Ինքնամեկուսացման և կարանտինի շրջանը շատերն օգտագործում են ինքնակրթվելու, գրքեր կարդալու, որակյալ աուդիո և վիդեոկոնտենտ սպառելու, մասնագիտական հմտություններն ու հատկանիշները բարելավելու համար։ Vnews-ն առաջարկում է ուշադրություն դարձնել տվյալ հոդվածում ներկայացված հարթակներին, որտեղ աշխարհի տարբեր անկյուններում ապրող կինեմատոգրաֆի մասնագետների շնորհիվ կարելի է ծանոթանալ կինոյի պատմությանն ու տեսությանը, ինչպես խորապես, այդպես էլ ավելի մակերեսային։
Փենսիլվանիայի համալսարանի դասընթացը Հոլիվուդի պատմության մասին
Փենսիլվանիայի համալսարանը Միացյալ Նահանգներում լավագույններից է, մտնում է ամենաէլիտար համարվող «Բաղեղի լիգա»՝ ամերիկյան մասնավոր ութ համալսարանների միավորման մեջ:
Կորոնավիրուսի պատճառով հաստատությունը բացել է շուրջ 500 կուրսի օնլայն մուտք բոլոր ցանկացողների համար։ Չորս շաբաթանոց «Հոլիվուդի պատմություն» դասընթացը պատմում է կինոստուդիաների ստեղծման, դերասանական և ռեժիսորական սև ցուցակների, անկախ կինոյի զարգացման և քաղաքական անցուդարձի ու Հոլիվուդի կապի մասին։ Դասախոսությունը կարդում է կինոյի պատմաբան և կինոգետ Փիթեր Դեչերնին։

«Սինխրոնիզացիա» նախագծի դասընթաց
«Սինխրոնիզացիա»-ի կուրսը բաղկացած է կարճ վիդեոդասերից, որտեղ պատմաբանն ու մշակութաբանը վերլուծում են կինոյի պատմությունը 10 ֆիլմի օրինակով և ոչ միայն։ Բազային կուրսը իր մեջ ներառում է նաև հավելյալ թեստեր, որոնք հիշեցնում են հին ու բարի դպրոցականները։ Կինոդասերի մասին պատկերացում կամզելու համար կարող եք այցելել նախագծի պաշտոնական կայք՝
https://online.synchronize.ru/cinema_films
Arzamas-ի դասընթացը վավերագրական կինոյի մասին
Arzamas-ը վերջին տարիների լավագույն ռուսալեզու հարթակներից է, աուդիո և վիդեո կոնտենտի շնորհիվ մշակույթի, արվեստի և գրականության պոպուլյարիզացիայի մեղավորներից մեկը։ Այս դասընթացում սցենարիստ Ելենա Վանինան և հրավիրյալ մասնագետները՝ լրագրողները, ռեժիսորները, մշակութաբանները, վերլուծում են առանցքային վավերագրական ֆիլմեր։ Օրինակ՝ օսկարակիր Ջեյմս Մարշալի, Մալիք Բենջելուլի, Էրոլ Մորիսի և մյուս կարևոր օսկարոնոմ (և ոչ միայն) դոկումենտալիստների ֆիլմերը։ Բացի այդ, ներկայացված են նաև հայտնի ռեժիսորների անհայտ՝ ոչ խաղարկային ֆիլմերի ցանկերն ու վավերագրական կինոյի ենթաժանրերը։
https://arzamas.academy/courses/67

«Մոսֆիլմի պատմությունը» Google Arts & Culture հավելվածում
Google Arts & Culture-ը հիանալի անվճար հավելված է ինչպես վիզուալ արվեստով հետաքրքվողների, այնպես էլ մասնագետների համար։ Բացի հռչակավոր նկարիչների կտավներից, օնլայն թանգարաններից և բազմաթիվ արվեստաբանական հոդվածներից, հավելվածը ներկայացնում է նաև «Մոսֆիլմ» կոնցերնի պատմությունը՝ 1924 թվականից 2014-ն ընկած ժամանակահատվածը։ Արխիվային լուսանկարների շարքում կտեսնեք տարբեր մեծ ֆիլմերի հազվագյուտ կադրեր, որոնք մինչ օրս համացանցում լայն տարածում չեն ունեցել։


