Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Մորիկոնեն ղեկավարում է Մորիկոնեին» խորագրով համերգը: Այն նվիրված էր օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեին: Հոր ստեղծագործությունները հնչեցին դիրիժոր Անդրեա Մորիկոնեի ղեկավարությամբ։ «Roma Sinfonietta» նվագախմբի հետ բեմում էին նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը:
Իտալացի դիրիժորը անակնկալ էր պատրաստել նաև հայ հանդիսատեսի համար: Բացի արդեն սիրված ու հայտնի սաունդթրեքերից՝ մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ հայկական երաժշտությունից ոգեշնչված սյուիտի համաշխարհային պրեմիերան: Մորիկոնեն էլ հպարտությամբ խոսեց Հայաստանի ու հայկական երաժշտության մասին։ «Հայրս մեծապես հետաքրքրված է եղել Հայաստանով ու հայկական երաժշտությամբ։ Վստահ եմ՝ մենք կկարողանանք հայկական երաժշտությունը լավագույնս ներկայացնել աշխարհին մեր երաժիշտների օգնությամբ: Շնորհակալ ենք հայ երաժիշտներին: Նրանց հետ աշխատանքը պարզապես հրաշալի ստացվեց», - խոստովանեց երաժիշտը: