Logo

Հունվարի 23-ին Կարպ Խաչվանքյանի 102-ամյակն է․ Սվետլանա Գրիգորյանը՝ ընկերոջ մասին

22:51 / 23.01.2025Լուրեր
null

Կարպ (իսկական անունը՝ Կարապետ) Խաչվանքյանը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին։ Հայտնի է կատակերգական ժանրի դերերով։ XX դարի 2-րդ կեսի հայ բեմի ամենաճանաչված կատակերգակներից է։ Բեմական հմայքի, շեշտված անհատականության, ռիթմի, հումորի, երաժշտության նուրբ զգացողության շնորհիվ նույն հաջողությամբ կերտել է և´ կատակերգական, և´ երաժշտական կերպարներ։ «Տաքսի-տաքսի» ներկայացման մեջ Կնյազի (Կարպ Խաչվանքյան) կինը՝ Ռոզը (Սվետլանա Գրիգորյան), տարիներ առաջ խոսել է ընկերոջ մասին։

Ներկայացման օրերին Կարպը միշտ թատրոն էր գալիս միևնույն ժամին: Մտնում էր հանդիսասրահ, իր դիտողությունն էր անում բեմի աշխատողներին, հետո հանդարտ, մտազբաղ բարձրանում էր հարդասենյակ: Մենք նկատում էինք, երբ գալիս էր ներկայացման, միշտ մռայլ էր լինում, քչախոս …

Չէր սիրում, երբ ծանոթներն իրենից ներկայացման տոմս էին խնդրում: Նույնիսկ պրեմիերաների օրերին իր հարազատներին չէր սիրում հրավիրել, որովհետև դառնում էր ավելի ջղային, անհանգիստ, անսովոր: Զայրանում էր, երբ ինչ-որ մեկն ասում էր, որ ներկայացումը նայելու է եկել այս կամ այն նշանավոր մեկը: Նա այդ լուրը հայտնողին նույնիսկ վիրավորում էր:

Տրամադրությունը բարձրանում էր, երբ ավարտվում էր ներկայացումը. «Այս փորձանքն էլ անցավ. Խաղալ չեմ սիրում, սիրում եմ, երբ ազատ եմ լինում»,- ասում էր նա և սկսում կատակել:

Գիտենալով նրա այդ սովորությունը ես միշտ աշխատում էի չմոտենալ, չխոսեցնել նրան: Իսկ երբ դուրս էր գալիս բեմից և տեսնում էր ինձ, կարծես անծանոթ մեկն էր կանգնած դիմացը. ես էլ խուսափում էի իրեն նայելուց: Տարօրինակ բան. Մեկ րոպե անց բեմ ենք մտնում և սկսում խաղալ՝ խինդ ու ծիծաղ պարգևելով ժողովրդին:

Կարպուշան երբեք չէր կրկնում դերը, եթե նույնիսկ ամիսներով չէր խաղում այն: Ուներ զարմանալի տրամաբանական հիշողություն: Բավական է հագներ այս կամ այն դերի զգեստը, բեմ մտներ, իսկույն հիշում էր դերը. ավելին՝ արգելում էր իրեն հուշել: Նա գտնում էր, որ դա խանգարում է դերասանին լինել օրգանական, անմիջական և ամբողջական: Հուշարարը տվյալ դեպքում միշտ լարված ու անորոշ վիճակում էր նրան պահում:

Չափազանց բարի, առաքինի անձնավորություն էր մեր Կարպուշան, շատ էր սիրում երեխաներին ու ծերերին: Տպավորվել է մի դեպք. դիտում էինք «Զուռնաչիներ» կինոնկարը: Այնտեղ բոլորը ծերեր են: Երբ նրանք նվագում էին, և հնչում էին Սայաթ-Նովայի երգերը, տեսա՝ ինչպես էր լուռ արտասվում Կարպուշան: Դա երբեք չեմ մոռանա:

Շատ էր սիրում երգ լսել, բայց եթե նրան գցեին բանտ և ասեին. «եթե երգես, քեզ բաց կթողնենք», նա այդ չէր կարող անել, որովհետև ոչ մի երգի խոսք չէր հիշում, բայց բավական էր մտնի բեմ, զարմանալի հիշողություն, երգում էր, պարում և մեծ ներշնչանքով:

Սկզբնաղբյուրը՝ Կարպ Խաչվանքյան (Կազմող-հեղինակ՝ Ս.Առաքելյան)
Նյութը՝ Ք.Ա.

fastnews-ads-banner