Logo

«Գոյամարտը» «Գոյ» թատրոնում շարունակվում է․ դերասանները գիշերում են թատրոնում

23:02 / 30.10.2024Լուրեր
null

«Գոյ» թատրոնի դերասաններն ու ստեղծագործական անձնակազմը հոկտեմբերի 28-ից թատրոնում են։ Այնտեղ, սակայն, նրանց մուտքն այս տարվա մարտից արգելված է։ «Գոյի» անձնակազմը պահանջում է ստեղծագործական թույլտվություն իրենց թատրոնում։ «Մենք պահանջում ենք, որ պատկան մարմիններն արձագանքեն և լուծեն մեր խնդիրը։ Սակայն երեկ որևէ արձագանք կամ դրական տեղաշարժ չեղավ։ Որոշեցինք ևս մեկ գիշեր անցկացնել թատրոնում», - ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։

Արդեն երկրորդ օրն են դերասանները գիշերում թատրոնում։ Ի սկզբանե տարածք են մտել 14 հոգով։ Հիմա մնացել են 6-ը։ Ըստ Արզումանյանի՝ որոշ մարդիկ անձնական գործերով են դուրս եկել, մյուսները՝ Դատախազությունից որոշ տեղեկություններ վերցնելու նպատակով։ Վերադարձել են, բայց  նրանց այլևս չեն թույլատրել մտնել թատրոն: «Մեր պատերից բոլոր նկարները պոկել են, հանել են աֆիշները, «Գոյ» թատրոնից հետք չի մնացել: Բոլոր դռների կողպեքները, կարծես, փոխել են: Մարդիկ ապօրինի շահագործում են մեր տարածքը», - նշել է թատրոնի կառավարման խորհրդի նախագահը։

Թատրոնի ստեղծագործական անձնակազմն արդեն երկրորդ օրն է այցելում Գլխավոր դատախազություն։ Աշոտ Տեր- Մաթևոսյանը տեղեկացրել է, որ բոլոր խախտումների վերաբերյալ նոր գործ են ներկայացրել Դատախազություն։ Եվս մեկ նամակ էլ մուտքագրելու են Արդարադատության նախարարություն՝ խնդրելով մեկնաբանել վարչական իրավախախտումների մասին օրենքի 83-րդ հոդվածը։ «Ըստ այս հոդվածի՝ երբ դատարանը գործը վարույթ էբ ընդունում՝ նույն պահից դադարեցվում են բոլոր գործողությունները։ Սակայն Սունդուկյան թատրոնը տարբեր գործողություններ է իրականացրել, դուռը ներսից ծակել և կողպեք են ավելացրել, չեն թույլատրում օգտագործել մեր գույքը։ Եթե հիմա կարողանայինք մտնել թատրոն՝ կկարողանայինք փորձ անել, ինչու ոչ՝ բարեգործական ներկայացումներ խաղալ։ Կառավարության որոշմամբ՝ 2 թատրոնի ՊՈԱԿ-ների միջև պետք է ընդունում-հանձնում լիներ, բայց նման բան չի եղել։ Նրանք դիմել են պետռեգիստր՝ ՊՈԱԿ-ը լուծարելու հարցով։ Սունդուկյան թատրոնի դերասանները «Գոյ» թատրոնի բեմում փորձեր են անում, բայց կասեցման հիմքով իրենք պետք է այնտեղ ոչինչ չանեին։ 2 օր առաջ մտել ենք թատրոն և տեսել, որ օգտագործում են մեր ներկայացման ռեկվիզիտները։ Նման իրավունք նրանք չունեն», - մանրամասնել է Աշոտ Տեր-Մաթևոսյանը։

Հիշեցնենք, որ 35 տարի գործող «Գոյ» թատրոնը կառավարության որոշմամբ տարեսկզբին միացավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը, սակայն, դեմ է այդ որոշմանը։ Նրանք ցանկանում են խաղալ առանձին թատրոնում։ Միավորման վերաբերյալ կառավարության որոշումը «Գոյի» անձնակազմը վիճարկում է դատարանում։

fastnews-ads-banner