Logo

Գոյան`այդ կատաղի Արագոնացին

Հեղինակ
naira-art
00:00 / 30.03.2020ՄՇԱԿՈՒՅԹ
333 3 - Գոյան`այդ կատաղի Արագոնացին

1746 թ. մարտի 30-ին ծնվել է իսպանացի մեծ գեղանկարիչ ու փորագրանկարիչ, ռոմանտիզմի ժամանակաշրջանի մեծագույն վարպետներից մեկը` Ֆրանչիսկո Գոյան։ Այսօր ձեզ համար առանձնացրել ենք Գոյայի հայտնի կտավներից մի քանիսը` հայ մեծանուն գրող Կոստան Զարյանի մեկնաբանությամբ։

Կոստան Զարյանի գրական, գեղարվեստական ու արվեստաբանական միտքը միախառնվելով ստեղծել է իսպանացի նկարչի ամբողջական կերպարը։ Սա այն դեպքն է, երբ հավասարաչափ արժեքավոր են ոչ միայն Գոյայի կտավները, այլ նաև դրանց մասին գրված զարյանական տեքստը։

 

5cf148e39780ff1e6f8e8cfbd1f3bbf3 - Գոյան`այդ կատաղի Արագոնացին
Գոյա «Ինքնադիմանկար»

Գոյան` այդ կատաղի Արագոնացին

Արագոնացի` ոտքից մինչև գլուխ, գոռոզ, համառ, տոկուն, քաջությունը միացած հանդգնության, կամքը` ծայրահեղության, ազատության և անկախության սերը` մոլեռանդության, օտարականի դեմ պայքարը` հազար դանակներ սրած ատելության։

Ֆրանչիսկո Գոյա ի Գրասիա Լուսիենտեսը ծնվել էր 1746-ի մարտի 30-ին, 150 բնակիչ ունեցող Ֆուենդետոդոս ժայռանիստ և աղքատիկ գյուղում, երկու հավի, մի աքլորի և մորուքավոր մի այծի տեր, թշվառ շինականների ընտանիքում։

 

տունը՛ - Գոյան`այդ կատաղի Արագոնացին
Գոյայի հայրական տունը

 

Նա իջել էր վար` գլուխը թափահարելով լեռների դեմ, աչքերը վառ, քայլերը վստահ։

Իր գույները` սև, սպիտակ, խրուկ, դեղինկավ, Սիենայի հող։

 

the snowstorm - Գոյան`այդ կատաղի Արագոնացին
Գոյա «Ձմեռ»

 

«Բնության մեջ – պիտի ասեր ավելի վերջը –  ո՛չ գույնը գոյություն ունի և ոչ գիծը. կա արևը և կան ստվերները։ Մի կտոր ածուխով ես կարող եմ նկարել մի նկար։ Ամբողջ նկարչությունը զոհաբերության և տեսակետի խնդիր է»։

Այդ զոհաբերությունև և տեսակետը ստեղծեց մի դար` Գոյայի դարը։

Գոյան Սարագոսայից եկել էր Մադրիդ` վայելելու համար կյանքը

Երկայն մի կապայի մեջ փաթաթված, լայն սև գլխարկը աչքերի վրա առած, թևի տակ մի ահագին կիթառ սեղմած` նա խնջույքից խնջույք էր վազում, ժամադրությունից` ժամադրություն։ Գիշերը գեղեցիկ մի Ռոզինայի պատուհանի առջև կանգնած նա սերենադներ էր երգում և ուրիշ սիրահարների հետ կատաղի կռիվների բռնվում։

 

Goja Kukla - Գոյան`այդ կատաղի Արագոնացին
Գոյա «Տիկնիկ»

 

Այդպես չորս տարի շարունակ, մինչև որ մի գիշեր, Լավապիես արվարձանի փողոցներից մեկում, կռվի ժամանակ նավախայի հարվածը մեջքին, վայր է ընկնում արյունաթաթախ…

Հազիվ իր վերքը բուժած` նա ստիպված էր փախչել մայրաքաղաքից…

 

Մեկնում է Հռոմ

Այստեղ վարպետների գործերը ուսումնասիրելու տեղ, նա նախընտրում է նկարել իր երկրի տեսարանները, օտարությունը շատ չզգալու համար։ Մեծ հաջողություն։

 

goya italy 46 - Գոյան`այդ կատաղի Արագոնացին

Նա ուզում է շարունակել իր արկածախնդրությունները։ Ամենախենթ բաները, որ կարելի է երևակայել։ Մի գիշեր, փոքրիկ մի ճրագ ձեռքին, նա բարձրանում է Սբ Պետրոսի գմբեթի բարձրագույն կետի վրա և դանակով փորում իր անունը։ Ուրիշ օր, իր անվախությունը և ճկունությունը ցույց տալու համար, կատվի նման մագլցում է Սեսիլիա Մետելլայի գերեզմանի վրա և շուրջի նեղլիկ պսակի ծայրերով ման գալիս։ Մի ուրիշ օր էլ, երբ սկսում է բարձրանալ մի վանքի պատից վեր, փախցնելու համար գեղեցիկ մի մայրապետ, որին խենթի նման սիրահարված էր, Պապի սբիրները նրան ձերբակալում են։ Սպանիական դեսպանի միջամտությունը ազատում է նրան բանտից, և 29 տարեկան հասակին, նա նորից ստիպված է լինում վերադառնալ Մադրիդ։

 

Վերադարձ Մադրիդ

Ամուսնանում է մի կնոջ հետ, որ իրեն պիտի տար քսան զավակ։ Ինչը, որ սակայն արգելք չի հանդիսանում շարունակելու իր բուռն և անկանոն կյանքը։

 

Բայե կինը - Գոյան`այդ կատաղի Արագոնացին
Գոյա «Ժոզեֆա Բայե», Նկարչի կինը

 

Կին, գինի, էսպադա։

Գոյան երջանիկ է։

Եվ հանկարծ` ծանրածանր ամպեր, որոտ, փոթորիկ։ Վրեժի և ատելության երկու կատաղի էջեր։

 

1808 թ. Dos ևTres se Mayo

Ֆրանսիացիների արշավանքը, Կառլոս  IV-ի բանտարկությունը, օտարականը Սպանիայում, ժողովրդական ապստամբության անողոք ճնշումը։ Հպարտ արագոնացին արթնանում է իր ամբողջ ուժի և վայրենության մեջ։ Ու այստեղ վրձինը դառնում է շանթահարող, վրիժառու, թշնամին հավիտենական ամոթի խաչին գամող մի ահավոր թափ։

 

2 - Գոյան`այդ կատաղի Արագոնացին
Գոյա «Մայիսի 2»

 

«Մայիսի երկուսը» ներկայացնում է Տյուրայի զորքերի ժողովրդական ապստամբության անողոք ճնշումը, Պուերտո դե Սոլ հրապարակի վրա։ Դրագոններից և մամելուկներից բաղկացած ֆրանսիական հեծելազորքի վրա է հարձակվում կատաղած ամբոխը։

Այս նկարը նմանում է սոսկալի մի կորիդայի։ Ոչինչ կարել է երևակայել ավելի ներուժ, ավելի արտահայտիչ, ավելի պայթուցիկ։ Բողոքի հսկայական մի ճիչ է, որի ձայնը ճեղքում է դարի խավարը։ Աղաղակ, որ ձեզ լցնում է սարսռանքով ու հաղորդում իր ցասումը։

 

3 - Գոյան`այդ կատաղի Արագոնացին
Գոյա «Մայիսի 3»

 

«Մայիսի երեքը» ներկայացնում է ապստամբության մյուս օրը։ Տոթահար մի գիշեր։ Օտար բանակը հաղթել է ապստամբներին և բերել շարել գնդակահարության պատի մոտ…

Չեմ կարծում , որ որևէ ուրիշ նկար պարունակե այդքան ուժ, այդքան ցասում, այդքան սոսկում։ Մանեի «Մաքսիմիլիանի գնդակահարությունը», որ ուզում է նմանել սրան, մանկական խաղ է։ Գոյան այստեղ, ներկայացնելով սպանիական պատմության ողբերգական մի դեպք, հանդիսանում է  ոչ միայն հզոր նկարիչ, այլև բոլոր այդ տեսակ բռնությունները ամոթի մատնող ահավոր մի դատավոր։

Ամենաշառաչուն ապտակը և ամենուժեղ բողոքը, որ արվեստը ճանաչում է։

 

Ցասումից հետո` ծաղրը

Արագոնացի այդ գյուղացին երբեք չի մոռանում իր ծագումը։ Կառլոս IV-ի և Մարիա Լուիզի պատկերները լեցուն են ծաղրանքով և արհամարհանքով։

u g PQZZHK0 - Գոյան`այդ կատաղի Արագոնացին
Գոյա «Կառլոս IV»

Փոր առած, շագանակագույն զգեստի մեջ սեղմված, բազմաթիվ շքանշաններով զարդարված, երեսին կպած տխմար ժպիտով, ոլոր կապույտ աչքերով այդ թագավորը, կամազուրկ, կարճախելք, ամենաողորմելի տպավորությունն է թողնում։

 

ընտանիքը - Գոյան`այդ կատաղի Արագոնացին
Գոյա «Կառլոս IV-ի ընտանիքը»

Նույնը` թագուհին, շռայլ կյանք վարած և պառավել սկսող անհրապույր մի կին, համեստորեն հագված, բարակ վիզ, փոքրիկ գլուխ, անառակ աչքեր, ճեղքված բերանի վրա ընկնող քիթ, անշուրթ և անակռա մի էություն, որից թառամածություն է բուրում և անկարող հեշտանք։

 

Ծաղրանքից հետո` սերը

Երկու MAJAS-ները (մախաները)։ Դքսուհի դ՛Ալբայի երկու պատկերներ։ Այն դքսուհին, որի գեղեցկությունը վայելել էր իր բուն խառնվածքի ամբողջ թափով։ Հագնվածը և մերկը, որ նրա գերզգայուն վրձնի տակ թրթռուն մարմիններ են պարզում շքեղորեն զգայուն և հրաշալիորեն կատարյալ։

 

1280px Maja vestida Prado 960x483 - Գոյան`այդ կատաղի Արագոնացին
Գոյա «Հագնված Մախան»

 

Անհավատալի կերպով ներդաշնակված դեղինների, ճերմակների, սևերի համարանքները, որոնց միջից թափանցում է մսերի մեղմությունը և սարսռացող զգայնությունը։

 

1280px Maja desnuda museo del Prado 960x487 - Գոյան`այդ կատաղի Արագոնացին
Գոյա «Մերկ Մախա»

 

Մերկի մեջ մանավանդ` մարմնականը վերածվում է մի ինչ-որ երաժշտականի, որի ամեն մի ձայնը շոյանք է, ամեն մի շեշտը` անուշ բոց և հրապույր։ Այդ ճկուն, փոքրիկ մարմինը, նիհար, փափլիկ, այդ վզի ձևը, ծիծերի մեղմ ալիքը` լի որոնումներով կազմված փորը, կայուն, զատված, հեռացած գրգռիչ, այդ աննշմարելի, ինչպես մարմարը, և տաք, ինչպես աղավնու մարմինը, այդ ոլոր զիստերը և նուրբ սրունքները, մանրիկ ոտքերը` պատրաստ պարելու, ծարավ շրթները, խոր տարփանքով լցված աչքերը…

 


fastnews-ads-banner