Տարբեր ժողովուրդներ ընթացիկ տարվա վերջին և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը նշում են Ամանորը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում՝ Միջագետքում։ Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Այդ ժամանակահատվածում Երկիր մոլորակը կատարում է ամբողջական պտույտ Արեգակի շուրջը։ Հունվարի 1-ը՝ որպես տարվա սկիզբ, սահմանել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարը մ.թ.ա. 46 թվականին։ Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկիզբների աստծուն։
Ամանորը շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել հայտնիները։
Անահիտ Սիմոնյանը հրապարակել է որդու՝ Արմանի հետ լուսանկար և գրել․ «Շնորհավոր Ամանոր, ընկերներ: 2025 թվականն արդեն մոտենում է, և ժամանակն է նոր երազանքների, նոր ձեռքբերումների և նոր ժպիտների։ Այս տարի մեզ համար փոփոխությունների, աճի և, իհարկե, անսահման սիրո ժամանակաշրջան էր։ Ես և որդիս շնորհակալ ենք ձեր աջակցության, բարի խոսքերի և ջերմ պահերի համար, որոնք կիսել եք մեզ հետ։ Թող 2025 թվականը յուրաքանչյուրին բերի առողջություն, երջանկություն և ձեր ամենանվիրական ցանկությունների իրականացում։ Թող ամեն օրը լցված լինի լույսով, ոգեշնչմամբ և ուրախությամբ: Իսկ ձեր սիրելիները միշտ այնտեղ կլինեն՝ հիշեցնելով, որ կյանքում ամենակարևորը սերն է։ Եվ, իհարկե, մի քանի հատուկ խոսք որդուս. սիրելի՛ս, թող այս տարին քեզ տա նոր բացահայտումներ, հետաքրքիր արկածներ և քաջություն՝ երազելու ամենաանհավանականի մասին: Դու իմ հպարտությունն ես, իմ ոգեշնչումը և ուժը: Ես միշտ այստեղ եմ, որպեսզի աջակցեմ քեզ ամեն ինչում», - գրել է երգչուհին:
Դստեր լուսանկարներն է հրապարակել և շնորհավորել Սոնա Ռուբենյանը։ «Թող 2025-ը երջանկության ու խաղաղության տարի լինի։ Շնորհավոր Ամանոր», - գրել է երգչուհին:
«Ավարտին մոտեցավ 2024-ը, որի ընթացքում իմ կյանքում տեղի ունեցան կարևոր իրադարձություններ, ինչի համար շնորհակալ եմ Ձեզ՝ իմ հանդիսատես, ընկերներ, հարազատներ և այն մարդիկ, առանց որոնց այդ ամենը հնարավոր չէր լինի: Շնորհակալ եմ լեփ-լեցուն դահլիճների համար Հայաստանում և արտերկրում, անդադար ծափահարությունների համար, որոնք պարտավորեցնում և ոգևորում են ինձ, որպեսզի ամեն նոր տարում ներկայանամ ավելի լավ և հետաքրքիր նախագծերով: Կհանդիպենք 2025-ին՝ նոր աշխատանքներով և անակնկալներով: Իսկ Ձեզ և Ձեր ընտանիքներին մաղթում եմ սեր, առողջություն և հաջողություն: Աստված Ձեզ պահապան», - գրել է Էրիկ Կարապետյանը։
«Ավարտին մոտեցավ ևս մեկ տարի: Ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել անցնող տարուն՝ իր տված դրական էմոցիաների, գեղեցիկ օրերի, սիրուն ու անմոռանալի պահերի համար: Դժվարություններն էլ բնական են ու առանց դրանց հնարավոր չէ։ Կարևորը՝ դրանք արդեն անցյալում են: Իսկ ապագայում նոր՝ 2025 թվականն է, ինչի առթիվ ուզում եմ շնորհավորել աշխարհի ամեն անկյունում ապրող հային: Ուզում եմ՝ գալիք տարին անսահման սեր ու ջերմություն բերի ձեր ընտանիքներին, նոր ձեռքբերումներ ու նվաճումներ, նպատակների իրականացում ու նոր համալրումներ: Գալիք տարում շատ սիրեք իրար, եղեք հանդուրժող, հավատացեք ու ամենակարևորը սիրեք կյանքը, քանի որ այն ամենաթանկ պարգևն է, որն ունենք մենք՝ բոլորս: Խաղաղություն մեր հայրենիքին, ամրություն մեր սահմաններին, ուժ ու համբերություն հայ զինվորին: Գալիք տարին, իրոք, հրաշալի պետք է լինի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ», - գրել է Ռաֆայել Երանոսյանը:
«Իմ 2024-ը դարի լեցունություն ուներ ու ակնթարթի պես կարճ էր՝ իմ կյանքի նման։ Ամեն բանի համար շնորհակալ եմ Աստծուն, ամեն շնչածս պահի ու ապրածս փորձության, ամեն Լույսի ու Ստվերի համար: Երախտապարտ եմ ընկերներիս, որոնց հետ աշխատում ու ապրում եմ՝ ամեն պահի սիրո և հոգատարության անասելի չափաբաժնով։ Նոր տարում կամփոփեմ «հինը»։ Հիմա միայն երազում եմ տեսնել մարդկանց, ում կարոտում եմ և չեմ տեսել մի դար, ապրել իմ ԱՌՈՂՋԱՑԱԾ երկրում, որով շնչում եմ։ Աշխարհով մեկ ունենալ բազում բանաստեղծական երեկոներ՝ անվերապահ սիրո փախանակմամբ։ Ու թող վերջում հնչի մանկան ճիչ, սիրող սրտերի ծիծաղ ու լինեն միայն Երջանկության ծովեր մարդկանց աչքերում, ոչ՝ ցավի ու դժբախտության օվկիաններ։ Գալիք Սուրբ ծննդով թող նոր, կյանքի տարի լինի», - գրել է Նազենի Հովհաննիսյանը։