Մեկ բաժակ թեյ, երաժշտություն և լավ գիրք․ աշնանային երեկոներն ավելի ջերմ ու խաղաղ դարձնելու համար լավագույն տարբերակը։ Իսկ ի՞նչ կարդալ աշնանը՝ խորհուրդ է տալիս «Զանգակ» հրատարակչությունը։ Տարբեր նախասիրություններ ունեցող և տարբեր գրական ժանրեր նախընտրող մեր ընթերցողներն այս ցանկում հաստատ կգտնեն այն, ինչ պետք է իրենց այս պահին։ Ընթերցեք հատվածներ ներկայացվող գրքերից ու ընտրեք գիրքը կամ գրքերը, որ ձեր ուղեկիցն են լինելու այս աշնանը։
«Օրվա մնացորդը»
«Գրքեր, առանց որոնց դու չես կարող ապրել», «1000 գիրք, որոնք պետք է կարդալ», «20-րդ դարի անգլալեզու լավագույն վեպերից մեկը»․․․ սրանք միայն մի մասն են այն գրացանկերի, որտեղ ներառվել է ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող Կազուո Իշիգուրոյի «Օրվա մնացորդը» վեպը։ Հենց «Օրվա մնացորդն» է Նոբելյան մրցանակակիր հեղինակի համար գրական համբավ ապահովել։
Վեպի գլխավոր հերոսը ծառայապետ Սթիվնսն է, որ մի ամբողջ կյանք է նվիրել տիրոջը ծառայելով։ Նրա հուշերն ընթերցողին տեղափոխում են անցյալ՝ ցույց տալով մարդկային փխրուն, անդառնալի կյանքը՝ լի կարոտով, կորուստներով ու բաց թողած հնարավորություններով: Գիրքը կհուզի և մտորելու, կյանքին այլ տեսանկյունից նայելու հնարավորություն կտա։
Մեջբերում
«Երբ արձագանքեցին լեռները»
Մասնագիտությամբ բժիշկ Խալեդ Հոսեյնին Աֆղանստան կատարած իր մի այցի ժամանակ լսում է բազմաթիվ պատմություններ ցրտահարությունից մահացող երեխաների մասին։ Հենց այդ ժամանակ էլ որոշում է գրել «Եվ արձագանքեցին լեռները» վեպը, որն էլ նրան համաշխարհային հռչակ բերեց։
Քաբուլ տանող փոշեպատ ճանապարհին երկու երեխա՝ եղբայր ու քույր, վերջին ժամերն են անցկացնում միասին: Այնուհետև Փարիին վիճակված է ապրել տնից շատ հեռու։ Դա է աղքատ ընտանքի մյուս երեխաների ապրելու միակ հնարավորությունն ու գինը։
Նրանց կյանքի հետագա տարիները շրջանակվում են նվիրումի, անգթության և վերադարձի պատմություններով, մինչ Աֆղանստանում կյանքը շարունակվում է աղետալի շրջադարձերով լի։ Բայց հիշողության կամուրջն այդպես էլ չի այրվում։ Վեպի 9 գլուխները պատմում են վեպի 9-ը հերոսներ, որոնց կյանքը շաղկապված է անտեսանելի, բայց ամուր թելերով։
Մեջբերում
Կորսվել է:
Անհետացել:
Ոչինչ չի մնացել:
Էլ ասելու բան չի մնացել:
Միայն Փարվանան կարողացավ մի երկու բառ արտաբերել:
-Դա քույրդ պիտի լիներ: Կներես, Աբդուլլա, հենց նա պիտի լիներ, ուրիշ ոչ մեկը:
Երբեմն կտրում ես մատը, որ պահպանես ձեռքը:
«Աղախնի պատմությունը»
Ինչպիսին կդառնա աշխարհը, եթե բացակայի ՍԵՐԸ։ Չլինեն ռոբոտներ, բայց գերակշռեն մարդիկ, որոնք ունենան որոշակի ու հստակ գործառույթներ միայն, որոնք դարձել են հզոր մեքենայի փոքրիկ մասնիկներ, որ ապահովում են դրա ընթացքը․․․
Եթե հակաուտոպիական ժանրը ձեզ հետաքրքրում է, ապա «Աղախնի պատմությունը» համաշխարհային բեսթսելլերի մասին վստահաբար լսած կամ ֆիլմը տեսած կլինեք։ Բայց լսելն ու տեսնելը բավական չէ։ 20-րդ դարի ամենանշանավոր գրական ստեղծագործություններից համարվող այս վեպը պարտադիր պետք է կարդալ։
Մարգրեթ Աթվուդի հանրահայտ վեպը ապագայի մասին սարսափազդու, բայց և իրատեսական նախազգուշացում կարելի է համարել։ Վեպն արժանացել է բազմաթիվ, այդ թվում՝ Բուքերյան մրցանակի։ Ինչպես ասվում է գրքում՝ կարդացեք, քանի դեռ թույլատրված է։
Մեջբերում
«Աստղեր նվիրողը»
Աշունը սիրո եղանակ է։ Եթե սիրում եք լսել ռոմանտիկ երաժշտություն ու նայել պատուհանի վրայով հոսող անձրևի կաթիլներին, անպայման կարդացեք Ջոջո Մոյեսի «Աստղեր նվիրողը» վեպը։ Սեր ու բաժանում, հիասթափություն ու նոր ձեռքբերումներ, ընտանեկան բռնություն ու կանացի իրական ընկերություն․․․Սրանք միայն մի մասն են թեմաների, որոնք ընկած են վեպի սյուժեի հիմքում։
Վեպի հերոսուհիները Քենթաքիի փոքրիկ Բեյլիվիլ քաղաքում ապրող շրջիկ գրադարանավարուհիներ են, որոնք մեծ առաքելություն ունեն։ Պայքարում են կանանց իրավունքների համար, իսկ ավելի լուսավոր կյանք հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե կրթված մարդիկ շատ լինեն։ Նրանք ձիերով շրջում են Քենթաքիի լեռներում և գրքեր տանում տեղի բնակիչներին։ Հերոսուհիներից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, իրար նման ու այնքան տարբեր․․․
The New York Times-ի ամենավաճառվող գրքերի ցանկում ավելի քան 30 շաբաթ տեղ գտած բեսթսելլերի հիմքում, ի դեպ, իրական պատմություն է։ Գրքի հերոսուհիների նախատիպերը Packhorse library project շրջիկ գրադարանի հինգ գրադարանավարուհիներն են, որոնք 1935-1943 թվականներին գիրք են հասցրել ավելի քան 100,000 բնակչի, սպասարկել 155 դպրոց:
Մեջբերում
_________________________________
Թեև ցերեկները կարճացել էին, օրը տարօրինակ ու երկար թվաց: Փոքրիկ գրադարանի մթնոլորտը անորոշությամբ էր լցված, Էլիսը ասես ինչ–որ մեկին կամ ինչ–որ բանի էր սպասում: Հարվածի տեղերը նախորդ գիշեր այդքան էլ չէին ցավում: Հիմա, սակայն, հասկանում էր, որ դա իր մարմնի արձագանքն էր ցնցմանը: Անցնող ժամերի հետ նրա մարմնի տարբեր հատվածներ սկսեցին այտուցվել ու կարծրանալ, իսկ գլխի այն հատվածը, որը հանդիպել էր Վան Քլիվի մսոտ բռունցքին կամ անգութ սեղանին, ծանր տրոփում էր:
— Ապուր եմ բերել,— ասաց նա՝ կտորի մեջ փաթաթված պնակը դնելով գրասեղանին,— մտածեցի՝ քաղցած կլինեք:
Այդ պահին միայն Ֆրեդը տեսավ նրա դեմքը: Էլիսը Ֆրեդի դեմքին նկատեց ցնցում, որը նույն ակնթարթին վերածվեց ավելի մռայլ ու ավելի բարկացած արտահայտության:
«Մեծն Գեթսբի»
Գեղեցիկ ու ճոխ երեկույթներ, սեր ու դավաճանություն․․․
Խորհրդավոր մեծահարուստ Գեթսբին պատրաստ է ամեն ինչի՝ նախկին սերը վերագտնելու և սիրելիի հետ նորից մեկ անգամ հանդիպելու համար։ Հարյուրավոր աչքերի մեջ նա մի օր նշմարում է իրեն հանգիստ չտվող ու այնքան հարազատ աչքերը։
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի գլուխգործոցը՝ 20-րդ դարում անգլերենով գրված 100 լավագույն գրքերի ցանկում երկրորդ տեղը զբաղեցրած «Մեծն Գեթսբին», արդիականությունը չի կորցնում նաև այսօր։ Ամերիկյան մեծագույն վեպը կլրացնի ու կջերմացնի աշնանային երեկոներն ու կօգնի հայտնվել ջազի դարաշրջանում։
________________________________
Երբ նստած մտորում էի հին, անծանոթ աշխարհի մասին, հիշեցի նաեւ Գեթսբիին, որն առաջին անգամ հրճվանքով զանազանեց Դեյզիի տան դիմացի նավամատույցի կանաչ լույսը։ Նա երկար ճանապարհ էր անցել՝ հասնելու իր կապույտ սիզամարգին, և նրան իր երազն այնքան մոտ էր թվացել, որ հազիվ թե կարողանար հասնել դրան։ Նա չգիտեր, որ այն հետևում է մնացել ՝ քաղաքից դուրս՝ ինչ-որ տեղ՝ հեռաստաններում, այնտեղ, որտեղ Ամերիկայի դաշտերն էին ձգվում երազկոտ մթության մեջ։