Logo

Հայտնի են «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնի հաղթողները

23:13 / 31.10.2024Լուրեր
null

Հոկտեմբերի 20-26-ը Երևանում տիրում էր անիմացիոն շունչ։ Ոլորտի առաջատար մասնագետներ, լեգենդար ռեժիսորներ, 4-օրյա կրթական ծրագրեր, նոր հնարավորություններ, հաղթանակներ, և, իհարկե, ֆիլմաշատ երեկոներ․ արդեն 16-րդ անգամ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվող «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը Հայաստան բերեց անիմացիոն լավագույն փորձը՝ ևս մեկ վստահ քայլ անելով դեպի հայկական անիմացիոն արվեստի «երիտասարդացումն» ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում։ 

Հոկտեմբերի 26-ին Կինոյի տան մեծ դահլիճում տեղի ունեցավ «ՌեԱ» 16-րդ միջազգային փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը։ հՀայտնի դարձան բոլոր մրցանակակիրները։ «ՌեԱ» փառատոնում այս տարի ընդգրկված էր 48 ավարտական, 59 կարճամետրաժ և 8 լիամետրաժ ֆիլմ։  Ավարտական ֆիլմերի անվանակարգում հատուկ հիշատակման է արժանացել Էրիկա Տոտորոյի (ԱՄՆ) «Հանելուկը», իսկ «Լավագույն ավարտական ֆիլմ» է ճանաչվել «8-րդ օրը»՝ հեղինակներ՝ Ագաթ Սինիշալ, Ալիսիա Մասսե, Էլիզ Դեբրույն, Ֆլավի Կարի, Տիո Դյուոտուա (Ֆրանսիա)։ Կարճամետրաժ ֆիլմերի 1-ին տեղի գրավել է Florence Miailhe-ի (Ֆրանսիա) «Թիթեռը», իսկ ժյուրիի հատուկ հիշատակմանն է արժանացել Լուկաս Մալբրունի (Ֆրանսիա) «Մարգարետե 89»-ը։ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթել է Ադամ Էլիոթի «Խխունջի հուշերը» ֆիլմը, իսկ «Ժյուրիի հատուկ հիշատակում» անվանակարգում՝ Իզաբել Էրգերայի «Սուլթանուհու երազը»: Լիամետրաժ անիմացիոն ֆիլմի լավագույն գաղափարի համար «Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակի» է արժանացել Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմը։

«ՌեԱ» փառատոնում ցուցադրվել է 250-ից ավելի ֆիլմ, այդ թվում՝ Կաննի, Սան Սեբաստիանի, Անսիի և Բեռլինի հայտնի անիմացիոն կինոփառատոներում ցուցադրված ֆիլմեր: Փառատոնի համար Հայաստան էր ժամանել 20-ից ավելի մասնագետ Եվրոպայից և ԱՄՆ-ից՝ կիսվելու իրենց փորձով, գիտելիքով և գնահատելու հայ անիմատորների և երիտասարդ ստեղծագործողների տաղանդը։

Արդեն երկրորդ տարին անընդմեջ փառատոնի շրջանակում իրականացվել է նաև ReA Comics Art ծրագիրը, որի շրջանակում անցկացվել է Ազգային պատկերապատման նախագծերի մրցույթը։ «Ազգային պատկերապատման նախագծերի մրցույթի» 1-ին տեղի օժանդակություն-մրցանակը ստացավ Ելենա Ներսեսյանի «Մխիթարանք» պատկերապատումը (մրցանակը՝ 800 հազար ՀՀ դրամ)։ 2-րդ տեղի օժանդակություն-մրցանակը ստացավ Միլենա Ադամյանի «Արձագանքներ» պատկերապատումը (մրցանակը՝ 600 հազար ՀՀ դրամ), իսկ 3-րդ տեղում «Մթնշաղի երազները» պատկերապատումն էր, հեղինակ՝ Լյուսի Դուրասովա (մրցանակը՝ 400 հազար ՀՀ դրամ)։

Փառատոնի մյուս կարևոր բաղադրիչի՝ «MarAni» անիմացիոն շուկայի «CoReAct» համարտադրության հարթակն այս տարի հյուրընկալել է 17 հայաստանյան նախագիծ։ Հարթակի «Ժյուրիի հատուկ հիշատակում» անվանակարգում հաղթել է «Այծեմնիկ» նախագիծը (ռեժիսոր/պրոդյուսեր՝ Էլինա Երկատյան):

1-ին տեղի մրցանակը շնորհվել է «Տատիկն ու ստվերը» նախագծին (ռեժիսոր/պրոդյուսեր՝ Լիանա Գևորգյան և Seagull Production), 2-րդ տեղում «Իմ ընկեր աղմուկը» նախագիծն է (ռեժիսոր՝ Հասմիկ Սիմոնյան, պրոդյուսեր Սուսաննա Խաչատրյան), իսկ 3-րդ տեղում՝ «Քուլ Դաուն» նախագիծը (ռեժիսոր/պրոդյուսեր՝ Հայկ Կարապետյան և «Zrah Studio»)։

Միջոցառման ավարտին փառատոնի հիմնադիր-տնօերն Վրեժ Քասունին Ռոբ Սահակյանցի անվան մրցանակ է շնորհել Դիսնեյի ներկայացուցիչ, լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի աշխարհում ամենաազդեցիկ ռեժիսորներից Քըրք Ուայզին, որն աշխատել է այնպիսի լեգենդար ֆիլմերի վրա, ինչիսիք են «Գեղեցկուհին և հրեշը», «Փարիզի Աստվածամոր տաճարի կուզիկը», «Ատլանտիս․ կորսված կայսրությունը»։

«Տարիներ շարունակ մենք աշխատել ենք այն ուղղությամբ, որ անիմացիոն ֆիլմերն այսքան պահանջված դառնան։ Այս տարի մենք ունեցանք այն պատկերը, երբ մարդիկ հերթ էին կանգնում և պայքարում ֆիլմերը դիտելու համար։ Սա մեր բոլորի հաջողությունն է, քանի որ մենք շարունակում ենք ապացուցել, որ անիմացիոն ոլորտը Հայաստանում իրապես զարգանում է։ Իսկ մենք հպարտորեն և պատվով շարունակում ենք մեր նախնիների՝ Լև Ատամանովի, Վալենտին Պոդմոգովոի, Ռոբ Սահակյանցի և մյուս բոլոր մեծերի արժեքավոր և մնայուն գործը» - հայտարարել է փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին։ 

fastnews-ads-banner