Մանո Գրիգորյանն առաջին անգամ խոսել է վիտիլիգո ունենալու մասին (սա մաշկային յուրահատկություն է, որի ընթացքում մաշկի ախտահարված հատվածները ստանում են սպիտակավուն երանգ և սովորաբար ունեն կտրուկ արտահայտված եզրեր)։ Դերասանուհին ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անկեղծ խոստովանությամբ։
«Ես երկար ժամանակ չէի ընդունում իմ վիտիլիգոն։ Փորձում էի թաքցնել այն, կարծես դա ես չէի, կարծես դա սխալ էր, որը պետք է ուղղել։ Բայց որքան շատ էի պայքարում, այնքան ավելի էի հեռանում ինքս ինձանից։ Մի օր ես կանգ առա։
Եվ առաջին անգամ փորձեցի ոչ թե փոխել ինձ, այլ հասկանալ։ Ես հասկացա՝ մարմինս չի պատժում ինձ։ Այն խոսում է։ Խոսում է իմ լռած զգացմունքների, իմ չընդունված մասերի, իմ ներսի ճշմարտության մասին։ Վիտիլիգոն դարձավ իմ ուսուցիչը։ Այն ինձ տարավ դեպի ընդունում։ Դեպի սեր։ Դեպի ինձ։
Այսօր ես չեմ թաքցնում այն։ Ես ապրում եմ դրա հետ՝ որպես իմ մի մասի, ոչ թե իմ թուլության։
Եվ հենց այնտեղ, որտեղ ես ինձ ընդունեցի, սկսվեց իմ ուժը։ Եվ այսօր ես տեսնում եմ ոչ թե սպիտակ բծեր, այլ իմ ճանապարհը՝ դեպի ինքս»,- անկեղծացել է պարուհին:


