Հայ բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի մահվան 80-րդ տարելիցի օրը, Երևանում անցկացվել է բացօթյա ցուցահանդես, հայերեն և ֆրանսերեն ընթերցումներ դպրոցականների մասնակցությամբ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Ներկայացնում ենք Միսաք Մանուշյանի վերջին նամակը կնոջը՝ Մելինեին:
«Թանկագին Մելինե, իմ սիրելի փոքրիկ որբուկ,
Մի քանի ժամից ես կլքեմ այս աշխարհը: Մեզ գնդակահարելու են այսօր ցերեկը՝ ժամը 15-ին: Ինձ թվում է, թե սա պատահականություն է իմ կյանքում, ես սրան չեմ հավատում, բայց, այնուամենայնիվ, գիտեմ, որ այլևս երբեք քեզ չեմ տեսնելու:
Ի՞նչ կարող եմ գրել քեզ: Ներսումս ամեն ինչ խառնված է, բայց միաժամանակ՝ պարզորոշ:
Որպես կամավոր զինվոր ես միացել էի Ազատության բանակին և հիմա մեռնում եմ հաղթանակի և վերջնանպատակի սահմանագծին: Երջանկությու՛ն նրանց, ովքեր կվերապրեն մեզ և կհամտեսեն վաղվա ազատության և Խաղաղության քաղցրությունը: Ես համոզված եմ, որ ֆրանսիացի ժողովուրդը և Ազատության բոլոր մարտիկները կհարգեն մեր հիշատակն արժանապատվորեն: Մահվանս շեմին ես հայտարարում եմ, որ բացարձակապես ատելություն չեմ զգում ո՛չ գերմանացի ժողովրդի, ո՛չ որևէ մեկի հանդեպ. յուրաքանչյուրը կստանա այն, ինչին կարժանանա՝ որպես պատիժ և որպես պարգև: Գերմանացի ժողովուրդը և բոլոր մյուս ժողովուրդները կապրեն խաղաղության և եղբայրության մեջ պատերազմից հետո, որն այլևս երկար չի տևի: Երջանկություն բոլորի՛ն: Ես խորապես ցավում եմ քեզ չերջանկացնելու համար, ես այնքան կուզեի քեզնից երեխա ունենալ, ինչպես ինքդ ես միշտ ուզել: Ուստի քեզ խնդրում եմ պատերազմից հետո անպայմանորեն ամուսնանալ և երեխա ունենալ՝ հանուն իմ երջանկության, և իմ վերջին ցանկությունն իրականացնելու համար ամուսնացի՛ր մեկի հետ, ով կարող է քեզ երջանկացնել: Ողջ ունեցվածքս և բոլոր գործերս թողնում եմ քեզ, քրոջդ և նրա զավակներին: Պատերազմից հետո որպես իմ կին կարող ես պահանջել պատերազմի թոշակի քո իրավունքը, քանի որ ես մեռնում եմ որպես ֆրանսիական Ազատության բանակի շարքային զինվոր:
Խմբագրել տուր իմ արժեքավոր բանաստեղծությունները և գրվածքներն այն ընկերներիս օգնությամբ, ովքեր կցանկանան հարգել իմ հիշատակը: Եթե հնարավոր է, հուշերս տար հարազատներիս՝ Հայաստան: Շուտով ես կմեռնեմ իմ 23 զինակից ընկերների հետ քաջությամբ և մի մարդու խաղաղությամբ, ով շատ հանգիստ խիղճ ունի, քանի որ ինքս որևէ մեկին չեմ վնասել և եթե անգամ արել եմ, ապա արել եմ առանց ատելության: Այսօր արևոտ է: Նայելով արևին և գեղեցիկ բնությանը, որ ես այդքան սիրում էի, հրաժեշտ եմ տալիս կյանքին և բոլորիդ՝ իմ շատ սիրելի կին և իմ շատ սիրելի ընկերներ: Ես ներում եմ բոլոր նրանց, ովքեր վնասել են ինձ կամ ցանկացել են վնասել՝ բացառությամբ նրանց, ովքեր դավաճանել են մեզ՝ իրենց կաշին փրկելու համար և նրանց, ովքեր ծախել են մեզ: Ջերմորեն համբուրում եմ քեզ, ինչպես նաև քրոջդ և բոլոր հեռու և մոտ ընկերներին, ովքեր ճանաչում են ինձ. բոլորդ իմ սրտում եք: Մնաս բարով: Քո ընկեր, քո զինակից ընկեր, քո ամուսին:
Մանուշյան Միշել.
Հ.Գ. Ես Պլեզանս փողոցի վրա՝ ճամպրուկի մեջ, տասնհինգ հազար ֆրանկ ունեմ: Եթե կարող ես, վերցրու փողը, վճարիր պարտքերս և մնացածը տուր Արմենին»:



