Դիեգո Վելասկեսը՝ իսպանական գեղանկարչության հանճարներից մեկը, ծնվել է 1559 թվականի հունիսի 7-ին, մկրտված է պորտուգալացի հրեայի ընտանիքում։ Նկարչության դասեր առել է ծննդավայրում՝ Ֆրանսիսկո դե Էռերա Ավագից և Ֆրանսիսկո Պաչեկոյից։ «Բրեդայի հանձնումը» ստեղծագործությամբ Վելասկեսը հիմք է դրել պատմանկարչությանը Եվրոպայում։ Ստեղծել է նաև բազմաթիվ դիմանկարներ. ուշագրավ են պալատական ծաղրածուների, խեղկատակների և գաճաճների դիմանկարները։ Նկարչի ամենաուշագրավ գործերից մեկն է «Հայելիով Վեներան». բանն այն է, որ վերոնշյալը Վելասկեսի միակ գործն է, որն արված է «նյու» ոճով։ Իսկ թե ինչու՝ կարդացեք ստորև։
Ինչպե՞ս է Վելասկեսին հաջողվել խույս տալ ինկվիզիցիայից։
Իսպանիայում մի քանի հարյուրամյակ ինկվիզիցիան հմտորեն ճնշում էր տեղացիների կրքերը։ Զարմանալի չէ, որ մերկ մարմին պատկերող կտավները խստիվ արգելվում էին, իհարկե, նման դեպքերում դժվար թե հեղինակին հրկիզեին, սակայն ֆիզիկական ծանր բռնություններն ու ունեցվածքի բռնգրավումը երաշխավորված էին։ Նույն ժամանկների եվրոպական այլ քաղաքներում եկեղեցին թույլ էր տալիս պատկերել մերկ կանանց՝ մեկ պայմանով, պատկերվածը պտի լիներ վերերկրային կին, օրինակ՝ աստվածուհի։
Այսպիսով, Վելասկեսի «Վեներա»-ն իսպանացիների աչքին անսովոր մի բան էր, ու երկար տարիներ թաքնվում էր մեծահարուստների մասնավոր հավաքածուներում։
Բանն այն է, որ նկարիչն իր հայտնի «Վեներային» պատկերել է Իսպանիայի սահմաններից դուրս. 1647-1651 թվականներին նկարիչը երկրորդ անգամ մեկնել է Իտալիա և հենց այդ ճանապարհորդության ընթացքում ծնունդ տվել «Վեներային՝ հայելու առաջ»։
«Վեներան»՝ մեջքով
Վելասկեսն առաջինը չէ, ով պատկերել է Վեներային, ավելին՝ Վելասկեսն առաջինը չէ անգամ նրանցից, ով պատկերել է Վեներային՝ հայելու առաջ։ Իսպանացի նկարչից շատ ավելի վաղ նմանատիպ թեմատիկայով կտավ է հեղինակել իտալացի նկարիչ Տիցիանը. վերջինիս Վեներան նույնպես նայում է հայելուն, սակայն նա, ի տարբերություն Վելասկեսի «Վեներայի», երևում է ամբողջապես առջևից։

Տիցիան «Վեներան հայելու առաջ»
Վելասկեսի «Վեներան» պատկերված է՝ մեջքով, բացի այդ, նրա դիմագծերն անհնար է հստակությամբ տեսնել հայելու մեջ. նկարիչը թույլ է տալիս, որ յուրաքանչյուրն ինքը պատկերացնի, թե ինչպիսին է նա՝ Վեներան՝ կնոջ իդեալական գեղեցկության մարմնացումը. չէ՞ որ մինչ այդ բազմաթիվ նկարիչներ ծաղր ու ծանակի էին ենթարկվել՝ հենց միայն այն բանի համար, որ նրանց Վեներան դուր չէր եկել մարդկանց։
Ո՞վ է եղել Վելասկեսի բնորդուհին
Կա մի վարկած, ըստ որի Վելասկեսը կտավը նկարել է մարկիզ Գասպար դե Էլիչե դել Կապրիոյի պատվերով, իսկ Վեներայի նախատիպը մարկիզի սիրուհին է՝ պարուհի Աննա Դամինը։ Դե իսկ դիմագծերը լղոզված են, որպեսզի ոչ ոք չկռահի, թե ով է պատկերված։
Ըստ մեկ այլ վարկածի, Իտալիայում գտնվելու ընթացքում Վելասկեսին ուղեկցել է իր ընկերուհին՝ նկարչուհի Ֆլամինիա Տրիվիոն։ Չար լեզուներն ասում են, որ հետագայում Ֆլամինիան երեխա ունեցավ՝ «գեղանկարչության հանդեպ տածած սիրո արդյունքում»։
Այնուամենայնիվ, կտավն իր տեղն էր գտել հենց Գասպար դե Էլիչե դել Կապրիոյի հավաքածուում, այնուհետև ժառանգություն է հասել մարկիզի թոռնուհուն։ Վերջինիս մահից հետո, հետագա ժառանգները վաճառեցին կտավը Մանուել Գոդոյին՝ իսպանական թագուհու սիրելիին։
Լեգենդը վկայում է, որ…
Ըստ լեգենդի, երբ «Վեներան» դուրս եկավ այն ընտանիքից, որի պատվերով Վելասկեսը հեղինակել էր այն, սկսեց անհաջողությունների տարափ թափել հետագա սեփականատերերի գլխին։ Գոդոյը, որ անսահման հարուստ էր, շուտով ստիպված էր թողնել իր ողջ ունեցվածքն ու փախչել Իսպանիայից։ Այնպես էր ստացվում, որ հետագա բոլոր սեփականատերերը նույնպես ինչ-որ պահի սննկանում էին և ստիպված էին լինում վաճառել «Վեներային»։
«Վեներայի»՝ձեռքից ձեռք ճանապարհորդությունը ավարտվեց միայն XX դարի սկզբին, երբ կտավը հանգրվանեց Լոնդոնի ազգային պատկերասրահում։

