«Տիտանիկ» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը խոստովանել է, որ ցնցված է 1912 թվականին այսբերգին բախվելուց հետո խորտակված և օրերս նույն վայր ուղևորված «Տիտան» սուզանավի ողբերգությունների նմանությունից։
«Ցնցված եմ բուն «Տիտանիկի» աղետի, որի ժամանակ կապիտանին բազմիցս զգուշացրել էին առջևում գտնվող այսբերգի մասին, բայց նա, այնուամենայնիվ, ամբողջ արագությամբ նետվել էր առաջ, ինչի հետևանքով շատ մարդիկ մահացան, և այս նավի աղետի նմանությունից, երբ նախազգուշացումներին ուշադրություն չդարձրին հենց այս նույն վայրում», - ասել է նա ABC News-ին:
Նա հավելել է, որ մահացած ուղևորներից մեկը՝ Պոլ-Անրի Նարժեոլեն, իր ընկերն էր։ «Ինձ համար գրեթե անհնար է ընդունել, որ նա մահացել է այս կերպ», - ասել է նա լրագրողներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրիտանական Channel 5 հեռուստաալիքը վավերագրական ֆիլմ կցուցադրի «Տիտանիկ» նավի խորտակման վայրը մեկնած և ճանապարհին անհետացած սուզանավի որոնման մասին: Կինոնախագիծն արդեն անվանում ունի՝ «Titanic Sub: Lost at Sea»։
Ֆիլմի հեղինակները խոստացել են դուրս գալ սովորական լուրերի լուսաբանման ձևաչափից և ցուցադրել մարդկանց, այդ թվում՝ հայտնի միլիարդատերերի հետ անհետացած սուզանավի դրաման։
Այն անհետացել էր հունիսի 18-ին՝ սուզվելու մեկնարկից մոտավորապես 1 ժամ 45 րոպե անց։ Բատիսկաֆում կար հինգ մարդ, այդ թվում՝ 2 միլիարդատեր։



