Logo

Հերոսը. Շավարշ Կարապետյան

18:24 / 19.05.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Այսօր՝ մայիսի 19-ին, իր ծննդյան տարեդարձն է նշում լեգենդար Շավարշ Կարապետյանը: 

1974 թվականի հունվարի 8-ի փրկություն

1974 թվականի հունվարի 8-ին Շավարշ Կարապետյանը Ծաղկաձորի սպորտային բազայից (համամիութենական սպորտային բազա օլիմպիական մրցումներին պատրաստվելու համար) ավտոբուսով վերադառնում էր Երևան։ Ավտոբուսում այդ պահին գտնվում էին երեսունից ավելի ուղևորներ՝ ներառյալ մարզիկներ։ Վերելքի վրա վարորդը, նկատելով շարժիչի անսարքություն, ստիպված կանգնեցնում է մեքենան և դուրս գալիս։ Նույն պահին անկառավարելի ավտոբուսը շարժվում է տեղից։ Վարորդի բացակայությունը առաջինը նկատում է Կարապետյանը, որն ամենից մոտն էր նստած վարորդին։ Փորձելով կանգնեցնել ավտոբուսը և կանխել դրա անկումը ձորի մեջ՝ Շավարշը արմունկով ջարդում է վարորդի խցիկի ապակյա պատը և կտրուկ ուղղում է ավտոբուսը դեպի սար։ Ավելի ուշ այս իրավիճակի վերլուծության ընթացքում պարզվել է, որ այս որոշումը միակ ճիշտ ելքն էր վթարից խուսափելու համար։ Հենց այս դեպքից հետո Շավարշ Կարապետյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես նրան հաջողվեց կանխել ողբերգությունը, ասել է իր հայտնի խոսքերը.

—Ուղղակի ես ամենից մոտն էի: 

1976 թվականի սեպտեմբերի 16-ի փրկություն

1976 թվականի սեպտեմբերի 16-ին փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Դեպքի պահին նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և, տեսնելով կատարվածը, անմիջապես նետվում է ջուրը օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրել է տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերել 20 ուղևորի։ Մյուս ուղևորներին փրկել չի հաջողվել։ Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացել է թոքերի բորբոքումով,որը հետո բարդացել է սեփսիսով: Ծանր հիվանդությունը հանգեցրել է հաշմանդամության և սպորտային կարերիայի ավարտին։

Լուսանկարում՝ Շավարշ Կարապետյանը տրոլեյբուսի վթարից փրկված ուղևորների հետ

1985 թվականի փետրվարի 15-ի փրկություն

1985 թվականի փետրվարի 15-ին Կարապետյանն օգնել է մարդկանց փրկել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հրդեհի ժամանակ։ Նա առաջիններից է հասել հրդեհի վայր և սկսել օգնել հրշեջներին։ Փրկարարական գործողությունների ընթացքում նա վնասվածքներ և այրվածքներ է ստացել: 

fastnews-ads-banner