Էրիխ Մարիա Ռեմարկը բոլոր ժամանակների ամենասիրված գրողներից է, սակայն քչերը գիտեն, թե ինչ բարդ ու տեղ-տեղ ողբերգական է եղել գրողի կյանքը: Այսօր առանձնացրել ենք Ռեմարկի կյանքի ամենահետաքրքիր դրվագներից հինգը:
Երիտասարդ, հնարամիտ ու էլեգանտ
Էրիխ Մարիա Ռեմարկը ծնվել է 1898 թ հունիսի 22-ին Օսնաբրյուկ քաղաքում: Ծնողներն էին Պիտեր Ֆրանց Ռեմարկը և Աննա Մարիա Ռեմարկը: 1904 թվականին ընդունվել է եկեղեցական դպրոց, իսկ 1912 թվականին շարունակել է ուսումը կաթոլիկ մանկավարժական սեմինարում՝ ուսուցիչ դառնալու նպատակով: Մանկության տարիներին Ռեմարկը սիրում էր հավաքել ու պահել տարբեր թիթեռներ, քարեր ու նամականիշներ: Հետաքրքրվում էր գեղանկարչությամբ ու երաժշտությամբ, դաշնամուր էր նվագում: 18 տարեկան հասակում երաժշտության մասնավոր դասընթացներ էր անցկացնում, որպեսզի գրպանի գումար ունենա ու կարողանա լավ հագուստ գնել: Ռեմարկը վստահ էր, որ պետք է գեղեցիկ և էլեգանտ հագնվել՝ հասարակության մեջ հաջողության հասնելու համար: Առանձնահատուկ սեր էր տածում մեծ փողկապների ու գլխարկների հանդեպ:
Ռեմարկը՝ սահմանին

1916 թվականի նոյեմբերին Ռեմարկը զորակոչվել է բանակ, իսկ 1917 թվականի հունիսի 12-ին տեղափոխվել է արևմտյան սահմանի 2-րդ գումարտակի պահեստային դիվիզիա, որը գտնվում էր Հեմ-Լենգլեթում: 1917 թվականի հունիսի 26-ին տեղափոխվել է 15-րդ պահեստային գունդ, որտեղ մասնակցել է Տորհոութ և Հոութուլսթ քաղաքների միջակայքում տեղի ունեցած մարտերին: 1917 թվականի հուլիսի 31-ին վիրավորվել է նրա ձախ ոտքը, աջ ձեռքը և պարանոցը, ինչի հետևանքով պատերազմի մնացած տարիներն անցկացրել է Գերմանիայի զինվորական հոսպիտալում: Այստեղ Ռեմարկը սիրահարվում է իրեն բուժող բժշկի դստերը, ում համար երաժշտություններ էր գրում՝ իր ժամանակակից պոետների բանաստեղծությունների հիման վրա: Ավելի ուշ Ռեմարկը խոստովանեց, որ իր բոլոր գործերը գրվել են երաժշտության ազդեցության տակ, և նա ընտրել է բառերը ըստ դրանց հնչողության: 1918 թվականին Ռեմարկը պարգևատրվել է «Առաջին աստիճանի երկաթե խաչով»:
Ռեմարկն՝ արգելված գրող ու «ազգի դավաճան»
1933 թվականի մարտին Գերմանիայում ավարտվել է զինվորական հեղափոխությունը և հաստատվել նացիստական դիկտատուրա: Այդուհետ, Ռեմարկին սկսել են անվանել ազգի դավաճան և վաճառված հեղինակ, ավելին` այդ ամենը Նացիստական պրոպագանդայի նախարար Յոզեֆ Գեբելսի նախաձեռնությամբ Ռեմարկի գրքերը հայտարարվել են հակաազգային, արգելվել են ամբողջ Գերմանիայում, իսկ գրքերի բոլոր օրինակները հեռացվել գրադարաններից և արգելել դրանց վաճառքն ամբողջ երկրում: Երբ Գերմանիայում սկսել է արագանալ տոտալիտար հասարակարգի տարածումը, երկրի կառավարութան կողմից ձեռնարկվել են բնակչության մասսայական ձերբակալություններ, իսկ Ռեմարկը լքել է Գերմանիան՝ մշտական բնակություն հաստատելով Շվեյցարիայում: Հետագայում գերմանական իշխանությունը կասկածի տակ է դրել Ռեմարկի գերմանական ծագումը՝ հայտարարելով, որ նրա ազգանունը ունի ֆրանսիական ծագում և նրան կոչել է «ֆրանսիական հրեա Կրամեռ»՝ պնդելով որ Ռեմարկը նրա գրական կեղծանունն է: Եղել է նաև պնդում, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռեմարկի ծառայությունը չափազանցված է և իրականում նա այնքան ակտիվ չի եղել, ինչպես ներկայացվել է… հետագայում այս պնդումները հերքվել են: 1938 թվականին 3-րդ Ռայխը Ռեմարկին զրկել է գերմանական քաղաքացիությունից: Հետագայում Ռեմարկը տեղափոխվել է ԱՄՆ և քաղաքացիություն ստացել, ինչից անմիջապես հետո Եվրոայում սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը…
Մոր և քրոջ մահը
Դերևս 1917 թվականի սեպտեմբերի 9-ին, երբ Ռեմարկն ընդամենը 19 տարեկան էր, մահացավ նրա մայրը, պատճառը քաղցկեղն էր: Վերջինիս պատվին գրողը փոխեց իր երկրորդ անունը՝ Պաուլը դարձնելով Մարիա: Արդեն 1943 թվականին նացիստական կառավարության կողմից ձերբակալվել է Ռեմարկի քույր՝ Էլֆրիդ Շոլզը, ով մնացել էր Գերմանիայում իր ամուսնու և երկու երեխաների հետ: Նրան մեղադրել են հակահայրենասիրական մտքեր ունենալու մեջ, քանի որ ըստ նրա, Գերմանիան պատերազմում պարտություն էր կրել … Դատարանի նախագահ Ռոլանդ Ֆրեիսլերը ասել է, – «Քո եղբորը մենք չենք կարող հասնել, սակայն դու չես կարող փախչել մեզանից:» : 1943 թվականի դեկտեմբերի 16-ին Շոլզը գլխատվել է…
Մինչև պատերազմի ավարտը Ռեմարկը տեղյակ չի եղել քրոջ մահվան մասին, իսկ հետագայում իր «Կյանքի կայծ» վեպը նվիրել է քրոջը:
Մի՞թե «Մառլենը կործանել է Ռեմարկի կյանքը»

Էրիխ Մարիա Ռեմարկը հայտնի է նաև իր բազում հարաբերություններով տարբեր կանանց հետ, որոնց թվում կային նաև հանրահայտ աստղեր, սակայն այդ բոլոր անունների մեջ հենց Մառլեն Դիտրիխն է դառնում գրողի ճակատագրական կինը… Մառլեն, այս անունը կապվում էր բազմաթիվ տղամարդկանց և կանանց հետ: Նա երկար տարիներ նամակագրական կապի մեջ էր Հեմինգուեյի հետ, սիրախաղ էր անում Բեռնարդ Շոուի և Գերտրուդ Սթայնի հետ, բայց նրա կյանքի գլխավոր երկրպագուն Էրիխ Մարիա Ռեմարկն էր, որն իր օրագրում գրել է՝ «Մառլենը կործանել է իմ կյանքը»:
Ռեմարկը Մառլենին սիրում էր ավելի քան 10 տարի, նրան էր գրում բազմաթիվ սիրային նամակներ, հենց Մառլենն էր «Հաղթական կամարը» գրքի հերոսուհու նախատիպը: Դիտրիխը ամուսնության բազմաթիվ առաջարկություններներ է ստացել Ռեմարկից, և ամեն անգամ ասել՝ «ոչ». նա նախընտրում էր ազատ կյանքը, սիրավեպերը թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց հետ, «ես նրան գրավիչ չեմ համարում իբրև սիրեկան»,- ասում էր Մառլենը գրողի մասին: Սակայն նրանց սիրավեպի մասին էին գրում բոլոր փարիզյան ամսագրերը: «Սա ուղղակի գովազդ է»,-վստահեցնում էր դերասանուհին ամուսնուն, և կարծես թե չէր ստում:
«Ինձ ձեռնտու էր, որ մեզ միասին էին տեսնում քաղաքում. Գերմանիայում ծնված կինոաստղն ու հաջողակ գերմանացի գրողը: Ես որոշեցի, որ լրատվականների ուշադրությունն ինձ չի խանգարի, բացի այդ ես, միևնույն է, ուրիշ զբաղմունք չունեի»:
Շուտով Ռեմարկը բնակարան է գնում Մառլենի նոր ամերիկյան տան մոտ: Ավելի ուշ Մառլենի դուստրը պատմում է՝ «Նա ապրում էր, որ լսի մայրիկի՝ տանը մոտեցող մեքենայի ձայնը, մայրիկի հեռախոսազանգը, որ նա մենակ է և Ռեմարկը կարող է փողոցն անցնելով առնել մայրիկին իր գիրկը»:
1951թ.-ին՝ կինոաստղի հետ ծանոթությունից միայն 12 տարի անց, Ռեմարկը հանդիպում է դերասանուհի Փոլեթ Գոդարին, որը Չապլինի նախկին կինն էր, ու կարողանում մոռանալ Դիտրիխին:
Ռեմարկը մահացել է սրտի կանգից 72 տարեկան հասակում, 1970 թվականի սեպտեմբերի 25-ին Լոկառնոյում, թաղվել է Շվեյցարիայում…

