Այսօր 20-րդ դարի հայ հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1897թ. մարտի 13-ին (նոր տոմարով` մարտի 25) Կարսում: Եղիշե Չարենցը հայ գրականության խոշորագույն դեմքերից մեկն է և իր պատմական նշանակությամբ համարվում է նորագույն շրջանի հայ գրականության հիմնադիրը։
1․ Չարենցի պատանեկան տարիների մտերիմերը Չարենց անվանումը բացատրում են նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան են չար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է:
2. Իր անվան մասին խոսելիս Չարենցն ասել է, որ իրենց քաղաքում այդ թվականներին մի բժիշկ կար, ում տան ցուցափեղկի վրա գրված էր՝ «Բժիշկ Չարենց»: Շատ յուրօրինակ համարելով այս ունունը՝ այն ժամանակ դեռ Եղիշե Սողոմոնյանը իրեն կոչում է Չարենց, Եղիշե Չարենց:
3. 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուցչությամբ զբաղվելու: Քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:
4. Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում:
5. 1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը:
6. Գրախանութներից մեկի տնօրեն Ալեքսանդր Տեր-Եսայանի միջնորդությամբ 1914թ. լույս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն (Աստղիկը Կարսի իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի էր, որին սիրահարված էր պատանի Եղիշեն):
7. Չարենցը շատ ընթերցասեր էր: Ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «… Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն: — Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապաչհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:
8. Մի անգամ, երբ Իսահակյանը Կարսում զբոսնում էր հյուրանոցի բակում, պատանի Եղիշեն տեսնում է նրան և կախարդվածի պես, հիացած նայում է նրան: Վարպետին դուր չի գալիս այդ սևեռուն հայացքը և նա մի ուժգին ապտակ է հասցնում Չարենցին: 1925թ. Չարենցը Վենետիկում հանդիպում է Իսահակյանին և, մտերմիկ զրույցի ժամանակ, հիշեցնում է միջադեպը: Վարպետը ծիծաղելով պատասխանում է. — Դե, ոչինչ, Եղիշե ջան, դա ուստա–սիլլասի է եղել: Ապտակս ուժգին է եղել, դրա համար էլ լավ բանաստեղծ ես դարձել:
9. Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Տեր-Աստվածատուրյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան… Ահա ոչ ամբողջական ցանկն այն անունների, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Եղիշե Չարենցի հետ, բանաստեղծի կարճատև կյանքի որևէ շրջանում նրա ուղեկիցներն են եղել, և յուրաքանչյուրն իր անջնջելի հետքն է թողել թե՛ նրա զգացական, թե՛ ստեղծագործական աշխարհում:
10.Գրադարաններից և գրախանությներից հավաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային: Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին: