Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Լորիս Ճգնավորյանի «Ռոստամ և Սոհրաբ» 2 գործողությամբ օպերային ներկայացման առաջնախաղը: «Ռոստամի և Սոհրաբի պատմությանը մանկուց եմ սիրահարված։ Միշտ եմ ցանկացել օպերա գրել, բայց ուժ չունեի։ Ավարտեցի Վիեննայի ակադեմիան, վերադարձա Իրան և 1961 թվականին սկսեցի այդ նախագիծը։ 65 տարի անցավ, մինչև օպերան բեմադրվեց։ Գաղափարը ծագեց 65 տարի առաջ, բեմադրվում է 65 տարի հետո։ 8 տարբերակ եմ գրել։ Երբ Իրանում սկսեցի գրել, պահանջ զգացի, որ մի մեծ վարպետի ցույց տամ այն և խորհրդակցեմ նրա հետ։ Այն ժամանակ մտածեցի գնալ Ստրասբուրգ՝ միջազգային ճանաչում ունեցող մեծ կոմպոզիտոր Կառլ Օրֆի մոտ։ Երբ հանդիպեցի նրան, լսեց օպերայի մի քանի հատված, և նա առաջարկեց մնալ Ստրասբուրգում ու ավարտել օպերան։ Ուսանող էի, չէի կարող մնալ, իսկ նա ինձ ասաց, որ Ստրասբուրգում մնալու 1 տարվա ծախսը հոգացել են։ Ասաց՝ գնա, նստի, օպերան գրի։ Զարմանալի է, չէ՞։ Դժվար օպերա էր։ Կոնցերտային տարբերակով մի քանի անգամ կատարել եմ Վիեննայում, Անգլիայում, Մեքսիկայում, Հայաստանում, բայց այն երբեք չի բեմադրվել։ Երջանիկ եմ, որ այժմ այն կատարվում է»,- օպերայի ստեղծման մասին պատմել է մաեստրո Լորիս Ճգնավորյանը։
Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի համար մեծ պատիվ է ներկա լինել առաջնախաղին։ «Այսօր Իրանի և Հայաստանի մշակութային հարաբերությունների համար պատմական օր է։ Եկել եմ այստեղ իմ հատուկ շնորհակալությունը հայտնելու մաեստրո Լորիս Ճգնավորյանին, սակայն նա իմ շնորհավորական կամ շնորհակալական խոսքի կարիքը չունի, քանի որ անցել է նվաճումների տարբեր փուլերով ու շատ ձեռքբերումներ ունի։ Մաեստրո Ճգնավորյանն Իրանի և Հայաստանի, Իրանի և աշխարհի միջև մշակութային կամուրջ է ստեղծել։ Նա միայն իրանցի և հայ ժողովդին չի պատկանում, պատկանում է ամբողջ աշխարհին, եթե ես քաղաքականության ոլորտում եմ դեսպան, ապա Լորիս Ճգնավորյանը մշակույթի և խաղաղության դեսպանն է աշխարհում։ Նա մեր պարծանքն է, և ես շատ ուրախ եմ, որ ինձ բախտ է վիճակվել ներկա լինել «Ռոստամ և Սոհրաբ» օպերայի առաջնախաղին»,- նշել է Սոբհանին։