Logo

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտը

17:57 / 18.01.2025Լուրեր
null

Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հունվարի 30-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա բացառիկ համերգային ծրագրով: Մենակատարը աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտն է։ Նրա կատարմամբ կհնչեն Չայկովսկու Ռոկոկո թեմայով վարիացիաները և Սեն-Սանսի Թավջութակի թիվ 2 կոնցերտը: Կհնչի նաև Յոհաննես Բրամսի թիվ 4 սիմֆոնիան:

Գերհարդտը միջազգային կարիերան սկսվել է 1991 թվականին՝ Բեռլինի ֆիլհարմոնիայում։ Գերմանացի թավջութակահարը ելույթ է ունեցել աշխարհի բազմաթիվ առաջատար նվագախմբերի՝ «Royal Concertgebouw Orchestra»-ի, «Berlin Philharmonic»-ի, «London Philharmonic Orchestra»-ի, «Gewandhausorchester Leipzig»-ի, «Symphonieorchester des Bayerischen Rundfunks»-ի, «Tonhalle-Münrich»-ի և Ֆրանսիական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ ԱՄՆ-ում Գերհարդտը ելույթ է ունեցել Բոստոնի և Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբերի, Քլիվլենդի և Նյու Յորքի ֆիլհարմոնիկի և Ֆիլադելֆիայի նվագախմբի հետ։ Նա նաև գործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորների՝ Թոմաս Լարշերի, Բրետ Դինի, Յորգ Վիդմանի, Օսվալդո Գոլիջովի, Մաթիաս Հինքենի և Մաթիաս Պինտշերի հետ:

Գերհարդը արժանացել է 3 «ECHO Klassik» (1998, 2003 և 2009), ինչպես նաև «ICMA» և «MIDEM Classic» մրցանակների։ Ունսուկ Չինի թավջութակի կոնցերտի նրա «DG» ձայնագրությունը 2015-ին արժանացել է «BBC Music Magazine» մրցանակին և նույն թվականին առաջադրվել Գրամոֆոնի մրցանակի։

 

fastnews-ads-banner