Հունիսի 26-ին ընկերներն ու հարազատները Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում վերջին հրաժեշտը տվեցին ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին։ Նրան ճանապարհեցին բարձր ծափահարություններով։
«Մեզանից շատ հզոր արտիստ հեռացավ։ Դժվար է թվարկել նրա դերերը կամ պատմել նրա ստեղծագորժական ընթացքից։ Միայն կասեմ, որ թատերաշխարհը և մենք կորցրինք շատ ազնիվ, բարի և լավ մարդու», - նշեց Արմեն Էլբակյանը։
Գոհար Իգիթյանն իրեն երջանիկ մարդ է համարում, քանի որ բախտ է ունեցել խաղալու Գուժ Մանուկյանի հետ։ «Թատրոնում աշխատելու առաջին իսկ օրից աշխատել եմ նրա հետ։ Թատրոն սիրող և կոլեկտիվում աշխատող մարդը պետք է լինի այնպիսին, ինչպիսին Գուժ Մանուկյանն էր։ Նա լավ ընկեր էր, լավ մարդ։ Վերջին տարիների առողջական խնդիրները չէին փոխել նրան։ Երբեք չենք զգացել նրա վատ կամ անտրամադիր լինելը։ Դա խոսում էր նրա պրոֆեսիոնալիզմի մասին», - ընդգծեց Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհին։
Դավիթ Հակոբյանն ընկերոջ հետ հեռախոսով էր խոսում։ Միշտ նույն բանն էր ուզում՝ խաղալ։ «Տաղանդավոր մարդիկ միշտ ձգտում են խաղալ, որովհետև տաղանդավոր մարդու համար կարևորը ոչ թե պարզապես խաղալն է, այլ այդ խաղից ստացած գերագույն հաճույքը։ Ինչ դեր կերտել է, խաղացել է վարպետորեն», - նշեց դերասանը։


