«Ֆլեշ» սերիալից և «Չշփվող լինելու առավելությունները» ֆիլմից հայտնի դերասան Էզրա Միլլերն ԱՄՆ-ում կանգնել է դատարանի առաջ։ Նրան մեղադրում են բնակարանային գողության համար. դերասանը ներխուժել է Սթենֆորդում գտնվող առանձնատուն, որը պատկանել է Այզեք Վինոկուրին, և գողացել ալկոհոլի մի քանի շիշ (ջին, օղի և ռոմ)։ Սա ֆիքսել են անվտանգության տեսախցիկները, հայտնում է Deadline-ը:
Միլլերն իրեն մեղավոր չի ճանաչում: Ապացուցվելու դեպքում նրան սպառնում է ավելի քան 2000 դոլար տուգանք և մինչև 26 տարվա ազատազրկում: Նիստում դատարանն արգելել է Էզրային մոտենալ Վինոկուրի տանը, ինչպես նաև շփվել տուժողի հարևանի՝ Էյդեն Էրլիի հետ։
«Էզրան ցանկանում է շնորհակալություն հայտնել սիրո և աջակցության համար, որը ստացել է իր ընտանիքից և ընկերներից, որոնք շարունակում են կենսական դեր ունենալ նրա հոգեկան առողջության հարցում», - ասվում է դերասանի փաստաբանի՝ Լիզա Բ. Շելկրոտի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ օգոստոսին Էզրա Միլլերը ներողություն է խնդրել իր նախկին պահվածքի համար և ասել, որ օգնություն է խնդրել մասնագետից։ «Ես վճռական եմ անհրաժեշտ աշխատանք կատարելու հարցում՝ կյանքիս առողջ, անվտանգ և արդյունավետ փուլ վերադառնալու համար», - ասել էր նա այն ժամանակ։