Կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը կարող է ազատության մեջ հայտնվել։ Ինչպես գրում է The New York Post-ը, Նյու Յորքի վերաքննիչ դատարանը նրան վճիռը բողոքարկելու հնարավորություն է տվել։
Դատավոր Ջանեթ Դիֆյորեն Հարվիի փաստաբաններին թույլ է տվել բողոքարկել դատավճիռը, որը կայացվել է 2020 թվականին։ Այսպիսով, գործը քննելուց հետո դատարանը կարող է փոխել կամ չեղարկել պատիժը, ինչպես նաև նշանակել նոր գործ։ Լրագրողների համաձայն՝ այժմ կինոպրոդյուսերը կարող է գրավի դիմաց ազատ արձակվել։
«Մենք հուսով ենք, որ որոշումը կստանանք 2023 թվականի գարնան վերջին-ամառվա սկզբին: Հարվին հուսով է, որ դատավորները կվերանայեն իր դատավճիռը: Նա այսօր էլ շարունակում է պնդել, որ անմեղ է»,- ասել է կինոպրոդյուսերի փաստաբան Արթուր Լ. Այդալան:

Հիշեցնենք, որ սեքս-սկանդալի մասին լուրերը տարածվել են 2017 թվականի աշնանը։ Այդ ժամանակից ի վեր ավելի քան 100 կանայք հայտնել են հոլիվուդյան պրոդյուսերի կողմից բռնության մասին: 2020 թվականի մարտին Հարվին մեղավոր ճանաչվեց բռնաբարության և սեռական ոտնձգությունների հինգ հոդվածներից երկուսի համար և դատապարտվեց 23 տարվա ազատազրկման:


