղի նկատմամբ: Իսկ ինչպե՞ս է մահացել Սայաթ-Նովան: Որտե՞ղ և ի՞նչ հանգամանքներում: Նրա մահվան 229-րդ տարելիցի կապակցությամբ «Fast News Culture»-ը ներկայացնում է ողբերգական մահվան մանրամասները:
Դեռ մանուկ հասակում Հարություն Սայադյանը (Սայան-Նովա) երգում էր եկեղեցու երգչախմբում։ Գևորգ Ախվերդյանը գրում է. «Սայաթ-Նովայի տխրության պատճառը ահեղ դատաստանից երկյուղ կրելն է, փարատելու համար այդ, նա մտածում էր վանք մտնել, սիրել անապատ, վանք, քար։ Ձանձրացած կյանքի վայելչություններից, որոշում է վանք մտնել, իր զավակներին թողնելով Թիֆլիսում, գնում է Հաղպատ և դառնում կրոնավոր»։
Կնոջ` Մարմարի մահից հետո, 1768 թվականին, Սայաթ-Նովան Հաղպատի վանքում ընդունում է վեղար և այստեղ էլ մեռնում։ Երբ լսում է Աղա-Մահմեդ խանի մոտենալը Թիֆլիսին, Սայաթ-Նովան հիշում է իր զավակներին` Մելիքսեդին և Օհանին, Սառային և Մարիամին, գալիս է Թիֆլիս ու նրանց ուղարկում Մոզդոկ, իսկ ինքը վերադառնում է Հաղպատ։ Պարսիկները մտնում են քաղաք և ավերում ու կողոպտում, այնուհետև հարձակվում Հաղպատի վրա, մտնում վանք, որտեղ աղոթում էր Սայաթ-Նովան։ Նրանք պահանջում են, որ Սայաթ-Նովան ուրանա իր հավատը, բայց նա մերժում է՝ ասելով.
«Եկեղեցուց չեմ դուրս գալ, չեմ ուրանա Հիսուսին»։
Պարսիկ զինվորները սպանում են հենց եկեղեցում 1795 թվականի սեպտեմբերին։
Աղբյուրը՝ Ա. Գ. Առաքելյան՝ «Հայ ժողովրդի մտավոր մշակույթի զարգացման պատմություն», երրորդ հատոր: