«Fast News Culture»-ը տեղեկացրել է, որ սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել։ Մտահղացման հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Նոնա Սարգսյանը պատմել է ֆիլմի ստեղծման մասին: «Հորեղբորս՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ նկարահանելը երկար տարիների երազանք էր։ Փոքր քայլերով գնում էի երազանքիս հետևից: Երևի ամեն ինչ իր ժամանակին պետք է լինի: Հիշում եմ, երբ ծնվեց աղջիկս, հասկացա, որ երբեք ավելի ուժեղ ու վստահ չեմ եղել և հիմա պատրաստ եմ այդ պատասխանատվությունը վերցնել ինձ վրա: Հետո սկսվեցին աշխատանքները: Հարազատներիցս բացի, առաջին մարդն, ում հետ կիսել եմ այդ միտքը, եղել է իմ սիրելի Արամ Կարապետյանը: Առաջին վայրկյանից նա ինձ հավատացել է, ոգևորել ու ոգևորվել է: Քննարկման ենթակա չէր, թե ով պիտի լինի ֆիլմի ռեժիսորը։ Միանշանակ, պետք է լիներ նա: Ինձ համար շատ կարևոր էր, որ ինքը կարողանում է այդ ֆիլմը նայել իմ աչքերով: Երկրորդ մարդը, ում մասնակցությունը չի քննարկվել, Խորեն Լևոնյանն էր: Նույնիսկ հարց չի առաջացել՝ ով պիտի Սպարապետին մարմնավորի: Նկարահանումները բարդ էին և շատ լարված։ Թվում էր՝ պատերազմի մեջ էինք: Թիմը շատ լավն էր, պինդ էր, մի ընտանիքի նման էր, բայց պարտավորեցնող էր: Այնքան շատ էր ճիշտ անելու, չսխալվելու ցանկությունը, որ երբեմն թվում էր՝ խտանում են էմոցիաները ու հիմա կպայթի։ Բայց ի սկբանե ինքս ինձ խոստացել էի, որ պետք է լինեմ, պինդ, ամուր ու երբեք խուճապի չմատնվեմ, որպեսզի թիմն էլ խուճապ չզգա», - անկեղծացել է Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը։
Հիշեցնենք, որ «Վազգեն. Վերջին Սպարապետը» պրեմիերան մարտի 5-ին է՝ Սպարապետի ծննդյան օրը: