Սիրուշոն տեղեկացրել էր, որ նոր տիկնիկները վաճառքում են նոյեմբերի 3-ից։ Տիկնիկները «Huh-Hah» երգի տեսահոլովակի գունավոր կերպարով են։ Երգչուհին տեղեկացրել է, որ տիկնիկներն արժեն 13․000 դրամ։ «Իմ գործը երգը գրելով ու երգելով չի ավարտվում։ Այս տեսահոլովակի հագուստի համար հիմք էի վերցրել Վասպուրականի տարազի մոտիվները, քանի որ նմանատիպ կտորներ Հայաստանում չեն արտադրվում, իսկ «հարևան» երկրից էլ չէի պատրաստվում գնել։ Գտա հնարավորինս մոտ տարբերակ, որի վրա ձեռքով ավելացրինք դետալներ: Հետո անցա տղամարդկանց հագուստներին։ Այստեղ էլ փորձել էի պահել ընդհանուր խորհրդանշող տարրերը։ Իսկ որպեսզի այն դառնա ավելի ժամանակակից, փոխարինել էի դենիմով: Նման դեպքերում երկար ուսումնասիրում եմ այդ տարազները, ապա փորձում մտովի տեղափոխել այն մեր օրեր: Շատ համառոտ գրեցի, բայց երկար գործընթաց է։ Հայկական որևէ աղբյուր, լինի դա հագուստ, թե զարդ, նույնությամբ չեմ պահպանում (դրա համար կան այլ մասնագետներ)։ Ես այն ներկայացնում եմ իմ աչքերով։ Այսինքն՝ ոչ թե կրկնում եմ այն ինչ եղել է, այլ հիմք ընդունելով ազգային տարրերը, ստեղծում եմ նորը՝ այսօրվանը», - գրել է երգչուհին։