«Fast News Culture»-ն արդեն տեղեկացրել է, որ «Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը հոկտեմբերի 28-ից բողոքի ակցիա է իրականացնում թատրոնի շենքում: Հոկտեմբերի 30-ին երեկոյան նրանք որոշել են դադարացնել այդ ձևաչափով ակցիան։ «Մեր՝ «Գոյ» թատրոնում հայտնվելը ուներ մի պահանջ՝ հարցին տալ ոչ թե բանավոր, այլ արձանագրված փաստաթղթով հրատապ լուծում։ Վերջապես դատախազությունը մեզ ուղարկել է մի փաստաթուղթ, ըստ որի՝ մեր գործը դատախազությունում ընթացքի մեջ է։ Այն այս պահին բավարարում է մեզ: Մեր պահանջը կատարված ենք համարում, հետևաբար այստեղ մնալն արդյունավետ է», - ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը:
«Գոյի» ներկայացուցիչ և փաստաբան Կարո Ասատրյան էլ տեղեկացրել է, որ փաստաթղթից բացի դատախազությունից և ՀՀ արդարադատության նախարարությունից կան բանավոր հավաստիացումներ, ըստ որի՝ նրանք հրատապ կարձագանքեն բարձրացրած խնդրին։ «Պատկան մարմինները երաշխավորել են անձնակազմի ստեղծագործելու իրավունքը, հետևաբար հնարավոր է միջանկյալ լուծում գտնել և վերականգնել խաղացանկը, աշխատել մինչև կնճռոտ հարցերը կարգավորվեն», - նշել է փաստաբանը: