«Վարդավառի» պատմությունը
Հուլիսի 7-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Վարդավառը: Այն քրիստոնեական 5 տաղավար տոներից մեկն է: Քրիստոնեական ավանդույթի համաձայն՝ այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է լեռ աղոթելու։ Տապից ու հոգնածությունից առաքյալները քնում են, իսկ աղոթող Քրիստոսի վրա լույս է իջնում: Նրա դեմքն արևի նման պայծառանում է, իսկ հագի զգեստը ձյունի նման ճերմակում այնպես, որ ամբողջ լեռը ողողվում է լույսով։ Այդ փայլից առաքյալներն արթնանում են և ականատեսը դառնում Քրիստոսի «Պայծառակերպության» և «Այլակերպության» հրաշքի։

Ե՞րբ և ինչպե՞ս է անցկացվում տոնը
Ըստ եկեղեցական տոնացույցի՝ «Վարդավառը» նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ «Վարդավառը» Հայաստանում նշվում է ամենուր: Ամառային ամենասիրված այս տոնի օրը երեխաները «ջրոցի» են խաղում, այսինքն՝ ջրում են ընկերներին, անծանոթներին, անցորդներին։ Երևանում ևս տոնը նշվում է մեծ շուքով: Կարապի լճում հավաքվում են հարյուրավոր մարդիկ, քաղաքապետարանը տրամադրում է ջրցան մեքենաներ, և «մասնակիցները» սկսում են «ջրել» միմյանց:
Տավուշում և Լոռիում տոնը նշվում է հուլիսի 20-ին հաջորդող կիրակի։

Ծագումնաբանությունը
Ըստ Ղևոնդ Ալիշանի՝ «վարդավառ» բառը ծագել է «վարդ» արմատից է և կապված է Աստղիկ դիցուհու պաշտամունքի հետ, քանի որ նրա խորհրդանիշը համարվում է վարդը: Ըստ Գրիգոր Ղափանցյանի՝ վարդավառը խեթերեն բառակազմություն է՝ կազմված «vadar» (ջուր) և «arr» (լվանալ՝ ցնցղել իմաստով) բառերից։ Հովհաննես Ծոցիկյանի կարծիքով՝ այդ բառի միայն առաջին հատվածն է («վարդ») սանսկրիտից թարգմանաբար նշանակում «ջուր», իսկ մյուս հատվածը՝ «ավար» հայերեն է՝ «թափել», «ցայտել» («վայրել» բառարմատից) իմաստով։ Ֆնգլյանի կարծիքով վարդավառ նշանակում է «ջրի ուղի» և կապված է Անահիտ աստվածուհու հետ։


