«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ծուռ ծիրան» ծրագրի շրջանակում ցուցադրվեց լեգենդար ճապոնացի ռեժիսոր Տակեշի Կիտանոյի «Վիզը» (Kubi) պատմական (շատ մոտավոր ասված) ֆիլմը, որը, ըստ որոշ աղբյուրների, կարող է դառնալ 76-ամյա արվեստագետի վերջին կինոկտավը։ Կիտանոն այս տարվա «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է, ու Կաննի կինոփառատոնում ցուցադրված ֆիլմը հնարավորություն ունեցավ դիտել նաև հայաստանցի հանդիսատեսը։
Մենք նույնպես դիտել ենք «Վիզը» ու ներկայացնում ենք տպավորությունները․
Ֆիլմը հիմնված է Կիտանոյի հեղինակած գրքի վրա ու պատմում է 1582 թվականին` Սենգոկու դարաշրջանում Հոննոձիի տաճարում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որոնց ընթացքում սպանվեց Ճապոնիայի միավորման առաջամարտիկներից Օդա Նաբունագան։

Տակեշի Կիտանոն` Երևանում։ Լուսանկարը` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ֆեյսբուքի էջից
Ասում են` Կիտանոն նպատակադրվել էր պատմել Հոննոձիի իրադարձությունների մասին իր կարիերայի սկզբից, երբ դեռ երիտասարդ էր ու, հավանաբար, լի հայրենասիրական զգացումներով։ Ամենայն հավանականությամբ, ալտերնատիվ աշխարհում Կիտանոն այդպես էլ արել է` պատմելով խիզախ սամուրայների ու ստոր մարդասպան նինձյաների, հերոսական ու վեհ մահերի, վերամբարձ գաղափարների մասին. միայն ոչ մեր աշխարհում։ Այստեղ, մինչև «Վիզը» նկարելը, Կիտանոն անցավ բազմաթիվ ստեղծագործական ուղիներով` կատակերգուից` հեռուստահաղորդավար, ռեժիսորից, դերասանից ու դրամատուրգից` գրող։ Ու այդ ծանր ստեղծագործական «բագաժն» ուղղակի թույլ չտվեց հեղինակին մոտենալ թեմային նույն այն լրջությամբ, որով նա կմոտենար ավելի երիտասարդ տարիքում։ Ծեր ցինիկ Կիտանոն կարևոր պատմական իրադարձությունները վերածեց երբեմն հիստերիկ քրքիջ առաջացնող ջրիկ, աբսուրդի աստիճան զավեշտալի պատման` ագահության ու իշխանության ծարավի մասին։
Ճապոնիայում գոյություն ունի ռակուգո հումորային ժանրը. մեկ մարդ հավաքվածներին պատմում է պատմություն, որը բոլորին հայտնի է, սակայն կամայականորեն փոխում է այն` ավելի հետաքրքիր ու ծիծաղելի դարձնելու համար։ Կիտանոն, որպես երգիծանքի վարպետ, տեղափոխում է Հոննոձիի իրադարձությունը ռակուգո ժանր ու պատմում այնպես, ինչպես ուզում է։
«Վիզը» Կիտանո-արվեստագետի ու Կիտանո-մտավորականի ամենահասուն ու ամենակատեգորիկ ֆիլմն է։ Անցնելով ստեղծագործական հարուստ ճանապարհ, իր ֆիլմերում խորքային ուսումնասիրելով ամենատարբեր թեմաներ` մարդկային հոգեբանությունից մինչև քաղաքականություն, պատմությունից մինչև հասարակական հարաբերություններ, Կիտանոն իր կարիերայի մայրամուտին, իր իմաստության բարձունքից ամփոփում է այն ամենը, ինչ հասցրել է հասկանալ աշխարհի մասին։ Ու այդ ամփոփումը բացարձակ հուսադրող չէ։ Մարդիկ ագահ, դաժան արարածներ են, որոնք իշխանության ու ռեսուրսներն իրենցով անելու ճանապարհին պատրաստ են ամեն ինչի, ցանկացած ստորության ու խարդախության, ու, հետևաբար, պետք չէ նրանց խղճալ։
Կիտանոն հերոսական անցյալը, պատերազմների միջոցով հերոսներին կերտելու պաթոսը թողնում է երիտասարդներին։ Ռեժիսորն արդեն անցել է այդ ուղով` ոգեշնչված իր մեծ ուսուցիչ Ակիրա Կուրոսավայի կտավներով, սակայն ծերությունն իր հետ բերել է լրիվ այլ իմաստնություն. պատերազմի մեջ ոչ մի հերոսական բան չկա, պատերազմը` մարդկանց միմյանց սպանելու օրինական ակտը, նախաձեռնվում է իշխանության ձգտող արիստոկրատիայի կողմից ու կնքվում սովորական մարդկանց արյամբ։ Կիտանոն չի խղճում և ոչ ոքի. ծայրահեղ դաժան սպանության տեսարանները, որոնք նույնքան անսպասելի բռնկվում են էկրանին, որքան անսպասելի ավարտվում, հենց սպանություն են, ոչ թե հերոսական ակտ։ Մահն այստեղ զուրկ է ռոմանտիզացիայից ու վերամբարձ լինելուց, այն կեղտոտ ֆիզիոլոգիական ակտ է` նույն այդ ֆիզիոլոգիական պրոցեսների դադարեցման, որն իր հետ ոչինչ չի բերում, բացի դատարկությունից։ Մահը Կիտանոյի մոտ զինվորի անգլուխ մարմնից դուրս եկող ծովախեցգետին է, այստեղ ընկածները չունեն գերեզման, այստեղ նրանց համար ոչ ոք չի լացում` ո՛չ ռեժիսորը, ո՛չ էլ, առավել ևս, հանդիսատեսը։
Իր նպատակին հասնելու համար Կիտանոն հայտնի պատմական կերպարներին օժտում է բնավորության գծերով, որոնք կարող են հարակիրիի հասցնել ճապոնացի ռազմահայրենասերներին։ Ընդ որում, ռեժիսորը գլխիվայր շրջում է իրական պատմական իրադարձությունները, վերածում դրանք գրոտեսկային, երգիծական պատման ու մանկական հրճվանքով խաղում կերպարների հետ։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե Կիտանոն արհամարհում է պատմությունը, վերածում է այն կրկեսի, սակայն միայն ծուռ հայելիների միջոցով է հնարավոր վեր հանել խորքային խնդիրները, ծաղրի միջոցով խոսել կարևոր հավերժական արժեքների մասին, ցինիզմի միջոցով բարձրաձայնել սեփական անհանգստությունը։
Միաժամանակ, «Վիզը» հենց ցինիկ պարոդիա է, հեղինակի` թքած ունենալու մասին բարձրագոչ արտահայտություն, արվեստի, որպես ցանկացած սահման ջնջող, ցանկացած կաղապար կոտրող, ցանկացած վանդակից դուրս եկող էության սակրալիզացիա։ Այո, Կիտանոն ջնջում է ցանկացած սակրալ բան, վերանայում է պատմությունն ու մշակութային կողմնորոշումները, անցնում բոլոր տաբուների վրայով ու պատմականը վերածում կրկեսի միայն մեկ նպատակով. սա արվեստի` ստեղծագործողի հեղինակային տեսլականի ամենակարող ուժի սրբագործման ակտ է։ Ու այդ ակտը իրացնելու համար Կիտանոն պատրաստ է ոտնատակ տալ ամեն ինչ։
Կարող եք կարդալ նաև մեր մյուս ռեվյուները՝
Անհնար է ապրել մշտական վախի մեջ. Ասթերի «Բոն վախենում է» ֆիլմը գիտի, թե որտեղ է ծնվում սարսափը
Air. Բեն Աֆլեքի սպորտային դրաման, որում շնչելու օդ չկա


