Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 160-ամյակի կապակցությամբ փետրվարի 21-ից մարտի 9-ը հյուրախաղերով ելույթ է ունեցել ԱՄՆ-ում։ Հանդիսատեսը դիտել է «Երկնագույն շան աչքերը» լիրիկական ֆանտազիան և «Սիրո Casting» կատակերգությունը: «Երկնագույն շան աչքերում» խաղում են Իննա Խոջամիրյանն ու Արսեն Միքայելյանը, իսկ «Սիրո Casting»-ում՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Սուսաննա Բաղդասարյանը և Դիանա Մացոյանը, ինչպես նաև ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանը։ Վերջինիս խոսքով՝ Գյումրու դրամատիկական թատրոնն առաջին անգամ հյուրախաղերով ԱՄՆ-ում եղել է 1989 թվականին։ Ֆրունզիկ Օղլախչյանը երկրաշարժի մղձավանջը թոթափելու համար դերասաններին հրավիրեց Ամերիկա։ «Այս անգամ հումորային ներկայացմամբ էինք ԱՄՆ-ում։ Բեմադրությունը կնոջ միայնության, ընկերության և կին-տղամարդ հարաբերությունների մասին է։ Բեմադրել է Նիկոլայ Ծատուրյանը։ », - պատմել է Անահիտ Քոչարյանը։ Սուսաննա Բաղդասարյանն էլ հավելել է․ «Այս ներկայացումում ինձ համար ամենակարևոր գաղափարն այն է, որ մարդու մոտ ամեն ինչ ծերանում է, բացի սիրուց։ Ներկայացման ուղերձը հենց դա է՝ սերը երբեք չի դադարում, ծերանում կամ մահանում։ Մարդն ինչ տարիքում էլ լինի, սիրո կարիք ունի»։
«Երկնագույն շան աչքերը» ևս արժանացավ հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններին և հիացմունքին։ «Ի սկզբանե ամեն ինչ այնքան սիրուն էր, որ մի կտոր փոքրիկ, քաղցր ու ցանկալի կոնֆետի պես չէի ուզում այն վերջանար։ Ու այդ քաղցր կոնֆետի նման վայելում էի ներկայացումը՝ զգալով նրա ծանոթ հոտն ու համը։ Վայելեցի ներկայացման յուրաքանչյուր րոպեն՝ կարոտած իսկական թատրոնի ամենաիսկական հեքիաթին, որն իմ սովորական օրը դարձրեց հրաշալի», - ներկայացումը դիտելուց հետո իր կարծիքն է հայտնել հաղորդավար Արա Ղազարյանը։
«Գժվում եմ,երբ Հայաստանից ներկայացում է գալիս։ Գարսիա Մարկեսի պատմվածքի հիման վրա կառուցված ռեժիսորական հետաքրքիր լուժումներով, շատ էմոցիոնալ դերասանական խաղով ներկայացում վայելեցի», - գրել է դերասանուհի Աննա Մանուչարյանը։
Հյուրախաղերի ընթացքում թատրոնի ստեղծագործական կազմին է հյուրընկալել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը: Հանդիպման մասնակիցները քննարկել են դրամատիկականի 160-ամյակին նվիրված լոսանջելեսյան հյուրախաղերի ընթացքն ու թատրոնի առաջիկա ծրագրերը: