Չինաստանում շրջագայությունից հետո հունվարի 17-19-ը Դուբայի օպերայում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի «Սիմֆոնիկ ռոք» համերգաշարը։ Նվագախումբը մեկնում է ԱՄԷ Դուբայի օպերայի հրավերով։
Հունվարի 17-ին և 18-ին նվագախումբը կներկայացնի «Լեդ Զեփելին» և «Նիրվանա» ռոք խմբերի, իսկ հունվարի 19-ին Մայքլ Ջեքսոնի համաշխարհային ճանաչում վայելող երգերի սիմֆոնիկ մեկնաբանությունները։
Նվագախմբից հայտնում են, որ «Սիմֆոնիկ Զեփելին» և «Սիմֆոնիկ Նիրվանա» համերգները ղեկավարելու է Միացյալ Թագավորությունից հրավիրված դիրիժոր Ռիչարդ Սիդվելը, իսկ «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը վստահեցնում է` նման նախագծերն օգնում են ավելի շատ մարդկանց ճանաչել սիմֆոնիկ երաժշտությունը և նվագախմբի աշխատանքը․ «Մենք հավատում ենք երաժշտության ուժով մարդկանց միավորմանը և ներքին կատարելագործման ու հոգևոր վերելքի ձգտմանը»:


