Դեկտեմբերի 8-ին «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց դերասաններն ու ստեղծագործական անձնակազմը նշել են թատրոնի 36-ամյակը: «Միջոցառման ընթացքում ազդարարեցինք մեր նստացույցի ավարտի մասին, որը 1 ամիս շարունակ ցուցադրեց մեր հաստատակամությունը: Սակայն ամեն պայքար պահանջում է փոփոխություն և զարգացում: Այժմ անցնում ենք նոր փուլ՝ շեշտը դնելով ավելի արդյունավետ և ռազմավարական քայլերի վրա: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում իրենց մասնակցությամբ աջակցեցին մեր պայքարին: Մեր ստեղծագործական ճանապարհը շարունակվում է։ Սպասում ենք ձեր աջակցությանը նաև առաջիկա նախաձեռնություններում»,- նշված է թատրոնի ֆեյսբուքյան էջում։
«Մեր 36 տարեկան թատրոնի դռները հիմա փակ են: Մենք վերևում չենք, փորձեր չենք անում, ներկայացում չկա: Ու ես այսօր մտածում էի, որ երկիր մոլորակի բոլոր թատրոններից և ոչ մեկին նման չէ մեր թատրոնը: Թեկուզ միայն նրանով, որ թատրոնը կա, դերասանները չկան, թատրոնը վերևում է, դերասանները՝ ներքևում, որ 1 ամիս և ավելի հերթափոխով նստում են թատրոնի փակ դռների առաջ: Ի վերջո մարդու ամենահանճարեղ ունակությունը միտքն է, բայց այն կարող է ծառայել տարբեր նպատակների ու հանգեցնել տարբեր արդյունքների: Կարելի է ստեղծել և կարելի է քանդել: Ես ուրախ եմ, որ «Գոյը» ստեղծողների, արարողների շարքից է, և ես այնտեղ եմ: Գոյը մարդիկ են, ուստի այն փակել անհնար է: Ծնունդդ շնորհավո՜ր, Գոյ»,- գրել է Վաչե Երիցյանը: