Դերասանուհի և հաղորդավարուհի Իննա Խոջամիրյանը կանանց միամսյակի առթիվ ինստագրամյան իր էջում հրապարակում է արել և կիսվել իր մանկության հուշերով: Նրա համար Մարտի 8-ը ասոցացվում է իր մայրիկի կակաչների հետ.
«Երբ փոքր էի, ինձ համար մարտի 8-ը մամայիս տոնն էր, ու դե նաև մյուս մամաների: Պապան միշտ կարմիր կակաչներ էր բերում այդ օրը: Շատ էր բերում՝ շատ-շատ կարմիր կակաչներ ու կարմիր ժապավեն: Մի տարի ուժեղ վիճել էին, ու պապան մարտի 8-ին կարմիր կակաչներ չբերեց... Մամաս ավելի փրփրեց, ավելի նեղացավ, ու վեճը վերածվեց մի մեծ կռվի: Դասական կռիվ էր` սիրո, ուշադրության, հոգատարության պակասի, սպասելիքների ու իրականության, սենտիմենտալի ու ռացիոնալի մասին: Փոքր էի, աղոտ եմ հիշում արդեն, բայց այդ օրվանից սկսեցի կարմիր ծաղիկներ չսիրել»,- անկեղծանում է Իննան:

Դեպքերն այնքան են ազդել աղջկա վրա, որ տարիներ անց սկել է չսիրել կարմիր ծաղիկներ և շատ ուշ է համարձակվել ասել դրա մասին.
«Եվս մի մարտի 8-ին ամենևին ծաղիկներ չստացա: Մամայի պես փրփրեցի, հուզվեցի, նեղացա: Դրամաներ, չարդարացված սպասելիքներ, ավելորդ հույզեր: Տարիներ անց՝ մի մարտի 8-ին, վերջապես սեպարացվեցի մամայի պրիզմայից ու իմ տրավմայից: Իմ միջավայրում միշտ ծաղիկներ պիտի ունենամ՝ անկախ օրից, գույնից ու նվիրողից: Ու այն, ինչ մաղթում եմ կանանց ու ուզում եմ տեսնել հայ կնոջ կյանքում, վերածել եմ գործի ու անում եմ ամեն օր: Իսկ մարտի 8-ը մամայիս ու դե մնացած մամաների տոնն է: Ու ես իրեն կարմիր կակաչներ եմ տանում: Սենտիմենտալ եմ, բայց անկեղծ»,- գրել է դերսանուհին:


