Այսօր Երևանում մեկնարկում է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը՝ մեկ շաբաթով Հայաստանի մայրաքաղաքը վերածելով համաշխարհային կինոյի կարևոր հանդիպման վայրի։
Փառատոնի բացումը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և այս տարի կմեկնարկի անսովոր արվեստային ձևաչափով՝ Chora Gavit: A Score for Moving Bodies տարածական երաժշտական ինստալացիա-պերֆորմանսով։ Այն դասական բեմական ներկայացում չէ. երաժիշտները կտեղակայվեն նախասրահի տարբեր հատվածներում՝ ստեղծելով կենդանի ձայնային միջավայր, որտեղ յուրաքանչյուր այցելու սեփական շարժման և ընկալման շնորհիվ կունենա արվեստի յուրահատուկ փորձառություն։ Այսպիսով, կինոփառատոնի մուտքն ինքնին կդառնա առաջին ստեղծագործական և կինեմատոգրաֆիկ փորձառությունը։
Փառատոնի շրջանակում կմեկնարկի նաև GAIFF Pro 2026 մասնագիտական հարթակը, որը համախմբում է տարածաշրջանի և միջազգային կինոարտադրության ներկայացուցիչներին։ Այս տարվա համարտադրության շուկայում ընդգրկվել է 17 նախագիծ՝ զարգացման և հետարտադրական փուլերում, որոնց հեղինակներն ու պրոդյուսերները ներկայացնում են ավելի քան 14 երկիր։
GAIFF Pro-ի ծրագրում ներառված են վարպետաց դասեր, աշխատարաններ, նախագծերի ներկայացումներ, քասթինգի միջազգային ծրագիր, ինչպես նաև արհեստական բանականությանը նվիրված հատուկ AI Track նախաձեռնությունը։ Մասնակիցների հետ կաշխատեն հեղինակավոր կինոօպերատորներ, պրոդյուսերներ, քասթինգի տնօրեններ և ոլորտի այլ ճանաչված մասնագետներ Եվրոպայից ու տարածաշրջանից։
Կազմակերպիչների խոսքով՝ այս տարվա ծրագիրը միավորում է ավանդական կինոարտադրությունն ու նոր տեխնոլոգիաները՝ ստեղծելով համագործակցության, կրթության և նոր գաղափարների ձևավորման հարթակ ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու կինոգործիչների համար։
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը մինչև հուլիսի 20-ը կինոսերներին կառաջարկի բազմազան ֆիլմացանկ, հանդիպումներ անվանի կինոգործիչների հետ, ինչպես նաև մի շարք մասնագիտական և կրթական միջոցառումներ։


