Հանրաճանաչ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ վերադառնում են Սյունիք։
Շրջագայության մեկնարկը կտրվի հուլիսի 29-ին Մեղրիի մարզամշակութային կենտրոնում կայանալիք համերգով, հուլիսի 30-ի համերգը տեղի կունենա Կապանի Մշակույթի կենտրոնում, հուլիսի 31-ի եզրափակիչ համերգը՝ Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Շրջագայությունը, որը «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագրի մասն է, ոչ միայն մշակութային խոշոր իրադարձություն է, այլև կարևորագույն քայլ՝ ուղղված մարզերում բարձրարվեստ դասական երաժշտության հասանելիությանն ու հոգևոր կյանքի աշխուժացմանը: Այս տարի այն մեկնարկել է հունիսին՝ Աշտարակում, Վաղարշապատում, Հրազդանում և Չարենցավանում կայացած համերգներով, որոնք նվիրված էին Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի 105-ամյա հոբելյաններին:
Բացառիկ երեկոների ընթացքում հանդիսատեսի դատին կհանձնվի համաշխարհային և հայ դասական երաժշտության գլուխգործոցներ՝ Մաքս Բրուխի Ջութակի կոնցերտը և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը:


