Logo

Էրքյուլ Պուարոյի լավագույն 5 մարմնավորումներն էկրանին

Հեղինակ
Աննա Անտոնյան
18:00 / 12.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ռեժիսոր Քեննեթ Բրանան «Ուրվականները Վենետիկում» անվանումով ֆիլմ է նկարահանում, և այսօր լուր հրապարակվեց, որ արդեն հայտնի է դերասանական կազմը: Ֆիլմն Էրքյուլ Պուարոյի մասին է՝ հիմնված Ագաթա Քրիստիի ստեղծագործության վրա։

Գլխավոր հերոսին կմարմնավորի Ջեյմի Դորնանը («Մոխրագույնի 50 երանգները»)։ Սյուժեն հիմնված է Ագաթա Քրիստիի «Խնջույք Հելոուինի ժամանակ» դետեկտիվի վրա։ Գործողությունները տեղի են ունենում Վենետիկում, երբ Էրքյուլ Պուարոն դժկամությամբ մասնակցում է ուրվականներով սեանսի, որից հետո հյուրերից մեկին սպանում են։ Խուզարկուն պետք է հետաքննի գործը։

Այս առիթով որոշեցինք վերհիշել բելգիացի հայտնի հետախույզի լավագույն մարմնավորումներն էկրանին։

Եվ, այսպես․

 

1. Օսթին Թրևոր

Кадр из фильма «Алиби»

Լեգենդար դերի առաջին կատարողը բրիտանացի Օսթին Թրևորն էր, որի մասնակցությամբ 1931 թվականին թողարկվեց «Ալիբի» ֆիլմը։ Դերասանի խոսքով՝ ստուդիան իրեն ընտրել է այն ժամանակ արդեն բավականին տարածված գրական հերոսի դերի համար իր ֆրանսիական առոգանություն շնորհիվ։ Միևնույն ժամանակ Օսթինը չէր համապատասխանում վեպերում նկարագրված Պուարոյի կանոնական կերպարին՝ դերասանը բեղեր չուներ։ Ֆիլմին, սակայն, նման գործոնները չվնասեցին. «Ալիբին» մեծ հաջողություն ունեցավ, և դրան հաջորդեցին ևս երկու կինոադապտացիաներ Օսթին Թրևորի գլխավոր դերակատարմամբ՝ «Սև սուրճ» և «Լորդ Էջվերի մահը»։

 

 

2. Թոնի Ռենդալ

Кадр из фильма «Убийства по алфавиту»

1940-50-ականներին Հոլիվուդը ժամանակ չուներ Էրքյուլ Պուարոյի համար, չնայած այն բանին, որ Ագաթա Քրիստիի գրիչը ոչ մի րոպե կանգ չէր առնում։ 1965 թվականին թողարկվեց «Սպանություններ այբբենական կարգով» ֆիլմը՝ Թոնի Ռենդալի գլխավոր դերակատարմամբ: Նկարահանումներին նախորդել էր Քրիստիի և ստուդիայի միջև երկարատև հակամարտությունը․ գրողին դուր չէր գալիս այն, որ իր ստեղծագործությունից փորձում էին բուֆոնադ սարքել, իսկ Պուարոյին՝ ծաղրածու ներկայացնել: «Սպանություններ այբբենական կարգով» ֆիլմն իսկապես ավելի շատ կատակերգություն ստացվեց, քան դետեկտիվ, ինչը, սակայն, չխանգարեց, որ ֆիլմը հաջողություն ունենա կինոթատրոններում, իսկ հետո ցուցադրվի հեռուստատեսությամբ։

3. Ալբերտ Ֆինի

Кадр из фильма «Убийство в Восточном экспрессе»

1974 թվականին էկրան բարձրացավ Ագաթա Քրիստիի ամենահայտնի և մեծ ճանաչում ստացած կինոադապտացիաներից մեկը՝ «Սպանություն «Արևելյան ճեպընթացում» ֆիլմը։ Սիդնի Լյումետի ֆիլմում հավաքվել էին այն ժամանակվա Հոլիվուդի և Բրիտանիայի լավագույն կինոդերասանները, իսկ գլխավոր դերը վստահվեց Ալբերտ Ֆիննիին՝ այն ժամանակ երկու «Ոսկե գլոբուսի» մրցանակակրին։ Նկարահանումների ժամանակ Ալբերտ Ֆիննին 38 տարեկան էր, ուստի ստիպված էր շատ շպարվել, և այդ պատճառով լեգենդ կա, որ մի անգամ դերասանը շպարվել է հենց քնած ժամանակ, քանի որ Ֆիննին շատ էր աշխատում կինոյում ու թատրոնում և ամենափոքր հնարավորության դեպքում քնում էր։ Կինոնկարն ընդունվեց հեռուստադիտողների և քննադատների կողմից. «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»-ն առաջադրվեց Ամերիկյան կինոակադեմիայի հինգ անվանակարգում, բայց «Օսկար»-ը տուն տարավ միայն Ինգրիդ Բերգմանը, որը մարմնավորում էր շվեդ միսիոներ Գրետա Օլսոնին։

4. Պիտեր Ուստինով

Кадр из фильма «Смерть на Ниле»

1978-ին Ագաթա Քրիստիի կինոադապտացիաներում սկսվեց Պիտեր Ուստինովի դարաշրջանը. տասը տարվա ընթացքում հայտնի բրիտանացի դերասանը մարմնավորեց Էրքյուլ Պուարոյին վեց ֆիլմերում և բարձր գնահատականներ ստացավ հանդիսատեսից և քննադատներից: Հետաքրքիր է, որ Ուստինովը ստիպված է եղել փորձել Պուարոյի բեղերը, քանի որ Ալբերտ Ֆիննին հրաժարվել էր նկարահանվել «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»  ֆիլմի շարունակությունում։ «Մահ Նեղոսի վրա» նոր կինոնկարը հերոսներին ձնառատ Եվրոպայից տեղափոխեց տաք Աֆրիկա, և Ֆիննին սա չափազանց մեծ ծանրաբեռնվածություն համարեց իր օրգանիզմի համար։ Բայց Ուստինովը համաձայնեց եգիպտական ​​«դժոխքին» և շատ նորարարություններ մտցրեց Պուարոյի կերպարում, օրինակ՝ բելգիացի հետախույզը թխահերից վերածվեց ցորենագույն բեղերով շիկահերի, ինչի մասին Քրիստիի դուստրը՝ Ռոզալինդ Հիքսն ասաց. «Դա ցանկացած մեկն է, բայց ոչ Էրքյուլը»:

5. Դևիդ Սուշե

Кадр из сериала "Пуаро"

Պուարոյի դերում ամենահայտնի և ամենաերկարակյաց դերասանը Դևիդ Սուշեն է. բրիտանացի դերասանը ֆիրմային գլխարկից ու ձեռնափայտից չբաժանվեց գրեթե քառորդ դար՝ 1989-ից 2013 թվականներին: Յոթ տասնյակ դրվագներում սերիալի ստեղծողները, որոնց թվում էր նաև Ագաթա Քրիստիի դուստրը՝ Ռոզալինդ Հիքսը, ցուցադրել են բելգիացի դետեկտիվի մասին գրված գրեթե բոլոր գործերը, ուստի այս հավաքածուն կարելի է էտալոնային համարել։ Նույնքան էտալոնային է համարվում նաև Դևիդ Սուշեի խաղը. դերասանը մանրակրկիտ կերպով էր պատրաստվում իր դերին, ուսումնասիրում էր Բելգիայի պատմությունն ու ավանդույթները, Սուշեն անգամ ստիպված է եղել վարձել ուսուցչի, որը նրան տվել է ֆլամանդական առոգանություն, և վերջապես, հենց Սուշեն էր, որ որոշեց հրաժարվել հումորից և գրոտեսկից, որոնք հաճախ հանդիպում են այլ ֆիլմերի ադապտացիաներում:

fastnews-ads-banner