Logo

Հորդանանն Ադրբեջանի ճնշման պատճառով հետ է կանչել «Օսկարի» ներկայացված արցախցի Վրեժի մասին ֆիլմը

22:15 / 14.11.2024Լուրեր
null

«Fast News Culture»-ը տեղեկացրել էր, որ «Օսկարի» 97-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում Հորդանանը ներկայացրել է հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը: Հայտարարությունից մոտ 2 ամիս անց Հորդանանը հետ է կանչել ֆիլմը։ Ըստ «Deadline»-ի՝ պատճառը Ադրբեջանի ճնշումներն են։ Կայքը գրում է, որ Ադրբեջանի կառավարությունը Հորդանանի ԱԳՆ-ին խնդրել է վերանայել ֆիլմի ընտրությունը։ Նախարարությունն էլ իր հերթին ճնշել է Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովին՝ ֆիլմը հետ կանչելու համար: Ռեժիսոր Սարին Հայրապետյանը և պրոդյուսեր Ազզա Հուրանին «Deadline»-ի հետ զրույցում նշել են, որ սա կործանարար նորություն է ստեղծագործական կազմի համար։ «Եթե արգելում են, ապա լռեցնում են երեխային պատմելու իր պատմությունը իր տան և ընտանիքի հանդեպ սիրո մասին: Որպես վավերագրական ֆիլմերի հեղինակներ, այս գրաքննությունը ստիպում է մեզ էլ ավելի ակտիվ կիսվել «Տունս քաղցր ա» ֆիլմի գլխավոր հերոս Վրեժի պատմությամբ։ Այն արտացոլում է ամբողջ աշխարհում անթիվ երեխաների փորձությունները, ովքեր արժանի են երազել ազատորեն՝ առանց պատերազմի և հակամարտության սպառնալիքի», - ընդգծել են հեղինակները:

Կինոակադեմիան տեղեկացրել է, որ հեղինակները կարող են «Տունս քաղցր ա»-ն ներկայացնել «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում, եթե հետևեն ընտրության ստանդարտ ընթացակարգերին: Սարինն ու Ազգան էլ փորձում են նախընտրական փուլ կազմակերպել ԱՄՆ-ում։ ֆիլմի առաջնային ցուցադրությունը տեղի կունենա Լոս Անջելեսի «Laemmle Theatres»-ում՝ նոյեմբերի 29-ին։ Հեղինակների խոսքով՝ ձգտում են կիսել իրական պատմությունը՝ չնայած առկա խոչընդոտներին։ 

Հիշեցնենք, որ «Տունս քաղցր ա» ֆիլմը հուլիսին Հորդանանի միջազգային կինոփառատոնում ստացել է 3 մրցանակ՝ լավագույն արաբական վավերագրական ֆիլմի ժյուրիի, հանդիսատեսի և Միջազգային կինոքննադատների մրցանակ (FIPRESCI):

Ֆիլմի պրեմիերան կայացել է հունիսին Շեֆիլդի վավերագրական ֆիլմերի փառատոնում։ Մեծ Բրիտանիայում այն առաջադրվել է «Լավագույն միջազգային դեբյուտ» անվանակարգում։ 

 

 

 

fastnews-ads-banner