Երևանում կստեղծվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա, որն իր տեսակով կլինի Հայաստանում առաջինն ու միակը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցրել է, որ երաժշտական ակադեմիան նորագույն տեխնիկական միջոցներով ու ենթակառուցվածքներով հագեցած, ժամանակակից ու միջազգային պահանջներին համապատասխան կրթամշակութային նոր հաստատություն է լինելու: Այն, վստահաբար, ակտիվ դերակատարություն է ստանձնելու Երևան համայնքի և պատանիների մշակութային կրթության և գեղագիտական դաստիարակության գործում:

Ակադեմիան կգործի նախկին «Կանազ» մշակույթի տան շենքում: «Կանազ» մշակույթի տունը կառուցվել է 1958 թվականին: Շենքի ճարտարապետներն են Սոս Մանուկյանը և Վիլեն Տոնիկյանը։ «Կանազ» մշակույթի տունը չի գործում արդեն մի քանի տասնամյակ: Տարեսկզբին, ավագանու որոշմամբ, շենքը վերադարձվեց Երևան համայնքին:
Նախատեսվում է, որ ակադեմիում կսովորեն Հայաստանից և նաև արտերկրից ժամանած 400 մանուկներ և պատանիներ: Ակադեմիան կգործի երկու հիմնական ուղղությամբ՝ նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար: Երաժշտական նախակրթարանը կընդունի 2-6 տարեկան երեխաներին, որոնց հետ կաշխատեն հատուկ պատրաստում անցած մանկավարժ-մասնագետները: Դպրոցում արդեն կսովորեն 6-16 տարեկանները: Հատուկ կազմված ծրագրով խորացված կրթությանը զուգահեռ երեխաները կներգրավեն տարբեր նվագախմբերում:





