Նրանք, ովքեր եղել են Վենետիկում, անհնար է տեսած չլինեն քաղաքի սրտում գտնվող Կա Զենոբիո պալատը։ Հենց այս պալատում է գտնվում Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը։ Հրաշագեղ այս շինությունն իր մեջ կրում է դասասենյակներ, գրադարան, սյունազարդ դահլիճ` անասելի տպավորիչ որմնանկարներով, ներքին ծաղկազարդ ու քանդակազարդ այգի և որ ամենակարևորն է… մոտ երկուհարյուրամյա հայ կրթության ու մշակույթի պատմություն։

Ինչպես ստեղծվեց վարժարանը
1834 թվականին Հնդկաստանի երկու հայ մեծահարուստ վաճառականներ` Ռաֆայելի և նրա փեսա Մուրադի կտակի համաձայն, Իտալիայի Պադովա քաղաքում հիմնվեց Մուրադի անունով` Մուրադյան վարժարանը, իսկ 1836 թվականին, Վենետիկի Կա Պեզարո պալատում՝ Ռաֆայելյան վարժարանը, որը 1850 թվականին փոխադրվեց ավելի ընդարձակ տարածքով ու գեղեցիկ պարտեզ ունեցող Կա Զենոբիո պալատ:

Սակայն Իտալիայում տիրող Ավստրիական կայսրության ճնշումները ստիպում են վարժարանի տնօրինությանը` Մուրադյան վարժարանը տեղափոխել Փարիզ։ Այստեղ այն գործում է մինչև 1870թ.: Փարիզում վարժարանի աշխատանքը ընդհատվում է Ֆրանս-պրուսական պատերազմի պատճառով ու վարժարանի տնօրինությունը կրկին տեղափոխվում է Իտալիա` Վենետիկ։ Ադրիատիկի ափին գտնվող չքնաղ Վենետիկում Մուրադյան վարժարանը միանում է Ռաֆայելյանին և ստանում Մուրադ-Ռաֆայելյան վարժարան անվանումը: Այս վարժարանը հանդիպում է ևս մի պատերազմի` Երկրորդ համաշխարհայինին, ինչի պատճառով փակվում է տևական մի ընթացք։ Մուրադ-Ռաֆայելյանը նորից վերաբացվում է 1950 թվականին:

Վարժարանի կրթական համակարգը
Սկզբում Մուրատ-Ռաֆայելյան վարժարանը առաջնորդվել է գիմնազիական ծրագրերով, ուներ 6 ամյա դասընթաց, որոշ աղբյուրների համաձայն` 5-ամյա։ Ուներ երկու միջնակարգ և երեք բարձրագույն դասարաններ: 1867 թվականին` Ֆրանսիայի, 1879-ին Իտալիայի կառավարությունները Մուրատ-Ռաֆայելյան վարժարանին հանձնել են լիցեյի իրավունքներ:

Քանի որ Մուրադ Ռաֆայելյանում սովորելու համար Վենետիկ էին գալիս աշխարհի տարբեր երկրներից, իսկ աշակերտներն ապրելու վայրի խնդիր ունեին, ապա այդ առումով շատ հարմար ու ճիշտ էր վարժարանի գիշերօթիկ լինելը։

Այստեղ սովորում էին մոտ 120 սպատանի, որոնցից 45-ը` անվճար: Լավագույն շրջանավարտները ստանում էին Իտալիայի նախարարության հաստատած վկայականները, որոնցով նրանք իրավունք էին ստանում առանց ընդունելության քննությունների սովորել Եվրոպայի և մի շարք այլ երկրների համալսարաններում:

Աշակերտները վարժարանում ուսանել են հայոց լեզու նաև գրաբար, հայ գրականություն, պատմություն, աշխարհագրություն, ինչպես նաև օտար լեզու` իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն։ Վարժարանում գործել է «Սայաթ-Նովա» նվագախումբը և մի թատերախումբ:
Վարժարանը հետևել է Մխիթարյան հայրերի ավանդույթներին, այն է` օտար ափերում պահպանել հայոց լեզուն ու մշակույթը, զարգացնել հայագիտությունը և փոխանցել սերնդեսերունդ:

Վարժարանի տեսչությունը հոգացել է նաև իր սաների բոլոր կարիքները, միաժամանակ իրեն իրավունք վերապահել վարժարանից հեռացնել ուսումնական և կարգապահության պահանջները չկատարողներին:

Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում դասավանդել են բանասեր, պատմաբան, բանաստեղծ Ղևոնդ Ալիշանը, բանասեր, ազգագրագետ Վարդան Հացունին, մատենագետ, թարգմանիչ Արսեն Ղազիկյանը: Այստեղ են դասավանդել նաև իտալացի ուսուցիչներ Ալանքսը, Մ.Տամեն, Տե-Լուգան և այլոք:

1985 թվականից սկսած, շրջանավարտների թիվը զգալի նվազել է: 1991 թվականից վարժարան ուսանելու են եկել նաև պատանիներ Հայաստանից: Իսկ 1997 թվականից նյութական դժվարությունների և աշակերտների թվի նվազման հետևանքով վարժարանը փակվել է:
Վարժարանի սաները
Մուրադ-Ռաֆայելյան վարժարանն կրթական գործունեությամբ կարողացավ հասնել իր նպատակին` Մխիթարյաններից ոգեշնչված ու նրանց ոգով կրթված աշակերտները դարձան հայտնի անուններ` տարածելով հայ միտքը, լեզուն ու մշակույթը։
Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի հայտնի շրջանավարտներից էին.
Մկրտիչ Պեշիկթաշյան (1828-1868)

Արևմտահայ բանաստեղծ, դրամատուրգ Մկրտիչ Պեշիկթաշյանը 1839-1845 թթ. աովորել է Իտալիայի Պադուա քաղաքի Մուրադյան վարժարանում, որտեղ աշակերտել է դրամատուրգ Պետրոս Մինասյանին և Արսեն Բագրատունուն։
1845 թ. նա վերադարձել է Պոլիս ու սկսել իր մանկավարժական-հասարակական գործունեությունը, դառնալով ժամանակի նշանավոր մանկավարժներից մեկը։ Պեշիկթաշլյանը հայոց լեզու, գրականություն և ֆրանսերեն է դասավանդել Թարգմանչաց, Լուսավորչյան և Հռիփսիմյանց վարժարաններում։ Նա մեծ դեր է ունեցել օտարախոս հայ մանուկներին մայրենի լեզու ուսուցանելու գործում։
Արսեն Շաբանյան (1864 – 1949)

Ֆրանսահայ ծովանկարիչ Արսեն Շաբանյանը նախնական կրթությունը ստացել է Կարնո Սանասարյան, այնուհետև Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, որտեղ նկարչություն է ուսանել իտալացի անվանի վարպետներից մեկի` Անտոնիո Պաոլետտիի մոտ: Այնուհետև աշակերտել է Այվազովսկուն ու հենց նրա խորհրդով ուսումը շարունակել Փարիզի Ժուլիեն ակադեմիայում։ Արսեն Շաբանյանը 1926 թ. արժանացել է Պատվո Լեգեոնի շքանշանի։

Շարլ Ադամյան (1872-1947)

Ֆրանսահայ նկարիչ Շարլ կամ Կարապետ Ադամյանը Պոլսի Սբ. Բենուայի դպրոցից 1886 թ. տեղափոխվել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարան: Տեղի հոգևորական-մանկավարժները նկատել են Ադամյանի նկարչական շնորհքն ու ընդունակությունները և թույլատրել նրան պարտադիր առարկաներին զուգահեռ հետևել ճանաչված նկարիչներ Անտոնիո Պաոլետտիի և Տրանքիլ Տալիպիետրայի մասնավոր նկարչական դասընթացներին: Ավարտելով վարժարանը՝ 1892 թ. Կարապետն ընդունվել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիա։

Էդգար Շահին (1874-1947)

Ֆրանսահայ մեծ նկարիչ Էդգար Շահինը 1892-ին սովորել է Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում։ Սրան հաջորդել է կրթությունը Փարիզի Ժուլիան ակադեմիայում։ Այնուհետև մասնակցել է Վենետիկի բիենալեին ու արժանացել Ոսկե մեծ մրցանակի, ապա Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանի։ Մուրադ-Ռաֆայելեյանի ուսման ժամանակաշրջանում և հետո ողջ կյանքում բազմիցս անդրադարձել է վենետիկյան պատկերներին ու դարձել Վենետիկի պատվավոր քաղաքացի։

Դանիել Վարուժան (1884-1915)

Արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանը Պոլսի Քաղկեդոնյան վարժարանից 1902 թվականին տեղափոխվել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոց: Այստեղ բանաստեղծին գերել են Վերածնության շրջանի գեղանկարչության ու քանդակագործության գլուծգործոցները։ Ծանոթացել ու տարվել է ռուս հանճարեղ գրող Լև Տոլստոյի և ֆրանսիացի մեծ մտածող Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով: Վարուժանը ուսումնասիրելէ Հայ ժողովրդի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը: Վենետիկում էլ նա գրել է առաջին բանաստեղծությունները՝ պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով: 1905 թվականին` երեք տարի այստեղ ուսանելուց հետո Վարուժանը մեկնել է Բելգիա և ընդունվել Գենտի համալսարան։

Վահրամ Փափազյան (1888-1968)

Հանճարեղ դերասան Վահրամ Փափազյանը Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում սովորել է 1905-1907 թվականներին: Հենց այստեղ ուսանելու տարիներից էլ Իտալիան եւ հատկապես Վենետիկը ներշնչանքի աղբյուրներ են դարձել մեծ դերասանի համար։ Վերածննդի այս օրրանում էլ նա ոգեշնչվել, սիրել ու հետագայում իր ողջ կյանքի ընթացքում խաղացել է Վենետիկի հետ անմիջական կապ ունեցող շեքսպիրյան հայտնի իր կերպարները` «Օթելլո» եւ «Վենետիկի վաճառականը» թատերգություններում:

Մուրադ-Ռաֆայեյան վարժարանի հայտնի շրջանավարտների ցանկը կարելի է երկար թվարկել։ Նշենք, որ այստեղ հայերից բացի սովորել են նաև եվրոպացիները: Անվանի հայագետներ Հյուբշմանը, Ֆետտերը, Ֆ.նևը, Դյուլորիեն և ուրիշները մշտական կապերի մեջ են եղել Մխիթարյանների և Մուրատ-Ռաֆայելյան վարժարանի հայագետների հետ:

