Logo

Հոկտեմբերի 22-ին Կոմիտասի մահվան 89-րդ տարելիցն է

20:42 / 22.10.2024Լուրեր
null

Կոմիտասի՝ արտասահմանից վերադառնալուց անցել էր 6-7 ամիս: Այդ ժամանակ նա արդեն որոշակի համբավ ուներ: Սակայն էջմիածնում կային մարդիկ, որոնք այնքան էլ լավ աչքով չէին նայում «յար» և «սեր» երգող վանականին: Այդ ժամանակ մամուլը Կոմիտասի մասին գրեց. «3 տարում կոշկակարություն չի կարելի սովորել, չէ թե երաժշտություն»: Այս հոդվածը վշտացրեց Կոմիտասին, թեև ձևացնում էր, թե իբր հաշվի չի առնում հոդվածագրի խոսքերի թույնը:
Մի անգամ նրա մոտ եկավ Վրթանես Փափազյանը՝ կարճահասակ մի գիրուկ մարդու հետ: Կոմիտասը սկսեց նվագել և երգել իր մշակած երգերից: Փափազյանն էլ վերցրեց ջութակն ու սկսեց նվագել քրդական «Լուր-դա-լուրը»: Կոմիտասը հյուրերից աննկատ վերցրեց մի սպիտակ թուղթ ու, աչքերը հառած Փափազյանին, լսում էր նրա նվագը: Փափազյանը նվագում էր սրտախտիտ, ջերմ զգացումով:
-Ինչպե՞ս է, Կոմիտա՛ս, հավանեցի՞ր, - հարցրեց Փափազյանը՝ ջութակը վերցնելով կրծքից:
-Հիանալի է, հավանեցի ու սիրեցի, այժմ ես նվազեմ, դու լսի՛ր: Այս ասելով՝ Կոմիտասը վերցրեց գրասեղանից թերթը, նստեց դաշնամուրի մոտ ու սկսեց նվագել և երգել «Լուր-դա-լուրը»: Եղանակի վերարտադրությունը լիովին ճիշտ էր և հարազատ: Փափազյանը հիացմունքից ուղղակի ապշել, քարացել էր:
-Կոմիտա՛ս, դու այն նախապես ձայնագրած ունեի՞ր:
-Ո՛չ, ձայնագրեցի, երբ դու նվագում էիր, - ասաց և ցույց տվեց ծուռումուռ տողերով նոր գրի առած երգը:
Փափազյանը, շեշտակի հայացք նետելով իր հետ եկած ընկերոջ կողմը, ձայնեց.
-Մի՞թե անբարեխիղճ, անամոթ չէ այն մարդը, որ առանց ծանոթանալու Կոմիտասի հետ, առանց գաղափար ունենալու նրա շնորհքի ու ընդունակությունների մասին, հրապարակավ քննադատում է նրան...
-Այդ անամոթ մարդը ես եմ, Կոմիտա՛ս: Ներողություն եմ խնդրում իմ անբարեխղճության համար, - թոթովեց անծանոթը՝ խեցգետնի պես կարմրելով և ձեռները մեկնելով Կոմիտասին: Հանկարծակիի եկած Կոմիտասի դեմքը մթագնեց անհաճո զգացումից, բայց վայրկենական այդ մութ ստվերին հաջորդեց լայն ու պայծառ ժպիտը, և նա մանկական անհիշաչարությամբ ու ներողամտությամբ սեղմեց իրեն պարզած ձեռքը:
 

fastnews-ads-banner