Logo

«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» և «Գոմեշը» ներկայացումները՝ ամերիկյան բեմում

Հեղինակ
Նարինե Մելիքյան
23:38 / 28.03.2025Լուրեր
null

Նարինե Գրիգորյանը պատրաստվում է ամերիկյան հյուրախաղերի։ Դերասանուհին ԱՄՆ-ի հանդիսատեսին կներկայանա «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» և «Գոմեշը» ներկայացումներով։ Առաջինը կկայանա ապրիլի 11-ին, երկրորդը՝ ապրիլի 12-ին։ Հնարավոր է «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացումը բեմ բարձրանա նաև ապրիլի 13-ին։ ««Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» ներկայացումը խաղացել էի եվրոպական մի շարք երկրներում։ Սիլվա Հարությունյանը տեսել էր։ Որոշել էր, որ ԱՄՆ-ի մեր հայրենակիցները ևս պետք է տեսնեն։ Վիկտորյա Բագոյանն ու Սիլվա Հարությունյանը մոտ 2 տարի բանակցել են, որպեսզի մեր հյուրախաղերը կայանան։ Ներկայացումների պաստառները տեղադրելու հաջորդ օրից բոլորն ինձ զանգում և գրում էին։ Ասում էին, որ գալու են դիտելու։ Առաջարկում էին, որ մնայի իրենց տանը։ Այդ ամենից հասկացա՝ որքան հարազատներ ունեմ Լոս Անջելեսում։ Ինձ զանգահարել են նաև Իտալիայի և Իրանի դեսպանատներից ու հրավիրել հյուրախաղերի «Գոմեշը» ներկայացմամբ, քանի որ այս տարի Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակն է», - պատմել է բեմադրիչը։

Նարինեն տեղեկացրել է նաև, որ նոր են վերադարձել Բեյրութից։ «Խաղացել ենք «… և նորից Գարուն» և «Մարդը ափի մեջ» ներկայացումները։ 5 ներկայացում ենք ունեցել։ Ամեն ինչ հրաշալի է անցել։ Ձևավորումը շատ բարդ էր։ Երևանում այն ստեղծել էին 2 ամսում, իսկ այդ ներկայացումների ձևավորման համար Սերգեյն ու Վիկտորյան ունեցել են ընդամենը 2 օր», - ընդգծել է դերասանուհին։ Նրա խոսքով՝ 2025-ի ծրագրերը շատ-շատ են։ Ամենակարևորը, որ Համազգային թատրոնը վերջապես նոր շենք է տեղափոխվելու։ «Թատերաշրջանը կմեկնարկենք Սիմոն Աբգարյանի «Օպենելոպե-օպենելոպ» ներկայացմամբ։ Փորձերն արդեն ընթանում են։ Ներկայացումը 2 գործողությամբ է։ Սպասում ենք, որ մայիս-հունիս ամիսներին Սիմոնը գա, միասին ևս աշխատենք», - նշել է Նարինեն։

«… և նորից Գարուն»

«Մարդը ափի մեջ»

Նարինեի ամսուսինը՝ դերասանը Սերգեյ Թովմասյանը, ամերիկյան հյուրախաղերում կլինի ոչ թե դերասան, այլ դեկորատոր։ 2 ներկայացման դեկորներն էլ Սերգեյն է պատրաստել։ «ԱՄՆ-ում պետք է դեկորները զրոյից պատրաստեմ։ Արդեն 2 տարի է Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ եմ։ Ունեցել եմ ցուցահանդեսներ։ Խնդրել են, որ ԱՄՆ-ում ևս անհատական ցուցահանդես ունենամ։ Հետաքրքիր է, որ փայտի հետ աշխատելու սերն առաջացաել է ԱՄՆ-ում։ Պատահական տեսա՝ ինչպես են կահույքը դեն նետում, վերցրի 2 կտոր, պատրաստեցի համբուրվող զույգ։ Ապրիլի 26-ին կկայանա իմ ցուցահանդեսը։ Դա կլինի 8-րդ անհատականը», - ամփոփել է դերասանը։

Սերգեյ Թովմասյանի աշխատանքներից

Սերգեյ Թովմասյանի աշխատանքներից

fastnews-ads-banner