Սելին Դիոնը ստիպված է դիմանալ բազմաթիվ տհաճ պրոցեդուրաների։ 56-ամյա կանադացի երգչուհին պայքարում է ծանր հիվանդության դեմ։
Սելինը տառապում է անբուժելի կոշտ մկանային համախտանիշով։ Երգչուհին արդեն 17 տարի է, ինչ ցավալի ախտանիշներ է ունենում, որոնք նույնիսկ ստիպել են նրան հեռանալ բեմից։ Աստղը սկսել է հանրության հետ կիսվել իր կյանքում կատարվողի մանրամասներով։

«Չեմ ուզում դրամատիկ լինել, բայց կարող էի մահանալ։ Ես դեղերի վտանգավոր չափաբաժիններ ընդունեցի, որպեսզի կարողանամ քայլել։ Ես պետք է սովորեի կուլ տալ: Ինձ պետք էին տարբեր դեղամիջոցներ, որպեսզի իմ մարմինը կարողանար նորմալ աշխատել: Մեկ հաբ, երկու, ևս հինգ... Չափազանց շատ դեղահաբեր, բայց շոուն պետք է շարունակվեր»,- ասել է Դիոնը:
Աստղը խոստովանել է, որ երկար ժամանակ փորձում էր խաբել բոլորին իր շրջապատում, որ իրեն լավ է զգում։ Նույնիսկ համերգների ժամանակ Սելինը հաճախ դիտավորյալ խոսափողն ուղղում էր դեպի հանդիսատեսը, որպեսզի երկրպագուները երգեն նրա փոխարեն։ Այս կարճ ընդմիջումների ժամանակ արտիստը կարող էր շունչ քաշել։
Սելինը որոշել է խոսել իր ծանր հիվանդության մասին երկու տարի առաջ։ Նա վստահեցրել է, որ սիրելիների և երկրպագուների աջակցության շնորհիվ իրեն ավելի լավ է զգում։ Երգչուհու խոսքով նրա խնամքի հարցում մեծ է իր երեխաների աջակցությունը։



