2024 թվականի հունիսի 15-ին Երվանդ Քոչարի 125-ամյակն է: Հայ խորհրդային նկարիչ-արձանագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարը հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից։ Fast News Culture-ը ներկայացնում է անվանի քանդակագործի ամենահայտնի աշխատանքները:
«Սասունցի Դավիթ»
1939 թվականին Երևանում պատրաստվում էին տոնել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյանը։ Տոնակատարությունների նախօրեին որոշվում է կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի հերոսի քանդակը։ Հայտարարվեց մրցույթ, սակայն քանդակագործների մի մասը պնդեց, որ արձանը ստեղծելու համար հարկավոր է մեկ-երկու տարի, մյուսներն այլ պատվերներով էին զբաղված։ Միայն Ֆրանսիայից նոր Հայաստան վերադարձած Երվանդ Քոչարը հանձն առավ կարճ ժամանակահատվածում իրականացնելու այդ աշխատանքը։ Մաեստրոն աշխատանքն ավարտեց անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում։ Այն տեղադրվեց կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնաց մոտ 2 տարի։ 1941 թվականին Քոչարի ձերբակալությունից հետո արձանը ոչնչացվեց։ Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա...», դա հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ 2 տարի, 4 ամիս բանտում անցկացնելուց հետո Քոչարին ազատ արձակեցին։
1957 թվականին Երքաղսովետը որոշեց վերականգնել արձանը, և Քոչարը ստեղծեց իր գլուխգործոցներից մեկը։ Արձանի բացումը տեղի ունեցավ 1959 թվականի դեկտեմբերի 3-ին կայարանամերձ հրապարակում (այժմ՝ Սասունցի Դավթի հրապարակ)։ Իշխանությունը արել էր ամեն ինչ, որպեսզի արարողությունը անցնի աննկատ, սակայն ժողովուրդը արձանի բացումը վերածեց համազգային տոնախմբության, ինչպես գրում է ականատեսը՝ կատարվածը հնարավոր չէ նկարագրել....
«Վարդան Մամիկոնյան»
Վարդանանց պատերազմի հերոս Վարդան Մամիկոնյանի հուշարձանը կառուցված է կոփածո պղնձից և կարմրավուն կրաքարային ավազաքարից, բարձրությունը 17 մետր է։ Ճարտարապետը Ստեփան Քյուրքչյանն է, քանդակագործը՝ Երվանդ Քոչարը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1975 թվականի դեկտեմբերի 20-ին, Օղակաձև զբոսայգու Կնունյանց (այժմ՝ Վարդանանց), Խանջյան և Մռավյան (այժմ՝ Ալեք Մանուկյան) փողոցներին հարող հատվածում։
«Կոմիտաս»
Վաղարշապատի կենտրոնում՝ Կոմիտասի անվան հրապարակում գտնվող Կոմիտասի հուշարձանի նյութը բազալտ է: Տեղադրվել է 1969 թվականին։ Ընդգրկված է Վաղարշապատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
«Կիբեռնետիկայի մուսան»
Մերգելյան ինստիտուտը հայ մեծանուն քանդակագործ Երվանդ Քոչարին պատվիրեց կիբեռնետիկային վերաբերող արձան քանդակել։ 1972 թվականին Քոչարը ստեղծեց «Կիբեռնետիկայի մուսան» արձանը։ Քանդակը պատկերում է հանգիստ, թուլացած դիրքով կիսապառկած ու կարծես մեդիտացիայի մեջ հայտնված մուսային, որը տեղ-տեղ պատված է շղարշով, իսկ տեղ-տեղ մարմնի միջից դուրս են սողոսկում մեխանիզմների բեկորները, լարերն ու զսպանակները։ Մուսան կամ նոր է մաշկ ձեռք բերում, կամ էլ դանդաղորեն քայքայվում ու մաշկափոխվում է։ Նրա կմախքանման մարմնից մնացել է հիմնական առանցքը։ Այս կիսաիրական, կիսաերևակայական մուսան հենված է շատ կոնկրետ իրի՝ հայկական կարասի վրա, որից մեղմ շիթով պետք է ջուր հոսեր։ Սակայն այսօր քանդակը ջրազրկված է։
Գեղարվեստական խորհուրդը, որը խորհրդային տարիներին պարտադիր պետք է հաստատեր ստեղծագործությունները, հայտարարեց, որ այսպիսի քանդակի հանրային ներկայացումը հնարավոր չէ։ Բայց քանի որ գումարն արդեն ծախսվել էր և անհրաժեշտ էր զեկուցել Մոսկվա, արձանն այնուամենայնիվ տեղադրվեց։ Քանդակը նախատեսվում էր կանգնեցնել ինստիտուտի հանդիպակաց պուրակում, սակայն այն տեղափոխվեց ինստիտուտի փակ բակ, որպեսզի տեսնողների քանակը սահմանափակ լինի, քանի որ Մերգելյան ինստիտուտը համարվում էր փակ օբյեկտ։
Վերջին տարիներին խոսվում է քանդակը քաղաքի կենտրոն, մասնավորապես՝ Հյուսիսային պողոտա տեղափոխելու մասին, սակայն հարցը դեռ լուծում չի ստացել։
«Մելամաղձություն»
Քոչարն այս արձանի գիպսե տարբերակը կերտել էր 1957 թվականին։ Բնօրինակը պահվում է Երևանի Երվանդ Քոչարի թանգարանում։ 6.24 մետր բարձրությամբ (պատվանդանով) բրոնզից և գրանիտից այս քանդակը գիպսե այդ քանդակի քառապատիկ ձուլածոն է։Նախագիծը հովանավորել է ճարտարապետ, գրող Ռուբեն Հովհաննիսյանը։ «Մելամաղձություն» արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2003 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Փավստոս Բուզանդի փողոցում գտնվող Նորարար փորձառական արվեստի կենտրոնի առջև։
«Բանվոր և կոլտնտեսական» կամ «Ձոն միաբանության»
Համաձայն Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկի՝ արձանը ստեղծվել է 1956 թվականին, իսկ համաձայն Երվանդ Քոչարի թանգարանի տվյալների՝ 1951-1952 թվականներին։ Արձանը ի սկզբանե նախատեսված է եղել Հայաստանի ազգային գրապալատի բակային տարածքում տեղադրելու համար։ Տարիներ շարունակ տեղադրված լինելով գրապալատի շենքի հետևի բակում՝ ջրավազանի մեջ՝ այն աննկատ է մնացել և մոռացվել։ Ժամանակի ընթացքում արձանի կոմպոզիցիոն ամբողջականությունը խաթարվել է, բաղկացուցիչ տարր համարվող որոշ դետալներ, մասնավորապես վերացել են արձանի կերպարների ձեռքերում եղած երկու սկուտեղները, որոնց միջով ջուրը բարձրանում ու թափվում էր ջրավազան։
2017-ի մարտի 14-ին Մշակույթի նախարարությունը հայտարարեց, որ Երվանդ Քոչարի Բանվոր և կոլտնտեսական արձանը Երևանի գրապալատի հետնաբակից տեղափոխվելու է Գևորգ Քոչարի փողոց՝ Դրամատիկական թատրոնին կից Մոսկովյան պուրակ։ Նախքան տեղափոխումը կատարվել են արձանի հիմքի ամրապկայման աշխատանքներ, վերանորոգվել են վնասված հատվածները, տեղադրվել է բազալտե նոր պատվանդան։