Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա «Հանել դանակները․ Ապակե դղյակ» (Knives Out: The Glass Onion) դետեկտիվի թվային պրեմիերան․ այն կկարողանան դիտել Netflix-ի բաժանորդները։
Ռայան Ջոնսոնի դետեկտիվ ֆիլմը համարվում է 2019 թվականի «Հանել դանակները» ֆիլմի շարունակությունը։ Դենիել Քրեյգը կրկին մարմնավորում է դետեկտիվ Բենուա Բլանին, որը կհետաքննի հերթական սպանությունը։ Ի դեպ, ֆիլմի անվանումը ոգեշնչված է The Beatles խմբի Glass Onion երգից։

«Հանել դանակները․ Ապակե դղյակ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 10-ին, Տորոնտոյի 47-րդ միջազգային կինոփառատոնում։ Դեռ մինչ առաջին ֆիլմի պրեմիերան Ջոնսոնը հայտնել էր Բենուա Բլանի մասնակցությամբ մի քանի ֆիլմերի ստեղծման հնարավորության մասին։
Եվ այսպես, ինչի՞ մասին է այս ֆիլմը․

Քանի որ կորոնավիրուսային համաճարակը մոլեգնում է ամբողջ աշխարհում, մի քանի հին ծանոթներ հունական կղզի այցելելու հրավեր են ստանում, որը պատկանում է Մայլզ Բրոնին (Էդվարդ Նորթոն)՝ էքսցենտրիկ միլիարդատեր և հանճար, որը որոշում է լիցքաթափվել՝ բեմադրելով սեփական սպանությունը: Հրավիրվածների թվում են Կոնեկտիկուտի նահանգապետ Քլերը (Քեթրին Հան), Բրոնի համար աշխատող գիտնական Լայոնելը (Լեսլի Օդոմ կրտսեր), նախկին սուպերմոդել Բերդի Ջեյը (Քեյթ Հադսոն), հայտնի սթրիմեր Դյուկը (Դեյվ Բաուտիստա) և Էնդին (Ժանել Մոնե), ինչպես նաև մասնավոր դետեկտիվ Բենուա Բլանը (Դենիել Քրեյգ), որը հայտնի չէ, թե ինչպես է հայտնվում այդ ընկերախմբում։ Նրանք բոլորը կհայտնվեն ապակե դղյակի պատերի մեջ՝ ֆուտուրիստական առանձնատան, որի ինտերիերը զարդարում են վարձակալած «Մոնա Լիզան» և այլ «չեխովյան ատրճանակներ»։
Walt Disney-ի համար («Աստղային պատերազմների» ութերորդ դրվագում) աշխատած և, կարծես, դրանից մեծ հաճույք չստացած Ռայան Ջոնսոնը, հիշեցնենք, սկսել է իր կարիերան հմայիչ և ճարպիկ նեոնուարներից և կողոպուտի մասին ֆիլմերից։ Նա միշտ գիտի՝ ինչպես ինտրիգ ստեղծել դատարկ տեղում և ակնհայտորեն գտել է իրեն «մեր օրերի Ագաթա Քրիստիի» դերում։
Բոլորին հաճելի կինոդիտում!


