Գարնան գալուն պես երբեմն այնպես ես ուզում տաք շորերի հետ մի կողմ դնել նաև հին մտքերը, առավոտյան արթնանալ, թերթել կյանքի հին էջն ու սկսել նոր կետից։ «Զանգակ» հրատարակչությունը ներկայացնում է հինգ գիրք, որոնք գուցե կօգնեն գտնել ձեր փնտրած նոր ճանապարհը։
«Ուտել, աղոթել, սիրել» - Էլիզաբեթ Գիլբերթ
Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» համաշխարհային բեսթսելլերը յուրահատուկ ուղեցույց է դարձել հազարավոր կանանց համար ամբողջ աշխարհում։ Գիրքն օգնում է կանգ առնել, հավաքել մտքերը, հուշում է, որ երբեմն կարելի է վերցնել պայուսակն ու գնալ անհայտ, բայց ցանկալի ուղղությամբ։ Վեպի հերոսուհին հենց այդպես էլ վարվում է։ Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում նրա ճամփորդությունը վերածվում է ներքին փնտրտուքի ճանապարհի։ Կատարյալ ներդաշնակությունը գալիս է այն պահին, երբ Էլիզաբեթը սովորում է տարբերակել ամենակարևորն ու մի կողմ թողնել երկրորդականը, հաճույք ստանալ ամենափոքրիկ, աննշան թվացող պահերից, անկեղծ լինել ու իսկապես սիրել ինքն իրեն։
«Աստղեր նվիրողը» - Ջոջո Մոյես
Տառապանքից մինչև երջանկություն, հիասթափությունից՝ անմնացորդ սեր։ Գրքի հերոսուհին՝ Էլիսը, չէր էլ կարող պատկերացնել, թե ինչ է իրեն սպասվում ամուսնությունից հետո։ Երիտասարդ ու բարետես ամուսնու հետ երջանիկ կյանքի սպասումներն անհետանում են հայրենիքից շատ հեռու գտնվող Բեյլիվիլ քաղաք հասնելու առաջին իսկ օրվանից։ Աղջիկը երկու ճանապարհ ունի․ շարունակել ապահով, բայց միապաղաղ կյանքը, կամ հիմնովին փոխել ամեն ինչ ու մարտահրավեր նետել կյանքին։ Էլիսն ընտրում է երկրորդ ճանապարհը։ Տնային տնտեսուհու բարեկեցիկ ու հանդարտ կյանքին փոխարինելու են գալիս ձիով շրջագայությունները լեռներում։ Որպես շրջիկ գրադարանավարուհի՝ նա պետք է գրքեր հասցներ տեղի բնակիչներին։ Հենց սա էլ Էլիսի համար արդարության, ընկերության և իրական սիրո հաղթանակի ճանապարհ է դառնում։
«Ես մինչ քեզ» - Ջոջո Մոյես
Պատահական հանդիպում, որ վերածվում է գլխապտույտ սիրո պատմության։ Նուրբ ու զգացմունքային այս սիրավեպը կստիպի ժպտալ ու արտասվել միաժամանակ։
Կյանքում լինում են շրջադարձային պահեր, վայրկյաններ, որոնք անկախ մեր կամքից փոխում են այն ամենը, ինչ հետո է լինելու, այն ամեն ինչը, որ մենք կզգանք ու կհասկանանք այդուհետ: Լուիզայի և Ուիլի հանդիպումը գուցե կենցաղային դիպված է, մեկի համար՝ ծանր ֆինանսական պայմաններից դուրս գալու հնարավորություն, մյուսի համար՝ պարտադրված կենսական անհրաժեշտություն, իսկ գուցե պատահականություններ չեն լինում. բոլոր պարագաներում նրանց հանդիպումը գլխիվայր է շրջում երկուսի կյանքն էլ, և ամենամթում երևում է ընտրության հնարավորություն՝ կողքինի կյանքը դարձնելու ավելին, քան նա կարող է պատկերացնել:
Կարող եք կարդալ նաև՝
Ջոջո Մոյեսի լավագույն 5 գրքերը
«Սկիզբը» - Վարդան Պետրոսյան
Թվացյալ վերջ, որ վերածվում է նոր սկզբի, անազատություն, որից սկսում է իսկական Ազատությունը։
Վարդան Պետրոսյանի կալանավորվելն ու բանտում հայտնվելն իսկական շոկ էր նրան այնքան սիրող հանդիսատեսի համար։ Շատերը չհապաղեցին գուժել, որ սիրված դերասանի կարիերան ավարտված է։ Սակայն այն կետը, որը կարող էր վերջակետ դառնալ, նոր հոգևոր վերածննդի Սկիզբ դարձավ։
Վարդան Պետրոսյանի ինքնակենսագրական վեպում երկու զուգահեռ պատում է նրա կալանավորման, բանտարկության, դատավարության, նաև հաջորդող համաճարակային շրջանում ինքնամեկուսացման մեջ՝ Ֆրանսիայում, անցկացված օրերի մասին։ Հումոր, թախիծ, փիլիսոփայություն, դառը իրականություն... ջերմ, լուսավոր սեր։ Այսպես է հեղինակը ներկայացնում իր կալանքի պատմությունը և համադրում այն աշխարհում համավարակի մեկուսացման օրերի հետ։
«Մտածի՛ր և հարստացի՛ր» - Նապոլեոն Հիլ
Բոլոր վերլուծություններն ու օրինակները հիանալի են, բայց չմոռանանք՝ որն է կյանքը նոր էջից սկսելու համար ամենաանհրաժեշտ բանը։ Իհարկե՝ գումարը։ Հարստանալու և գումար վաստակելու համար էլ լավ գիրք կարող ենք խորհուրդ տալ՝ «Մտածի՛ր և հարստացի՛ր»։
Աշխարհահռչակ այս գիրքը կարող է գլխիվայր շուռ տալ կյանքիդ ընթացքն ու քեզ դարձնել միլիոնատեր։ Չես հավատում՝ փորձիր։ Հարուստ ու ազդեցիկ շատ մարդկանց համար այն իսկական հաջողության բանալի է դարձել։ Գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա։ Եվ վերջում մի գործնական խորհուրդ՝ վերցված այս գրքից։
Կարող եք կարդալ նաև՝
Ամփոփելով տարին․ «Զանգակ»-ի բեսթսելլերները