«Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի պատվիրակ Պարգը նոր է վերադարձել Ամստերդամից։ Նիդերլանդների մայրաքաղաքում տեղի է ունեցել մրցույթի այս տարվա առաջին պրոմո տուրը։ Երգիչը ծանոթացել և շփվել է մյուս մասնակիցների հետ։ Ասում է՝ բոլորը դրական ու ընկերական էին տրամադրված։ «Գիտեի, որ երկրպագուները միշտ ակտիվ երգում են երգչի հետ։ Փորձեցի ես էլ սելֆի անեմ ու երգեմ։ Այնքան դրական էներգիա ստացանք։ Շփվեցի իմ ֆավորիտի՝ Go-Jo-ի հետ, ով ներկայացնում է Ավստրալիան։ Մեր էներգիաները միմյանց շատ մոտ էին։ Մինչև մեկնելս լարված էի։ Մտածում էի՝ գնալու եմ, անգլերեն խոսեմ, չհասկանան, ինչ եմ անելու։ Բայց դա միայն իմ սխալ պատկերացումն էր։ Մինչև բեմ բարձրանալը մի փոքր լարված էի, բայց դա տևեց մի քանի վայրկյան։ Երբ բարձրացա բեմ, ամեն ինչ անցավ», - Առաջին ալիքի «Առավոտ լուսո» հաղորդման ընթացքում պատմել է արտիստը։
«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանի գնահատմամբ՝ Ամստերդամի համերգը շատ լավ է անցել։ Ըստ նրա՝ առաջին համերգը միշտ ամենակարևորն է։ «Ամենակարևորն է, որովհետև մրցույթի բոլոր մասնակիցներն այնտեղ են, բոլորը կենդանի հնչողությամբ են երգում։ Փաստացի սա առաջին համերգն է, որով արտիստը ներկայանում է հանդիսատեսին։ Իսկ Ամստերդամի համերգը ամենամեծն է՝ 7000-8000 հանդիսատես։ Տպավորություններն ու արձագանքները շատ լավն են։ Անկեղծ կլինեմ՝ ամեն օր փաբերում կամ ակումբներում կենդանի հնչողությամբ երգող արտիստներին եվրատեսիլյան ճամփորդություններն ավելի հեշտ են տրվում։ Կարծես նրանք սովոր են այդ ամենին», - անկեղծացել է Դավիթը։
«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավարը նկատում է՝ հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ շատ կարևոր է պատվիրակի աշխատանքն ու անհատականությունը ոչ միայն որպես արտիստ, այլև մարդ։ «Մի բան է, երբ թիմի անդամներն են պատվիրակին ծանոթացնում մրցույթի մասնակիցների հետ, այլ բան, որ երգիչը ինքն է գնում, շփվում, ծանոթանում, կապեր հաստատում։ Այդ առումով Պարգը գերազանցեց մեր սպասելիքները։ Երբ կորցնում էինք նրան, պտտվում էինք, տեսնում մասնակիցներից մեկի հետ շփվում է կամ հոլովակ նկարահանում։ Հիմա ամենաբուռն շրջանն է։ Աշխատում ենք բեմադրության վրա։ Աշխատելու ենք ռեժիսոր Մալվին Դիթմանի հետ։ Նրա հետ նախկինում ևս մի քանի անգամ աշխատել ենք։ Իրականում շատ մեծ թիմ է աշխատելու։ Մասնագետներ ունենք Անգլիայից, Հունաստանից, Ավստրիայից և Լեհաստանից։ Հիմա Շվեդիայիում մեր գործընկերները պատրաստում են հատուկ սարք, որը լինելու է բեմադրության մի մասը։ 2 օրից կմեկնենք Շվեդիա։ Այնտեղ այդ սարքով փորձ կանենք, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ ճիշտ է։ Բեմադրությունն ամբողջությամբ տարբերվելու է «Դեպի Եվրատեսիլի» նախընտրական ելույթից։ Բեմում Պարգը լինելու է միայնակ։ Հաջորդը պրոմո տուրը կլինի Մադրիդում՝ հաջորդ շաբաթ», - պատմել է Դավիթը։