Logo

«Ես ապրում եմ, որ ջազ նվագեմ». Մալխաս

18:37 / 30.04.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

«Ես ամբողջ կյանքս Երևանում եմ անց կացրել: Շուրջ 40 երկներում եմ եղել, բայց միշտ վերադարձել եմ տուն անկախ նրանից, թե ինչ հրապուրիչ առաջարկություններ են ինձ այնտեղ արվել: Ես ծեր պահակ եմ՝ պահպանում եմ իմ քաղաքը: Շատերը գնացին այստեղից, ով - Շտատներ, ով - Եվրոպա, ով - Մոսկվա: Եթե ես գնամ, ապա ո՞վ կմնա: Ես ծնվել եմ Երևանում: Հավանաբար ամենակարևորն այն է, որ ես շարունակում եմ ապրել այստեղ: Ես ապրում եմ, և երաժշտություն նվագում: Ես նվագում եմ այն երաժշտությունը, որն ասում է այն, ինչ ցանկանում եմ ասել ես, ինչի մասին ես երազում եմ, ինչ վստահում եմ միայն իմ մտերիմ ընկերներին»: Մալխաս

Լևոն Մալխասյանը ծնվել է 1945 թվականի հունվարի 1-ին Երևանում։ 15 տարեկանում առաջին անգամ սկսել է նվագել դաշնամուր և արդեն դպրոցական տարիներից նվագակցում էր տարբեր երգիչների։ Ուսանել է Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում՝  ռուսաց լեզու և գրականություն մասնագիտությամբ։ 1963 թ. թմբկահար Արմեն Թութունջյանի՝ Չիկոյի և կոնտրաբասահար Արթուր Աբրահամյանի հետ Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում ստեղծում է ջազային եռյակ, որը կոչվում է դաշնակահարի անունով՝ «Լևոն Մալխասյանի անվան եռյակ» և որը Երևանի առաջին ջազ եռյակն էր։ Եռյակը համերգներ էր տալիս Կոմպոզիտորների միության դահլիճում, ֆիլհարմոնիայի դահլիճում և այլ համերգասրահներում։ Եռյակն՝ արդեն փոփոխված կազմով, գործում է մինչ օրս։ Մի քանի տարի անց եռյակին է միանում սաքսոֆոնահար Ալեքսանդր Զաքարյանը, և եռյակը դառնում է քառյակ։

 Լևոն Մալխասյանը կատարել է բազմաթիվ ջազային գործերի մշակումներ, հեղինակել մեկ գործ՝ «Երևան ջան» վալսը, որը նաև համանուն ֆիլմի սաունդթրեքն է։ Լևոն Մալխասյանն ուներ երեք երազանք, որոնք բոլորն էլ իրականացել են։ Առաջին երազանքն էր՝ մեկնել ԱՄՆ և ակումբում լսել այն մարդկանց, որոնց շնորհիվ նա սկսել էր նվագել։ Այդ երազանքը նա իրականացրեց 1990 թվականին։ Երկրորդ երազանքն էր՝ ամերիկյան մեգաաստղերի հետ միասին Երևանում անել միջազգային ջազ-փառատոն։ Դա մի քանի անգամ հաջողվեց անել։ Իսկ երրորդ երազանքը սեփական ջազ ակումբ ունենալն էր։ Դա նույնպես իրականացավ. 2006 թվականին Երևանում հիմնադրվեց «Մալխաս ջազ ակումբը», որը գործում է մինչ օրս։ «Մալխաս ջազ ակումբ»- ում այսօր նվագում են 7 ջազային խումբ և շաբաթվա բոլոր օրերին կա համերգ։ Այն մեծ մասսայականություն է վայելում Երևանում։ Լևոն Մալխասյանը հյուրախաղերով հանդես է եկել մոտ 50 երկրում։ 1999 թ. արժանացել է Հայաստանի «Մովսես Խորենացի» մեդալի, 2003 թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու, 2007 թ.՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչումներին, 2008 թ.՝ ՌԴ Լոմոնոսովի անվան մեդալի՝ հայկական ջազ երաժշտությունը արտերկրում տարածելու համար։ 2010 թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է ոսկե մեդալի, 2013 թ.՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը։ Լևոն Մալխասյանն արժանացել է «Ոսկե ծիրան» կինոփռատոնի ոսկե մեդալին, Առնո Բաբաջանյանի ոսկե մեդալին։ Լևոն Մալխասյանը Կանադայի Ինֆորմատիկայի ինստիտուտի ակադեմիկոս է։ Կրեմլում կայացած «Կարոտ» մրցանակաբաշխության դափնեկիր է, Համամիութենական ջազ փառատոնի դափնեկիր։ Սլավոնական համալսարանի կողմից ճանաչվել է տարվա մարդ: 

fastnews-ads-banner