VNews Culture-ի զրուցակիցն է ամերիկյան և կանադական բալետի հայ պարող Հակոբ Խառատյանը։ Ծնվել է 1970-ին, Երեւանում, բալետի անվանի պարողներ Ռուդոլֆ եւ Նադեժդա Խառատյանների ընտանիքում։ 1980–1987թթ. սովորել է Երեւանի պարարվեստի ուսումնարանում, որից հետո կրթությունը շարունակել է Սանկտ Պետերբուրգի Վահանովայի անվան պարարվեստի ակադեմիայում: Ստեղծագործական կարիերայի ընթացքում Հակոբ Խառատյանը եղել է առաջատար մենակատար «Սարասոթա բալետ»-ում (1993), Ինդիանապոլսի բալետի խմբում, «Վաշինգտոն բալետ»-ում (1994–1995), «Հարթֆորդ բալետ»-ում (1996–1997), «Մոնրեալի դասական բալետ»-ում (1998–2000), «Կանադական մեծ բալետ»-ում, «Միլուոքի բալետ»-ում: Որպես հրավիրյալ աստղ՝ բազմիցս հրավիրվել է տարբեր թատրոնների (հատկապես Նյու Յորքի «Սեիսկայա բալետի») բալետային ներկայացումներում պարելու։
1999–2004 թթ. ելույթ է ունեցել «Արքա բալետ» խմբի կազմում՝ ներկայացնելով Ռուդոլֆ Խառատյանի բեմականացրած «Կորսար», «Սենյակը», «Երկխոսություն», «Արձագանքներ» եւ այլ համարները։
Այժմ Arizona School of Classical Ballet-ի տնօրենն է:
Հակոբ, Ձեր մասնագիտությունն ու ապագան կանխորոշվա՞ծ էր՝ հաշվի առնելով Ձեր ծնողների ով լինելը:
-Չէէ, կանխորոշված չի եղել: Ծնողներս ցանկանում էին, որ ես դիպլոմ ունենայի: Բայց այլ ուղի եղավ: Այդ տարիներին բալետի դպրոցի ուսուցիչները գնում էին հանրակրթական դպրոցներ ու Պարարվեստի ուսումնարանի բալետի բաժնի համար երեխաներ ընտրում: Ես այդ ժամանակ Երևանի թիվ 71 դպրոցում էի սովորում: Եկան, տվյալներս ստուգեցին․ ոչինչ չգիտեին իմ մասին, թուղթ տվեցին ու ասացին՝ «Ծնողներիդ կասես, որ քեզ բերեն մեր դպրոց»: Այդպես եկա տուն, թուղթը տվեցի ծնողներիս, ու որոշվեց, որ պետք է ընդունվեմ Պարարվեստի ուսումնարան:
Իսկ ի՞նչն էր պատճառը, որ ծնողները չէին ցանկանում, որ Դուք էլ դառնայիք բալետի արտիստ: Կարծես, Ձեր ծնողները ցանկանում էին, որ Դուք դիվանագետ դառնայիք:
-Հա, կա նման բան (Ծիծաղում է - Հեղ․): Սկզբում ուզում էին, որ դիվանագետ դառնայի, բայց հետո մտափոխվեցին: Ծնողներս որոշեցին, ես էլ, դե, գնացի:
Իսկ ե՞րբ հասկացաք, որ արդեն միայն ծնողների ցանկությունը չէ, Դուք էլ եք ուզում դառնալ բալետի արտիստ:
-Մրցակցություն կար դասարանում, հետաքրքիր էր ուսումը: Դա ինձ գրավեց: Ու եթե անկեղծ լինեմ՝ ես էլ չհասկացա, թե ինչպես սիրահարվեցի բալետին: Սեր չէր առաջին հայացքից, բայց հետո վերածվեց հավիտենական սիրո:
Թեպետ Ձեր հայրն իր ստեղծագործական կյանքի մեծ մասը նվիրել է Երևանին, բայց Դուք, ի տարբերություն նրա, Օպերայի բալետային թատերախմբում երբեք չեք պարել:
-Երևանում սովորելուց հետո մեկնեցի Սանկտ Պետերբուրգ՝ Վահանովայի անվան ակադեմիայում ուսումս շարունակելու: 1990 թվականին, երբ ավարտեցի ու վերադարձա, շատ խառը ժամանակներ էին Երևանում: Խորհրդային միությունը փլուզվում էր, Արցախյան առաջին պատերազմն էր սկսվում: Ընդունվեցի թատրոն, բայց ո՛չ ներկայացում կար, ո՛չ փորձեր, ո՛չ տրամադրություն, ո՛չ էլ պայմաններ: Ոչինչ չկար: Հայրս այդ ժամանակ մեկնում էր Կանադա՝ Մոնրեալում համերգ կազմակերպելու․ Հայաստանից պարողների խումբ հավաքեց, ու 1991 թվականի օգոստոսին մենք մեկնեցինք Մոնրեալ: Ու պարզ չէր, թե հետո ինչ է լինելու: Կանադայում համերգից հետո Մոնրեալում մնացի: Սկսեցի դասեր տալ: Հայրս այդ ժամանակ արդեն տեղափոխվել էր Վաշինգտոն ու «Kirov Academy of Ballet»-ի պարուսույցներից էր: Մի քանի ամիս անց ես էլ մեկնեցի Վաշինգտոն: «Kirov Academy of Ballet»-ն ինձ կրթաթոշակ տվեց․ ասացին, որ թատրոնում տղա պարողների պակաս կա, ու այդպես առաջին անգամ սկսեցի հայրիկիս հետ աշխատել: Ու շատ ավելի խորը ձևով հասկացա բալետը:
Ձեր խաղացանկը բավական հարուստ է, բոլոր դասական ներկայացումներում պարել եք, նաև բազմաթիվ ժամանակակից ներկայացումներում եք գլխավոր դերեր կերտել:
-Շատ թատրոններում եմ պարել, ու միշտ եղել եմ առաջատար մենակատար: Իմ խաղացանկը շատ խիտ էր, ու ես միշտ մտածել եմ՝ որքան շատ բան հասցնեմ անեմ, այնքան ավելի լավ: Որքան շատ է բազմակողմանիությունը, այնքան հնարավորություններն ավելի շատ են: Իմ աշխատանքը և՛ հետաքրքիր էր, և՛ դժվար: Միշտ հետաքրքիր էր նոր խորեոգրաֆների հետ աշխատելը, միշտ սովորելու նոր բան կար:
Ասում են՝ պարի մեջ 80 տոկոսն աշխատանքն է, մնացած 20 տոկոսը՝ տաղանդը: Դուք համամի՞տ եք այդ խոսքի հետ:
-Այո, ամեն ինչ աշխատանքի արդյունք է: Անգլերենում այսպիսի ասացվածք կա՝ Hard work beats talent, when talent doesn't work hard (Աշխատասիրությունը հաղթում է տաղանդին, եթե տաղանդը շատ չի աշխատում): Եթե չաշխատես, բացարձակ նշանակություն չունի՝ տաղանդ ունես, թե ոչ: Տարիներ շարունակ 8-10 ժամ պարապել եմ, փորձեր արել, կերպարիս վրա շատ աշխատել: Բալետի բոլոր արտիստները ձգտում են կատարելության: Մեր նպատակը շատ պարապելով, շատ փորձեր անելով այդ կատարելությանը մոտենալն է: Ոչ ոք, իհարկե, այդ կատարելությանը չի հասնում, բայց որքան մոտենում ես, այնքան ավելի երջանիկ ես քեզ զգում:
Իսկ այն միտքը, որ միևնույն է՝ այդ կատարելությանը չես հասնի, չի՞ հիասթափեցնում: Թե՞ հակառակը՝ մոտիվացնում է:
-Գիտեք, ամեն ինչին պետք է ռեալ նայել ու փորձել բալանս գտնել: Բայց դե պետք է նպատակ լինի ու շարժվես առաջ՝ նպատակիդ հասնելու:
Ձեր նպատակը ո՞րն էր:
-Ես ուզում էի ամեն ինչ պարել, տարբեր պարեր, տարբեր կերպարներ՝ թե՛ դասական, թե՛ ժամանակակից: Ժամանակակից բալետը բազմաթիվ ճյուղեր ունի, ու տարբեր խորեոգրաֆներ տարբեր ոճով են բեմադրում, տարբեր մտածողություն ունեն, ու այդ բոլոր նորությունները ցանկանում էի պարել, զգալ բեմի վրա:
Դուք Հայաստանում և Ռուսաստանում եք բալետի կրթություն ստացել, բայց աշխատել եք Արևմուտքում, որտեղ ուղղվածությունը տարբերվում է Ձեր ստացած կրթությունից:
-Ամերիկյան բալետի ռիթմը շատ արագաշարժ է, ու սկզբում հարկավոր էր շատ արագ սովորել Բալանչինի տեխնիկան, որովհետև թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Կանադայում հիմնականում այդ ուղղությամբ են պարում: Ու որոշ ժամանակ անց իմ ներկայացումներից հետո «Նյու Յորք Թայմսն» ու էլի մի շարք այլ հեղինակավոր պարբերականներ, երբ անդրադառնում էին իմ պարին, գրում էին, թե ինչ հեշտությամբ է ռուսական տեխնիկայով մարզված արտիստը կարողանում փոխվել ու Բալանչինի ոճով պարել:
Դուք նշեցիք մամուլի մասին, ես մի քանի մեջբերումներ էլ անեմ․ «Վաշինգտոն թայմսը» Ձեր մասին նաև գրել է, թե ինչ հաճույք է Ձեր պարին հետևելը, «Նյու Յորք Թայմսը»՝ թե որքան նրբագեղ արտիստ եք բեմի վրա: Նման արժեքավոր գնահատականները կարո՞ղ են ստիպել արտիստին մեծամտանալ:
-«Աստղային հիվանդություն» երբեք չեմ ունեցել: Իհարկե, ամեն մեկը պետք է էգո ունենա, որ շարժվի առաջ, բայց ամեն ինչ պետք է հարմոնիայի մեջ լինի: Ես բազմաթիվ արտիստների եմ ճանաչում, որոնց թվում էր, թե իրենք վերջն են, որ իրենք լավագույնն են, բայց դա սխալ է: Ես երբեք այդ բալանսը չեմ խախտել:
Ի՞նչ կլինի, եթե այդ բալանսը խախտվի:
-Եթե բալանսը չպահպանվի, ադեկվատ մտածողություն չլինի, կարիերադ կավարտվի: Եթե ասես, որ լավագույնն ես, դրանից հետո էլ տեղ չկա, ինչի՞ն պետք է ձգտես, զարգանալու տեղ էլ չկա: Միշտ պետք է գտնես զարգանալու, առաջ գնալու, պարն ու տեխնիկան ավելի լավացնելու առիթ: Միշտ պետք է աշխատես լինել ավելի լավը, քան երեկ էիր:
Սանկտ Պետերբուրգի Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիայում
Թեպետ Ձեր կրթությունը ռուսական է, ու հիմնականում պարել եք արևմտյան բեմերում, բայց միշտ ասում եք, որ բեմի վրա Ձեր հայ լինելը միշտ արտահայտվում է: Ինչո՞վ է այն արտահայտվում:
-Այո, բեմի վրա իմ հայ լինելը միշտ արտահայտվում է, առաջին հերթին՝ հայկական խառնվածքով: Ես միշտ հպարտ եմ եղել, որ հայ եմ, հպարտ եմ եղել իմ ազգանունով, իմ հայրենիքով, ու միշտ մեծ երջանկություն է եղել, որ իմ մասնագիտության մեջ կարողացել եմ հայի անունը բարձր պահել կամ այնպես անել, որ մարդիկ իմ պարի միջոցով իմանան Հայաստանի մասին: Սկզբից գրեթե բոլորն ինձ հարցնում էին՝ արդյոք ռո՞ւս եմ, ես էլ միշտ բարկանում էի ու ասում, որ՝ «Չէ, հայ եմ, Հայաստանից եմ»:
Ռուդոլֆ Խառատյանի բեմականացրած «Սենյակը»
Դուք Ձեզ բալետում ամբողջությամբ ինքնաիրացրե՞լ եք:
-Լավ կարիերա եմ ունեցել: Կարող էր ավելի լավ լինել, կարող էր ավելի վատ լինել: Բայց բազմաթիվ թատրոններում եմ պարել, խաղացանկս շատ մեծ է, ու հա, դժգոհ չեմ: Հիմա, երբ քսան տարվա հեռավորությունից նայում եմ իմ կարիերային՝ գոհ եմ իմ կատարած աշխատանքից:
Դուք բալետի արտիստի կարիերան 2004 թվականի օգոստոսին եք ավարտել:
-Այո, որտեղ սկսել էի իմ կարիերան, այնտեղ էլ ավարտեցի: Այդ ժամանակ հայրս արդեն հիմնադրել էր «Արքա» բալետը, ու հյուրախաղերով Երևանում էինք: Երկու համերգ տվեցինք Օպերայում, ու դրանով եզրափակվեց բալետի արտիստի իմ կարիերան:
Հյուրախաղերը Երևանում
Նկատի ունեք, որ Երևանում սկսեցիք Ձեր կարիերան, Երևանում էլ ավարտեցի՞ք:
-Այո, հենց դա նկատի ունեմ:
Մտածվա՞ծ էր այդ քայլը՝ հենց Երևանում ավարտել կարիերան:
-Չէ, այդպես դասավորվեց: Շատ էի հոգնել, թատրոնում տնօրեն էր փոխվել, խաղացանկ էր փոխվել, ու ես ինքս ինձ ասացի՝ «Հերի՛ք է»: Ես ինձ հետ ազնիվ էի, ու հեշտ եկա այն մտքին, որ ժամանակն է թողնել բեմը: Ծնկներս ցավում էին, մեջքս էլ: Փորձեր անելը դժվար էր: Վնասվածքներ կային, ու չէի ուզում շարունակել պարել, չէի ուզում, որ իմ տեխնիկան սկսեր զիջել ու հանդիսատեսը դա տեսներ: Մտածեցի, որ պետք է բարձր նոտայի վրա ավարտել: Միլուոքիում իմ վերջին ներկայացումն «Ապոլոնն» էր:
Կարիերան ավարտելուց հետո սկսել եք դասավանդել, ու արդեն մի քանի տարի է՝ Ձեր կնոջ՝ Իրինա Աբրամյանի հետ Արիզոնայի բալետի դպրոցն եք ղեկավարում:
-Այո (Իրինայի հետ մեր հարցազրույցը՝ այստեղ):
Որպես խորեոգրաֆ ու բալետմեյստեր՝ ինչի՞ն եք ամենաշատն ուշադրություն դարձնում:
-2014 թվականից ենք դպրոցը ղեկավարում: Շատ լավ աշակերտներ ունենք, որոնք մրցույթների են մասնակցում, մրցանակներ շահում: Կամքի ուժը շատ կարևոր է, ու ամեն ինչ պետք է բալանսի մեջ լինի: Արտիստը միշտ պետք է հարմարավետության գոտուց դուրս գա, որ ինչ-որ բանի հասնի: Եթե միշտ նույնն անես, միշտ նույն արդյունքը կստանաս: Հարկավոր է անընդհատ փոխես, լավացնես, որ ամեն ինչ ճիշտ ձևով արվի: Միշտ աշխատելու տեղ կա: Բացի տաղանդից, շատ կարևոր է աշխատասիրությունն ու ֆիզիկական տվյալները, հոգեկան ուժը, այսպես ասած՝ հոգեկան դիմացկունությունը՝ չկոտրվելու ու սթրեսներին դիմանալու համար: Պետք է միշտ գնալ շախմատ խաղալու գաղափարով ու փորձել մի քանի քայլ առաջ տեսնել, որ արդեն տարբեր սցենարների ժամանակ ճիշտ կողմնորոշվես ու հասկանաս, թե այդ իրավիճակում ի՞նչ անես ու ինչպե՞ս դուրս գաս:
Ձեր դուստրը՝ Սիլվին, Ձեր աշակերտն է: Ի՞նչ երազանքներ ունեք իր հետ կապված:
-Սիլվին լավ տվյալներ ունի, աշխատասեր է, տեսնենք, թե ինչ կստացվի: Ինձ համար շատ կարևոր է, որ ինքը ոչ միայն ինձ հասնի, այլև ինձանից առաջ անցնի:
Ինչի՞ համար եք զղջում:
-Ոչ մի բանի համար: Այն, ինչ կյանքում կատարվում է, հենց այնպես չի կատարվում: Գուցե այդ պահին ինքդ քեզ հարցնես, թե ինչո՞ւ այդպես եղավ, բայց հետո հասկանում ես, թե ինչից ուր է տանում ու ինչ զարգացում է ունենում:
Կա՞ բան, որի մասին երազում եք:
-Խաղաղություն լինի ու մեր Վիլսոնյան Հայաստանին հասնենք:
Զրուցեց Հասմիկ Հարությունյանը
Օգտագործվել են արխիվային կադրեր
Կարող եք կարդալ նաև՝
Աննա Կոստանյան․ Իսրայելում ինձ ասում էին, որ կրակ եմ, որը մտնում է բեմ ու ամբողջ բեմը գրավում
Արմինա Խաչատրյան․ 31 տարեկանում վերջապես դարձա բալետի արտիստուհի
Լիլիթ Հակոբյան․ Ամբիցիան շատ կարևոր բան է, որն ինձ օգնում է գոյատևել