Logo

ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչթյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ Ոսկե մեդալով

16:03 / 11.09.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

ՀՀ ժողովրդական արտիստ ԳԵՂՈՒՆԻ ՉԹՉԹՅԱՆԸ հոբելյանի կապակցությամբ պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ Ոսկե մեդալով, ինչպես նաև ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանի որոշմամբ՝ կոմպոզիտորին է հանձնվել Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության պատվավոր անդամի հավաստագիր:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի բնակարան և շնորհավորել սիրված կոմպոզիտորին ծննդյան 95-ամյակի կապակցությամբ:

Դանիել Դանիելյանը Գեղունի Չթչյանին է հանձնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալը՝ հայ երաժշտարվեստի ոլորտում և սերունդների կրթման ու գեղագիտական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև ծննդյան 95-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Նախարարի տեղակալը կարևորել է Գեղունի Չթչյանի անցած ուղին, գործունեությունը, երաժշտարվեստի ոլորտում նրա դերակատարումն ու ավանդը՝ սիրված կոմպոզիտորին մաղթելով քաջառողջություն և արևշատություն:

ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանն էլ Գեղունի Չթչյանին է հանձնել ՀԿՄ Վարչության պատվավոր անդամի Հավաստագիրը, ինչպես նաև կոմպոզիտորի հեղինակած ռոմանսների և երգերի /Հովհաննես Շիրազի խոսքերով/ նորատիպ ժողովածուն:

Միության նախագահն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով կոմպոզիտորին հայ կոմպոզիտորական արվեստում ունեցած մեծ ավանդի համար, բարձր է գնահատել Գեղունի Չթչյանի գործունեությունը, ներակայացրել նախորդ օրը տեղի ունեցած հոբելյանական համերգից մանրամասներ ու մաղթել կոմպոզիտորին քաջ առողջություն:

Գեղունի Չթչյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և նշել, որ այս այցելությունն իրեն մեծ ուրախություն է պարգևել: Նա հյուրերի հետ կիսվել է իր ստեղծագործական և մանկավարժական գործունեության տարիների հիշողություններով ու հավելել, որ նմանօրինակ զրույցներն իրեն ջերմացնում և դրական լիցքեր են հաղորդում:

Լուսանկարները՝ ՀՀ ԿԳՄՍՆ

fastnews-ads-banner