«Ես կյանքում երբևէ չհեգնեցի ոչ մեկին, քանզի հեգնանքն իմ տեսակը չէ։ Բայց և այնպես կուզեի կյանքում մի անգամ հեգնել և միայն... Երբ մահը կնայի աչքերիս մեջ: Հեգնել մահը... այդպես կարելի է գոնե չպարտվել մահվանը։ Հեգնել, անգիտանալ մահը. այդպես է ծնվում անմահությունը»։
Գագիկ Գինոսյան
Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։
Գագիկ Գինոսյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 3-ին Վրաստանի ԽՍՀ Ախալցխա քաղաքում։ 1972-1982 թվականներին սովորել է Ախալցխայի №3 հայկական միջնակարգ դպրոցում։ 1982-1983 թվականներին աշխատել է Ախալցխայի Շարժական մեխանիզացված շարասյունում որպես բանվոր։ Նույն թվականին ընդունվել է Պոլիտեխնիկական ինստիտուտ «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետի «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» բաժինը և ավարտել այն 1990 թվականին։
Երկար տարիներ պարում էր «Վան» և «Ակունք» ազգագրական պարի համույթներում։ Զբաղվել է բանահավաքչական գործունեությամբ։ Հիմնադրել է «Կարին» ավանդական երգի-պարի խումբը։
1985-1987 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակ՝ ծառայությունն անցկացնելով Զաբայկալյան շրջանի Չիտա քաղաքում։
Մասնակցել է Արցախյան պատերազմին։ Եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, ապա 1992 թվականի օգոստոսին ընդգրկվել է «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակում։ Ազատագրական մարտերի ժամանակ ոչնչացրել է թշնամու 2 տանկ։ Մասնակցել է Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Լաչինի, Քելբաջարի ազատագրական մարտերին: Գագիկ Գինոսյանը սերում է հայկական Կարին քաղաքից մի քանի կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող Եղեգիս (թրքական արտասանությամբ՝ Իլիջան) փոքր քաղաքից, ուր հաստատված է եղել Գինոսենց տոհմը։



